Քանդակազարդում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քանդակազարդում, դեկորատիվ արվեստի հնագույն և բոլոր երկրներում առավել տարածված տեսակներից, տաշելու, կոփելու, կռելու, տրամաքանդակազարդելու, վերադրելու, փորագրության, դրվագման, ծեփման և այլ տեխնիկաներով փայտից, քարից, ոսկրից, կավից, թրծակավից, մետաղներից և այլ նյութերից զարդաքանդակներ ստեղծելու արվեստը։ Քանդակազարդումը քանդակագործության ուրույն բնագավառներից է։ Կիրառվում է կենցաղային առարկաները զարդարելու, կառույցները, կոթողները, տապանաքարերը, խաչքարերը, մատյանների կազմերը, գրակալները են հարդարելու համար։ Լինում է հարթաքանդակ, խորաքանդակ, բարձրաքանդակ կամ դրանց համադրությամբ։ Երբեմն քանդակազարդումն է համարվում փոքրաչափ բոլորաքանդակը (արձանիկ)։ Քանդակազարդման ինքնուրույն ասպարեզ է գլիպտիկան։ Քանդակազարդմամբ ստեղծվում են նաև խեցեղեն առարկաներ (տես խեցեգործություն), զարդեր (տես Ոսկերչություն)։ Քանդակազարդ կերվածքները երբեմն ներկում, լաքում, հղկում, ոսկեզօծում են։ Քանդակազարդելիս կիրառում են և՛ փափուկ, և՛ կարծր նյութեր ու ըստ այդմ՝ համապատասխան եղանակով գեղարվեստական մշակման համար անհրաժեշտ գործիքներ (մուրճ, բրիչ, զանազան դուրեր, շաղափ, ծեփակ, մեխանիկական, Էլեկտրական գործիքներ են)։ Քանդակազարդման մասին տես նաև կահույք, ստեղծագործություն ժողովբդական, խաչքար, զարդարվեստ հոդվածները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։