Վնասակար օրգանիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բվիկի թրթուրը խորդենու վրա

Վնասակար օրգանիզմ — օրգանիզմ, որը վնասում է մարդուն կամ նրա շահերին (հիմնականում գյուղատնտեսությունում)[1]։ Բնական էկոհամակարգերում վնասակար օրգանիզմ բնորոշում գոյություն չունի, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ բնական հավասարակշռության գործում ունի իր նշանակությունը, և այս տերմինը կիրառելի է միայն մարդու կողմից վերափոխված համակարգերում՝ ագրոէկոհամակրգերում, որտեղ մարդն է բուծում իրեն անհրաժեշտ օրգանիզմները։ Մարդու կամքից անկախ ցանկացած օրգանիզմի առկայությունը ագրոէկոհամակարգերում անցանկալի է։ Ագրոէկոհամակարգերում վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների բացակայության դեպքում վերջիններս զգալի և հաճախ անշրջելի վնաս են պատճառում, քանի որ այստեղ մարդու կողմից բուծվող օրգանիզմը, որը սնունդ է հանդիսանում վնասակար օրգանիզմների համար, բավականին շատ է, խիտ, և չկա վնասակար օրգանիզմի բազմացումն ու տարածումը խոչընդոտող որևէ գործոն։

Վնասակար օրգանիզմ[2] (բույսերի պաշտպանությունում) — ըստ Կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին Միջազգային կոնվենցիայի, դա կենդանիների կամ հիվանդածին մանրէների ցանկացած տեսակի, ցեղի կամ բույսերի կենսատիպ է, որը կարող է վնասել բույսերին կամ դրանց արտադրանքին (անգլ.: Pest organism). Վնասակար օրգանիզմների դեմ իրականացվում են կարանտին կամ պայքարի միջոցառումներ։

Բույսերի պաշտպանությունում վնասակար օրգանիզմները սովորաբար բաժանվում են բույսերի վնասատուների  (ողնաշարավորներ և անողնաշարավորներ), հիվանդությունների հարուցիչների և  մոլախոտերի։ Գյուղատնտեսությանը ամենից շատ վնասում են մոլախոտերը, այնուհետև միջատները, տզերը և միկրոօրգանիզմները (սնկեր, բակտերիաներ, վիրուսներ)։

Վնասակար օրգանիզմների դեմ պայքարում են ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ եղանակներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Miriam-Webster dictionary, accessed 22 August 2012.
  2. Международная конвенция по карантину и защите растений (новый пересмотренный текст, принятый на 29-й сессии Конференции ФАО*, ноябрь 1997 г.