Օրգանական գյուղատնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրգանական (էկոլոգիական, կենսաբանական) գյուղատնտեսությունը գյուղատնտեսության վարման համակարգ է, որի շրջանակում տեղի է ունենում սինթետիկ պարարտանյութերի, թունաքիմիկատների, բույսերի աճի խթանիչների, սննդային հավելումների օգտագործման հիմնավորված նվազեցում: Մշակաբույսերի հանքային սննդառությունն ապահովելու, վնասակար օրգանիզմների դեմ արդյունավետ պայքարի միջոցառումներ կազմակերպելու և ակնկալվող բերքատվությունն ավելացնելու համար օրգանական գյուղատնտեսությունում կիրառվում են ցանքաշրջանառություններ, օրգանական պարարտանյութեր (գոմաղբ, կոմպոստներ, բուսական մնացորդներ, սիդերատներ), հողի նվազագույն մշակման համակարգեր և այլն:

Ըստ IFOAM, օրգանական գյուղատնտեսությունն ուղղված է էկոհամակարգերի, նյութերի և տարրերի կենսաերկրաքիմիական շրջապտույտների կայունացմանը և դրանց օպտիմալացումից ստանում է արդյունք: Օրգանական գյուղատնտեսությունը պարտավոր է երկարաժամկետ հեռանկարում պահպանել առողջությունն ինչպես կոնկրետ օբյեկտների, որոնց հետ ունի անմիջական առնչություն (բույսեր, կենդանիներ, հող, մարդ), այնպես էլ ամբողջ մոլորակի:[1]

2007 թվականի տվյալներով Երկրի շուրջ 30,5 մլն հա հողատարածք մշակվում է օրգանական գյուղատնտեսության սկզբունքներով[2], իսկ 2014 թվականին այդ տարածքները կազմել են 43,7 մլն հա, ինչն էլ իր հերթին կազմում է աշխարհի ընդհանուր գյուղատնտեսական նշանակության հողերի 1%-ը: Օրգանական գյուղատնտեսության նշանակության հողերի 43%-ը վարելահողեր են, 41%-ը՝ արոտավայրեր, 12%-ը՝ բազմամյա տնկարկներ, 3%-ը՝ այլ, իսկ 1%-ի վերաբերյալ տվյալներ չկան:[3]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1924 թվականին Ռուդոլֆ Շտայները Կոբերվիցում կարդացել է «Գյուղատնտեսական դասախոսություն»՝ շեշտը դնելով կենսադինամիկ երկրագործության վրա:

Անգլիայում 1940 թվականին առաջին անգամ "օրգանական գյուղատնտեսություն" (organic farming) տերմինը օգտագործել է լորդ Նորտբորնը (Lord Northbourn, Walter Ernest Christopher James):

1972 թվականին Վերսալում հիմնադրվել է Օրգանական գյուղատնտեսական շարժման միջազգային ֆեդերացիան (IFOAM), որի նպատակն էր օրգանական գյուղատնտեսության ինֆորմացիայի տարածումն ու ներդրումը աշխարհի բոլոր երկրներում: 1990-ականների սկզբներից համաշխարհային շուկաներում օրգանական գյուղատնտեսության մասնաբաժինը հասել է տարեկան 20%: ԱՄՆ-ում օրգանական արտադրանքի ծավալները 1994 թվականի 1 մլրդ. ԱՄՆ դոլլարից 2003-ին հասել է 13 մլրդ:

Օրգանական երկրագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանական երկրագործությունը գյուղատնտեսական գործունեության յուրահատուկ համակարգ է, որն առավելապես ներդաշնակ է ագրոէկոհամակարգերին և իրականացվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Օրգանական երկրագործության համակարգում մարդը ոչ թե վերափոխում է բնությունը, այլև ներդաշնակվելով բնական երևույթների հետ, օպտիմալ ձևով օգտագործում է բնական ռեսուրսները, կիրառում ինտնենսիվ ցանքաշրջանառություն` ընդգրկելով բակլազգի մշակաբույսեր: Օրգանական երկրագործության վարման ժամանակ մեծ ուշադրություն պետք է դարձնել հողի բերրիության պահպանման և բարձրացման վրա, իրականացնելով մշակության այնպիսի տեխնոլոգիա, որը կբացառի հողի էրոզիան և կպաշտպանի հողի կառուցվածքը: Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել պարարտանյութերի կիրառման վրա, սակայն պարարտացման քաղաքականությունը պետք է հիմնված լինի մանրէաբանական, բուսական և կենդանական ծագում ունեցող, կենսաբանորեն քայքայվող նյութերի օգտագործման վրա: Այդ նպատակով օգտագործվում է գոմաղբ, թռչնաղբ, կոմպոստ, տորֆ, կենսահումուս, բակտերիական պարարտանյութ, ինչպես նաև բնական հանքատեսակներ, միկրոտարրեր պարունակող պարարտանյութեր և այլն:

Օրգանական երկրագործության նպատակներն են`

  • պահպանել ագրոէկոհամակարգերի կայունությունը` ապահովելով դրանց դինամիկ զարգացումը,
  • հողի արտադրողականության իրացմանը զուգահեռ պահպանել և բարձրացնել դրա բերրիությունը,
  • նպաստել միջավայրի կենսաբազմազանության պահպանն ու վերականգնմանը,
  • պաշտպանել շրջակա միջավայրը տեխնածին աղտոտումից,
  • բացառել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների բուծումը,
  • նվազեցնել անթրոպոգեն էներգիայի ծախսումները,
  • ստանալ էկոտոքսիկոլոգիական նորմատիվներին համապատասխանող սննդամթերք,
  • արտադրել երաշխավորված բարձր, էկոլոգիապես անվտանգ և կայուն բերք:

Օրգանական երկրագործության հիմնական սկզբունքներն են`

  • առավել լավ հարմարված բույսերի տեսակների և սորտերի ընտրում, ինչպես նաև մարդկանց գործունեությամբ, կենսաբազմազանության պահպանման համար նպաստավոր միջավայրի ձևավորում,
  • բնական ճանապարհով (ցանքաշրջանառության կիրառում, օրգանական պարար-տացում, հողատարման դեմ պայքարում` անտառաշերտերի ստեղծում և այլն),

հողի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական կազմի բարելավում, հողի բերրիության պահպանում, բարձրացում,

  • գյուղատնտեսական մթերքի վերամշակման այնպիսի եղանակների և տեխնոլոգիաների ընտրություն, որոնք կապահովեն դրանց կենսաբանական արժեքի առավելագույն պահպանումը,
  • շրջակա միջավայրի աղտոտման և սինթետիկ նյութերի օգտագործման բացառում, գյուղատնտեսական գործունեության ընթացքում էկոանվտանգ և ռեսուրսապահպան տեխնոլոգիաների կիրառում,
  • բուսաբուծության, անասնաբուծության, մեղվաբուծության և գյուղարտադրության բոլոր ոլորտների հնարավոր շղթայում,
  • հորմոնների, սինթետիկ խթանիչների, ինչպես նաև գենետիկորեն վերափոխված օրգանիզմների, իոնային ճառագայթման մեթոդների կիրառման բացառում:

Որպես ագրոկենսաբազմազանության մաս՝ օրգանական երկրագործությունում ներառված են հողի կենսաբանական կազմը՝ հատկապես ֆոտոսինթեզող, քեմոսինթեզող, ազոտ ֆիքսող բակտերիաները, (ավտոտրոֆ միկրոօրգանիզմներ), որոնցից սկսվում է հողառաջացումը, օրգանական նյութերը տարրալուծող, հանքայնացնող բակտերիաները, սկները և այլ օրգանիզմներ, որոնք անփոխարինելի նշանակություն ունեն հումուսագոյացման պրոցեսում: Ագրոնոմիական տեսակետից հողում մեծ նշանակություն ունեն նաև անձրևաորդերը, բույսերի կենդանի արմատային համակարգը: Բոլոր նշված գործընթացները ապահովում են ագրոկենսաբազմազանությունում ընդգրկված այլ օրգանիզմների՝ բույսերի, միջատների, կենդանիների աճն ու զարգացումը: Իր հերթին ագրոկենսաբազմազանությունը հանդիսանում է կենսաբազամազանության ձև՝ իր որոշակի առանձնահատկություններով ու ընդհանրություններով:

Օրգանական երկրագործության զարգացմանը խոչընդոտում են`

  • ՀՀ-ում և Արցախում անկանոն շահագործվող հանքեր (400 և ավելի), դրա արդյունքում գոյացող պոչամբարներ:
  • Մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումներ, ջրային ռեսուրսների աղտոտումներ:
  • Ռադիացիոն ֆոնի նորմայից բարձր շեղումներ:
  • Ժամանակակից տեխնոլոգիաների և հետազոտությունների սակավություն:
  • Սեփականաշնորհված հողատարածքների կտրտվածություն, մինչդեռ օրգանական գյուղատնտեսությունը պահանջում է արտադրության համակարգային լուծումներ` ամբողջական լանդշաֆտների ներառմամբ:
  • Օրգանիկ մթերքի կայուն պահանջարկ:

Օրգանական երկրագործությունում բույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարը պետք է վերահսկվեն հետևյալ միջոցառումներով կամ դրանց համակցություններով`

  • տեղային պայմաններին համեմատաբար դիմացկուն սորտերի և տեսակների ընտրություն,
  • պրոֆիլակտիկ (նախազգուշական) պայքարի միջոցառումներ, որոնք կներառեն բացառապես էկոանվտանգ տեխնոլոգիաներ,
  • ցանքաշրջանառությունների կիրառում՝ որպես վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր մոտեցում,
  • հողի մշակման այնպիսի համակարգի կիրառում, որը կներառի մեխանիկական պայքար մոլախոտերի և այլ վնասակար օրգանիզմների դեմ,
  • վնասատուներին ոչնչացնող բնական գիշատիչների, մակաբույծների պահպանում, և ըստ անհրաժեշտության` ներմուծում ու տարածում,
  • էկոհամակարգերի բազմազանության ստեղծման համար բուֆերային գոտիների, ագրոանտառային համակարգերի հիմնում,
  • կենսաբանական պատրաստուկների և տարբեր բույսերից, քարի փոշուց, հանքատեսակներից ստացված նյութերի կիրառում,
  • ֆիզիկական կամ մեխանիկական վերահսկում` ներառյալ թակարդներ, լույս, ձայն,
  • ախտահանում գոլորշով, կենսաբանական պատրաստուկներով:

Մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանական գյուղատնտեսության մեթոդները ներառում են կենսաբանական ներդաշնակման սկզունքների կիրառում:

  • արհեստական հումքով և գործարանային երկար մշակում ստացած պարարտանյութերի, պեստիցիդների և հակաբիոտիկների բացառում,
  • կենդանական և բուսական մնացորդների կիրառում՝ որպես պարարտանյութ,
  • հողի հատկությունների բարելավման համար ցանքաշրջանառությունների ներդրում,
  • վնասակար օրգանիզմների դեմ բույսերի պաշտպանության կենսաբանական եղանակների՝ այդ թվում պեստիֆագերի կիրառում,
  • երկրագործություն-անասնապահություն փակ շղթայի ձևավորում (բուսաբուծություն — անասնակեր, անասնապահություն — պարարտանյութ)[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]