Քույր ու եղբայր
Քույր ու եղբայր գերմ.՝ Brüderchen und Schwesterchen | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ժողովրդական հեքիաթ և հեքիաթ |
Հեղինակ | Գրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ |
Երկիր | Գերմանիա |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Հրատարակվել է | 2024 |
Brother and Sister (fairy tale) |
«Քույր ու եղբայր» (գերմ.՝ Brüderchen und Schwesterchen) ժողովրդական հեքիաթի սյուժե, հայտնի է Եվրոպայում, Ամերիկայում և Մերձավոր Արևելքում։ Հեքիաթների սյուժեների Աարնե-Թոմփսոնի դասակարգման համակարգում կրում է 450 համարը և «Եղբայրը քրոջ հետ ճանապարհ գնալիս ջուր է խմում այծի կճղակի տեղից և վերածվում ուլիկի, քույրն ամուսնանում է, կախարդը նրան ջրասույզ է անում ու փոխում (իր կամ իր դստեր հետ), իսկ ուլիկին ցանկանում է մորթել, ամեն ինչ բացահայտվում է» նկարագրությունը[1]։
Գրիմ եղբայրների «Քույր ու եղբայր» հեքիաթը, որը ներառված էր 1812 թվականի հեքիաթների առաջին հրատարակության առաջին հատորում, պատմում է տնից իրենց վհուկ խորթ մոր պատճառով հեռացած երեխաների, հետագայում նրանց կրած դժվարությունների մասին և այն մասին, թե ինչպես է եղբայրը դարձել եղջերու (ուլիկ), իսկ քույրն ամուսնացել թագավորի հետ։ Հեքիաթասացների տրամադրության տակ եղել է սյուժեի զարգացման երկու տարբերակ. մեկում եղբայրը վերածվում է եղջերուի ձագի, մյուսում՝ ուլիկի։ Երկրորդ հրատարակության մեջ (1819) հեքիաթը լրացվել է այլ տարբերակներով, եղբայրը դարձել է այծիկ։ Հեքիաթին մոտ է «Հենզելն ու Գրետելը»[2]։ Այս սյուժեն հայտնի է նաև Ալեքսանդր Աֆանասևի «Ռուսական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուի «Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան» հեքիաթով։
Գերմանական հեքիաթի սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորթ մոր տանը եղբոր ու քրոջ կյանքը դառնում է անտանելի, և նրանք որոշում են հեռանալ։ Դաշտերում և անտառներում թափառելիս նրանց տանջում են հոգնածությունը, քաղցն ու ծարավը։ Բայց չար վհուկ խորթ մայրն այժմ էլ երեխաներին հանգիստ չի թողնում և նրանց ճանապարհի աղբյուրները կախարդում է։ Եղբայրն անտանելի ծարավել էր, բայց զգոն քույրը երկու անգամ նրան հետ է պահում, քանի որ, այդտեղից ջուր խմելով, կարող էր վայրի կենդանիների վերածվել. առաջին աղբյուրից խմելով՝ վագր կդառնար, երկրորդից՝ գայլ։ Բայց երրորդ աղբյուրի մոտ ծարավը հաղթում է եղբորը, և քույրը ոչինչ չի կարողանում անել։ Խմելով ջուրը՝ եղբայրը եղջերու է դառնում։
Քույրն ու նրա սիրելի եղբայր եղջերուն բնակություն են հաստատում անտառի խորքում գտնվող լքված տնակում և այնտեղ ապրում մեն-մենակ, միմյանց հետ հաշտ ու համերաշխ։ Բայց ահա մի անգամ այդ անտառում սկսվում է արքայական մեծ ու աղմկոտ որս, և եղբայրը, որը շատ քիչ զվարճանքներ ուներ, քրոջը խնդրում է դիտել այդ որսը կամ նույնիսկ մասնակցել դրան, քանի որ նա իրեն եղջերու էր զգում։ Քույրը եղբորը թույլ է տալիս, բայց հրամայում է երեկոյան վերադառնալ և դուռը թակել՝ արտասանելով «Քույրիկ, ներս թող ինձ» բառերը, իսկ ինքը փակվում է տնակում։ Իհարկե, որսորդներն ու թագավորը նկատում են երիտասարդ ու աշխույժ եղջերուին, բայց բռնել չեն կարողանում։ Երեկոյան եղջերուն ապահով վերադառնում է քրոջ մոտ։ Երկրորդ օրը որսը կրկնվում է, և եղջերուն կրկին չի կարողանում նստած մնալ։ Բայց այս անգամ նրան վիրավորում են ու հետապնդում։ Եղբոր ու քրոջ բոլոր գաղտնիքներն ու գաղտնաբառերը փոխանցում են թագավորին։ Որսորդության երրորդ օրը, մինչ որսորդները հետապնդում էին եղջերուին, թագավորը գաղտագողի գնում է անտառի տնակ և թակելով՝ արտասանում «Քույրիկ, ներս թող ինձ» կախարդական խոսքերը։ Քույրը վախենում է՝ շեմին եղբոր փոխարեն անծանոթ տղամարդու տեսնելով։ Իսկ թագավորը, իհարկե, սիրահարվում է հմայիչ աղջկան և առաջարկում դառնալ իր կինը։
Թագուհի քույրն ու եղջերու եղբայրն սկսում են ապրել ամրոցում՝ շրջապատված սիրով ու լիակատար գոհունակությամբ։ Չար խորթ մայրն ու նրա դուստրն իմանում են այդ մասին, և նախանձը համակում է նրանց։ Երբ թագուհին երեխա է ունենում, վհուկը սպասավորի կերպարանքով ամրոց է թափանցում։ Նա թուլացած թագուհուն փակում է լոգարանում և այնտեղ դժոխային կրակ վառում, իսկ նրա փոխարեն անկողնում պառկեցնում իր աղջկան՝ թագավորին չթողնելով նրա մոտ։ Սակայն մահացող թագուհին մի քանի գիշեր հայտնվում է իր երեխայի օրորոցի մոտ, նրան խնամում, շոյում եղջերուին ու անձայն հեռանում։ Վերջին գիշերը նրան ճանաչած թագավորը գնում է նրա հետևից, հետը խոսում, և թագուհին վերակենդանանում է։ Վհուկն ու նրա դուստրը մահապատժի են ենթարկվում, ինչի շնորհիվ նրանց կախարդանքը վերանում է, և եղջերուն նորից մարդ է դառնում։
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 – Brüderchen & Schwesterchen [Քույր ու եղբայր] – Գերմանիա (ռեժիսոր՝ Wolfgang Eissler/Վոլֆգանգ Էյսլեր), ֆիլմ-հեքիաթ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hunter, Allan (2010), Princes, Frogs, and Ugly Sisters: The Healing Power of the Grimm Brothers' Tales, Findhorn Press (UK), ISBN 978-1-84409-184-3
- Swann Jones, Steven (1995), The Fairy Tale: The Magic Mirror of Imagination, Twayne Publishers, ISBN 978-0-8057-0950-6
- Tatar, Maria (2004), The Annotated Brothers Grimm, W.W. Norton & Co., ISBN 978-0-393-05848-2
- Zipes, Zipes (2003), The Brothers Grimm: From Enchanted Forests to the Modern World (2nd ed.), Palgrave Macmillan, ISBN 978-0-312-29380-2
- Будур Н. В. Аленушка и Иванушка // Сказочная энциклопедия / общ. ред. Н. В. Будур. — М.: Олма-Пресс, 2005. — С. 15. — ISBN 5-224-04818-4.
- Иванова Э. И. Братец и сестрица // Сказочная энциклопедия / общ. ред. Н. В. Будур. — М.: Олма-Пресс, 2005. — С. 60. — ISBN 5-224-04818-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brother and Sister at SurLaLune Fairy Tales Արխիվացված 2007-12-15 Wayback Machine – Annotated version of the fairy tale.
- "A Matter of Seeing," an article by Ellen Steiber
- Brother and Sister in Andrew Lang's The Red Fairy Book (1890)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քույր ու եղբայր» հոդվածին։ |