Օտարագիր հայ գրողներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օտարագիր հայ գրողներ, Սփյուռքում հայ գրողների մի մասի ստեղծագործության լեզուն օտար է։ Ավանդաբար առաջին օտարագիր հայ գրողը համարվում է Խաչատուր Ոսկանը։ Օտարագրությունը «մայր» մշակույթի պատմության մի մասն է. այն մի երևույթ է, որ արտաքուստ «յուրային» չէ, սակայն ունի ազգային արմատներ։ Օտարագիր հայ գրողներին հետաքրքրել են սեփական ժողովրդի ճակատագիրը, Մեծ եղեռնը, ազգային արմատների ու դիմագծի որոնումը։

Անգլերեն են ստեղծագործել Մայքլ Առլենը («Այս հմայիչ մարդիկ», 1924 թ., «Կանաչ գլխարկը», 1924 թ., «Լեդի Քրիսթին», 1928 թ.), մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը («Ձեր կյանքի ժամանակը», 1939 թ., Պուլիցերյան մրցանակ, «Անունս Արամ է», 1940 թ., «Կոտորածն մանկանց», 1952 թ., «Հայրիկ, դու խենթ ես», 1956 թ., «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», 1957 թ., «Վայրեր, որտեղ ես եղել եմ», 1972 թ., «Պատահական հանդիպումներ», 1977 թ., և այլն), Լևոն-Զավեն Սյուրմելյանը («Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ», 1945 թ., «98,6°», 1950 թ.), Փիթր Սուրյանը («Միրի», 1957 թ., «Դարպասը», հայերեն թարգմանություն՝ 2011 թ.), Մայքլ Առլեն Կրտսերը («Աքսորականներ», 1970 թ., «Հայկական մի դատավճիռ», 1973 թ., «Ուղևորություն դեպի Արարատ», 1975 թ., «Հայկական օրագրություն», 1991 թ., հայերեն հրատարակված՝ «Դեպի Արարատ», 2000 թ.), Դայանա Տեր-Հովհաննիսյանը («Ինչպես ընտրես քո անցյալը», 1978 թ., «Ժամանակի մասին», 1987 թ., «Հացի երգը, աղի երգը», 1990 թ.), Փիթր Բալաքյանը («Պայծառության տխուր օրեր», 1983 թ., «Ճակատագրի սև շունը», 1998 թ.), ֆրանս. և ռուսումնական՝ Անրի Թրուայան («Սարդը», «Ձկնորսանոց», երկուսն էլ՝ 1938 թ., Գոնկուրյան մրցանակ՝ 1938 թ., «Քանի աշխարհը կա», հ. 1-3, 1947-1950, «Սգավոր ձյունը», 1952, «Արդարների լույսը», հ. 1-5, 1955-1962, «Մոսկվացին», հ. 1-3, 1974-1975), ֆրանս.՝ Ռուբեն Մելիքը («Աշխարհին համերաշխություն», 1946 թ., «Հորիզոն անցնողները»," 1948 թ., Ապոլիների մրցանակ, «Ուր արյուն է հոսել», 1955 թ., «Միացյալ երգը», հ. 1-2, 1960-1967 թթ., Ֆրանսիայի ակադեմիայի Մեծ մրցանակ, «Մարմին ինձնով կենդանի», 1976 թ., ֆրանսիական գրողների մրցանակ, «Թափոր», 1984 թ.), Վահե Քաչան («Ակն ընդ ական», 1955 թ., «Կարթ», 1957 թ., «Սեղմված բռունցքներ», 1958 թ., «Արարչի ութերորդ օրը», 1960 թ., «Գիշատիչների խնջույքը», 1960 թ., «Գավազան», 1961 թ., «Հրեայի մահը», 1968 թ., «Աղմուկ, որ լսվում էր», 1979 թ.), բուլղ.՝ Սևդա Սևանը («Քար քարի վրա», 1974 թ., «Ռոդոսթո, Ռոդոսթո...», 1983 թ., «Որևէ տեղ Բալկաններում», 1987 թ., «Տեր-Ձոր», 1996 թ.), իսպաներեն, անգլերեն և հայերեն՝ Ալիսիա Կիրակոսյանը («Մեկ օր, հինգ ձայն», 1966 թ., «էություն և կետադրություն», 1967 թ., «Հակակշիռ», 1972 թ., «Մոխիրներից հետո և նամակ առ Հայաստան», 1972, «Անդենական զրույցներ», 1992 թ., «Ամբողջական երկեր», 2005 թ., և այլն ), իտալ.՝ Անտոնիա ԱրսլանըՄուտքագրեք չձևավորված տեքստը այստեղ («Արտույտների ագարակը», 2004 թ.) և ուրիշներ։

Օտարագիր հայ գրողների համար կազմակերպվել են համաժողովներ [1-ին (2005 թ.), 2-րդ (2007 թ.), 4-րդ (2011 թ.), բոլորն էլ՝ Երևանում, 3-րդը՝ Լոս Անջելեսում (2009 թ.), որոնց մասնակցել են տարբեր երկրներում ստեղծագործող գրողներ և թարգմանիչներ։ Նրանք մեծ ներդրում ունեն հայ գրականությունը, հայկական իրողություններն օտար երկրներում ներկայացնելու, ազգային ինքնության պահպանման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։