Օրուխո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օրուխո
Orujo2.JPG
Ենթատեսակaguardiente? և pomace brandy?
Ծագման երկիրFlag of Spain.svg Իսպանիա

Օրուխո (իսպ.՝ Orujo, աստուրերեն՝ Oruxu, հաճախ` աուգարդիենտե դե օրուխո), ալկոհոլային խմիչք, որ ավանդաբար գործածում են Իսպանիայի հյուսիս-արևմուտքում: Պատրաստվում է գինի պատրաստելուց հետո խաղողից մնացած հումքից: Ալկոհոլի պարունակությունը կազմում է 30-60 %: Խմիչքի որոշ տեսակներ կարող են պահպանվել մի քանի տարի շարունակ: Կան տեսակներ, որ պատրաստվում են խոտաբույսերի, մեղրի, համեմունքների կամ սուրճի հատիկների հավելումով:

Աշխարհագրություն և արտադրության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոտես քաղաքի գլխավոր հրապարակը, որտեղ անցկացվում է Օրուխոյի տոնը

Պատմականորեն օրուխո պատրաստում են Իսպանիայի հյուսիսարևմտյան շրջաններում` Կանտաբրիայում, Գալիսիայում, Աստուրիայում, Կաստիլիա և Լեոնում, սակայն վերջին տասնամյակներում օրուխո պատրաստում են այլ շրջաններում ևս: Օրուխո բառը նշանակում է խաղողի քամուք, խմիչքը հաճախ անվանում են նաև աուգարդիենտե դե օրուխո (իսպ.՝ aguardiente de orujo), բառացի` խաղողի քամուքից ստացված տաք ջուր (ագուարդիենտեն իսպանական թունդ ալկոհոլային խմիչքների տեսակ է, որ պատրաստվում է մրգային հումքից)[1][2][3]:

Հայտնի է, որ միջնադարում օրուխո պատրաստում էին Կանտաբրիայի կաթոլիկ եկեղեցիներում, հատկապես` Լիեբենայում: Այս տեղանքը 21-րդ դարում շարունակում է մնալ օրուխոյի պատրաստման հիմնական վայրերից մեկը, ընդ որում նրա մի մասը նախկինի պես դարձյալ պատրաստվում է եկեղեցիներում: 17-րդ դարում օրուխոյի արտադրությունը լայն տարածում է գտել Գալիսիայում. այնտեղ այն պատրաստել են գյուղացիական տնտեսությունները տնային պայմաններում[2][3]:

Ե'վ Կանտաբրիայում, և' Գալիսիայում օրուխոն էթնոմշակութային կարևոր նշանակություն է ձեռք բերել: Տարբեր շրջանների բնակիչներ մրցակցել են օրուխո պատրաստելու գործում` մշակելով տարբեր բաղադրատոմսեր: Համանման մրցություններ հաճախ տեղի են ունեցել տոնակատարությունների ժամանակ: Այսպես` Պոտես քաղաքում մինչ օրս նոյեմբերին նշվում է Օրուխոյի տոնը (իսպ.՝ Fiesta del Orujo), որի գլխավոր իրադարձությունը խմիչք արտադրողների մրցապայքարն է. հաղթողները որոշվում են խմիչքի ընդհանուր համտեսման արդյունքում[2][3]:

Խմիչքի հեղինակության աճի հետ նրա պատրաստումը վիճարկել են այլ շրջանների բնակիչներ: 20-րդ դարի երկրորդ կեսին Իսպանիայի տարածքի զգալի մասում օրուխո են պատրաստել, սակայն, միևնույն է, նրա հիմնական մատակարարը Գալիսիան էր, ինչը հիմք է տվել տեղի բնակիչներին հայտարարել, որ օրուխոն գալիսիական խմիչք է: 1989 թվականին գալիսիական արտադրողները ստեղծել են հատուկ կարգավորող հանձնաժողով (իսպ.՝ La Denominación Específica Orujo de Galicia), որ սահմանում է խմիչքի պատրաստման տեխնոլոգիան և նրա աշխարհագրական պատկանելությունը: Հանձնաժողովի պահանջների համապատասխան` օրուխո կարող է համարվել Գալիսիայի տարածքում արտադրված խմիչքը[1]: Ամեն դեպքում, օրուխոն իր ավանդական անվամբ շարունակում են արտադրել Իսպանիայի այլ շրջաններում ևս[3]:

Արտադրության տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոտաբույսերից պատրաստված օրուխոյով բաժակ

Օրուխոյի արտադրության համար կիրառվում է խաղողի տարբեր տեսակների մնացորդը` կորիզները, կեղևը, ցողունը: Բաց անոթներում խմորումից հետո խաղողի մնացորդը տեղավորում են մետաղական խորանարդների` ալկիտարների մեջ, որոնք պատրաստվում են պղնձից: Թորելու գործընթացը մեկանգամյա է. տևում է վեց ժամից ոչ պակաս: Այդպիսով օրուխոն տեխնոլոգիապես և բաղադրությամբ շատ մոտ է այլ երկրներում խաղողից պատրաստվող ալկոհոլային խմիչքներին, օրինակ` գրապային, ճաճային, պիսկոյին[2][4]:

Թորման արդյունքում ստացված խմիչքն անգույն է, արտադրական պայմաններում ստեղծված խմիչքը` բացարձակ թափանցիկ: Օրուխոյի որոշ տեսակներ կաղնեփայտե տակառներում պահվում են մի քանի տարի` ձեռք բերելով սաթի կամ ոսկու գույն[2]: Բացի այդ` լայնորեն տարածված է բուրավետ խոտաբույսերից, մեղրից, համեմունքներից, սուրճի հատիկներից օրուխոյի պատրաստումը: Այս դեպքում խմիչքը ձեռք է բերում կանաչի, դեղինի ու շագանակագույնի տարբեր երանգներ[2][3][4]:

Սպիրտի պարունակությունը օրուխոյում ավանդաբար կազմում է 35-50, երբեմն 60 %, սակայն վեչջին տասնամյակներին տարածում են գտել և ավելի թեթև տեսակները[2][3][5]:

2000-ական թվականներին իսպանական ու եվրոպական շուկաներում առավել տարածված են «Ագուարդենտեյրո» (իսպ.՝ Aguardenteiro), «Էլ Աֆիլադոր» (իսպ.՝ El Afilador), «Նավարես» (իսպ.՝ Navarres), «Ռուավիեխա» (իսպ.՝ Ruavieja) ապրանքանիշերի օրուխոները[3]:

Մատուցում և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեյմադայի պատրաստում

Մաքուր ձևով օրուխոն կիրառվում է և' որպես հիմնական խմիչք ուտելիքի հետ, և' որպես դիժեստիվ` ուտելիքից հետո: Օրուխոյի հիմքից պատրաստված տարբեր խմիչքները սովորաբար տրվում են որպես ապերատիվ` ուտելիքից առաջ[2][4]:

Օրուխոն օգտագործում են ինչպես սենյակային ջերմաստիճանի, այնպես էլ սառեցված: Ավանդաբար այն մատուցում են փոքր բաժակներով, սակայն 20-րդ դարի կեսերին ռեստորաններում ու բառերում հաճախ մատուցում են մեծ, ներքևի հատվածում շրջանաձև, վերևի հատվածում փոքր-ինչ լայնացող բաժակներով, որն ընդունված է հատկապես իտալական գրապայի մատուցման պարագայում[1]:

Պատրաստի կեյմադայի լցնում

Բացի այդ` Գալիսիայում կա օրուխոյից կեյմադա պատրաստելու հին ավանդույթ[1][2]: Կավե խոր թասի մեջ լցնում են կիտրոնի կեղև, շաքար և աղացած սուրճ, որի վրա օրուխո են լցնում, ինչից հետո ստացված խառնուրդն այրում են. կրակն աստիճանաբար ստանում է վառ կապույտ գույն: Այրումից հետո ստացված խմիչքը պակաս թունդ է, քան օրուխոն: Այն խմում են տաք վիճակում, սովորաբար կավե կամ ապակյա հատուկ բաժակներով[2][5]:

Համարվում է, որ կեյմադայի ավանդույթը գալիս է կելտիբերների ժամանակից, երբ նման խմիչքի պատրաստումը ծիսական բնույթ է կրել, այդ պատճառով օրուխոյի այրումն ուղեկցվում է ծիսական հատուկ տեքստի արտասանությամբ և երազանքների պահումով. նման ծիսակատարությունները նպաստում են զբոսաշրջիկների շրջանում կեյմադայի հանրահռչակմանը[5]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Osunicos son Espirito Galego» (իսպաներեն)։ La Denominación Específica Orujo de Galicia։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է 23 сентября 2010 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 «Orujo — Traditional Liqueur» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է 23 сентября 2010 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Aguardiente de Orujo from Spain»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է 23 сентября 2010 
  4. 4,0 4,1 4,2 «Орухо (Orujo de Galicia)»։ Энциклопедия алкогольных напитков։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է 23 сентября 2010 
  5. 5,0 5,1 5,2 «Queimada Recipe - Fire Drink of Galicia» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է 23 сентября 2010