Jump to content

Օրբելի եղբայրների տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրբելի եղբայրների տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան և վանական համալիր
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԾաղկաձոր[1]
Կազմված էՕրբելի եղբայրների հուշարձան
ՀասցեՕրբելի եղբայրների թանգարան (12)[2]
Հիմնադրվել է1972
Կայքorbelimuseum.am
Քարտեզ
Քարտեզ

Օրբելի եղբայրների տուն-թանգարան, 1972 թվականին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հուլիսի 21-ի թիվ 43 որոշմամբ Օրբելի եղբայրների հիշատակը հավերժացնելու նպատակով՝ տունը, որտեղ ծնվել է ակադեմիկոս Լևոն Օրբելին, վերածվել է տուն-թանգարանի։

Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը բացվել է 1982 թվականի հուլիսի 6-ին՝ ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակի միջոցառումների շրջանակում։ Տուն-թանգարանի նպատակն է պահպանել և սերունդներին փոխանցել այն հոգևոր արժեքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են Օրբելի եղբայրների անվան հետ։ Թանգարանը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրբելի եղբայրների տուն-թանգարանի շենքը

Թանգարանն ունի շուրջ 2000 մշակութային արժեքների հարուստ հավաքածու՝ գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային առարկաներ։ Թանգարանը ստեղծվել է աշխատակիցների ջանքերով և հատկապես Օրբելի եղբայրների հարազատների, բարեկամների, աշակերտների օժանդակությամբ, որոնք նվիրաբերել են թանգարանին նրանց վերաբերող բազմաթիվ նյութեր։ Դրանք հիմնականում ձեոք են բերվել Սանկտ Պետերբուրգ քաղաքից։

Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից՝ գիտական և հուշային։ Սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին՝ գիտական և հասարակական գործունեությունը։

Թանգարանի երեք հուշասենյակներում ցուցադրված է Օրբելի եղբայրների աշխատասենյակների կահույքը՝ գրասեղանը, բազմոցը, բաղկաթոռը, գաղտնապահարանը, ինչպես նաև գրքերը, անձնական իրերը, ձեռագրերը, լուսանկարները, փաստաթղթերը և կենցաղային առարկաները։

Մոր ննջասենյակը

Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում գրադարանը, որն ամփոփում է հայերեն հին հրատարակություններ, ինչպես նաև օտար լեզուներով՝ ռուսերենով, գերմաներենով, իտալերենով գրքեր, որոնցից շատերը կրում են Օրբելիների կողմից արված նշումներ։ Այստեղ են պահվում նաև նրանց կողմից հրատարակված աշխատությունները։ Թանգարանում կան գրաֆիկական և յուղաներկ նկարներ, ինչպես նաև յուրահատուկ տեխնիկայով բարդու աղվամազից պատրաստված դիմանկարներ։ Լուսանկարների հարուստ ֆոնդը վառ պատկերացում է տալիս Օրբելի եղբայրների և նրանց ժամանակակիցների մասին, իսկ կենցաղային զանազան իրերը նրանց ապրած կյանքի և նախասիրությունների լուռ վկաներն են։

Թանգարանի հարևանությամբ է գտնվում Օրբելի եղբայրների հուշաքանդակը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան, ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան

Միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում կազմակերպվում են հոբելյաններ, ժամանակավոր ցուցադրություններ, բաց դասեր, գրքերի շնորհանդեսներ, ինչպես նաև գիտական ընթերցումներ, հուշ-երեկոներ նվիրված Օրբելի եղբայրներին, որի ընթացքում հնչում են Օրբելիների սիրած մեղեդիները, ընթերցվում են հատվածներ նրանց նամակներից[3]։ Այս միջոցաոումներին մասնակցում են քաղաքի միջնակարգ և արվեստի դպրոցների սաները, հրավիրվում են հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ։

Թանգարանը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների փողոցի 12 հասցեում։


Սենյակ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում
Սենյակ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում


Սենյակ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում
Սենյակ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 6.5/4

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]