Փուլի
փուլի | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Այլ անուններ | Հունգարական ջրաշուն Հունգարական հովվաշուն փուլի |
Բնաշխարհ | Հունգարիա |
Առանձնահատկություններ | |
Զանգված արու | 13-15 կգ |
Զանգված էգ | 10-13 կգ |
Հասակ արու | 39-45 սմ |
Հասակ էգ | 36-42 սմ |
Գույն | սև, սև ժանգակարմիր կամ մոխրագույն երանգով, մոխրագույն, մարգարտասպիտակ |
Կյանքի տևողություն | 12-13 տարի |
Կյանքի տևողություն | 12-13 տարի |
Դասակարգում և տեսականմուշ | |
FCI | Խումբ 1 Բաժին 1 #55 |
Շուն (Canis lupus familiaris) |
Փուլի, կամ հունգարական ջրաշուն[1], կամ հունգարական հովվաշուն փուլի[2] (հունգ.՝ puli), հովվաշան ցեղատեսակ, միջնադարում հայտնաբերվել է Հունգարիայում։ Արտաքնապես նման է փոքր կոմոնդորի[3][4]։
Ցեղատեսակի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փուլին առաջացել է Չինաստանի արևմուտքում և ընդհանուր արմատներ ունի տիբեթական տերիերի հետ։ Թերևս այդ շների նախնիները, հաղթահարելով ասիական բարձրությունները, քոչվոր ավարների հետ հասել են ժամանակակից Հունգարիայի տարածք։ Բայց ավանդաբար վարկած է ընդունվում նաև այն, որ փուլիի նախնիները Հունգարիա են բերվել 18-րդ դարում կումանների կողմից[5]։ Հունգարական գրականության մեջ «փուլի» անվանումն ի հայտ է եկել 1751 թվականին[2][3]։
Շների ցուցահանդեսում փուլին առաջին անգամ ցուցադրվել է Բուդապեշտում 1923 թվականին[6]։ 1936 թվականին ցեղատեսակը ընդունվել է Ամերիկյան շնաբուծության ակումբ[7], 1948 թվականին՝ ամերիկյան Շնաբուծության միացյալ ակումբ (UKC)[6], իսկ 1954 թվականին՝ Կինոլոգիական միջազգային ֆեդերացիա (FCI), որտեղ դասակարգված է հովվական և սկոտոգոնյան շների խմբում, հովվաշների բաժանմունքում[8]։
Սկզբում փուլիներն օգտագործվում էին ոչխարների հոտերը պաշտպանելու համար, սակայն ժամանակի ընթացքում նրանք սկսեցին օգտագործվել որպես հրացանավարժ շուն[4]։ Շատ հայտնի են ինչպես իրենց հայրենիքում, այնպես էլ Եվրոպայի մյուս երկրներում։ Եվրոպական և ամերիկյան մայրցամաքներում կան Ազգային ցեղատեսակների ակումբներ։ Փուլին առաջին անգամ Ռուսաստան է բերվել 20-րդ դարի կեսերին[2]։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին չափի, ամուր մարմնակազմվածքով և քառակուսի ձևաչափով, խիտ, բավականին գանգուր և իրար միահյուսված բրդով, աչքերը գրեթե ամբողջությամբ ծածկված շուն է։ Մեջքին թեքված փափկամազ պոչը հետնաբաշից գավակը վեր բարձրացող գծի տպավորություն է ստեղծում[9]։
Գանգը փոքր է և նուրբ, առատ մազերի պատճառով գլուխը թվում է կլոր։ Դունչը սուր չէ, նրա երկարությունը գլխի երկարության երրորդ մասն է կազմում, ճակատից դնչի անցումը թույլ է, քիթն ուղիղ է։ Աչքերը փոքր-ինչ ծուռ են, մուգ շագանակաույն, աշխույժ և խելացի արտահայտությամբ։ Ականջները V-աձև են, կախված, լայն հիմքերով և կլոր ծայրերով։ Պարանոցն ամուր է, մկանուտ[1][9]։
Մեջքն ուղիղ է, ուժեղ, մկանուտ, գոտկատեղը կարճ է, գավակ՝ մի փոքր հակված։ Կրծքավանդակը խորն է, լավ կլորացված կողոսկրերով։ Պոչը ծածկված է հաստ բրդով։ Վերջույթներն ամուր են և մկանուտ, ոտքերը կարճ են, կլոր, ճիրանները հիմնականում սև են, բարձիկները մուգ են և առաձգական[9]։
Խիտ, մինչև գետին կախված մազերն ամբողջությամբ ծածկում են շանը՝ թույլ չտալով որոշել նրա ուրվագիծն ու ձևը։ Մորթին կազմված է կոշտ ծածկույթային մազերից և ավելի բարակ բրդատակի աղվամազից, որոնց ճիշտ, գենետիկորեն կանխորոշված հարաբերակցությունը շանը տալիս է էսթետիկ տեսք և հեշտացնում մորթու խնամքը։ Ամենաերկար մազերը ծածկում են մեջքը, գավակը և ազդրի ներսի մասը, դրանց երկարությունը կազմում է 20-30 սմ։ Այդ տեսակի ծածկույթը բնորոշ է միայն հասուն շներին, ձագերն ունեն փափուկ, մի փոքր ալիքավոր մորթի։ Գունավորումը սև է, սև՝ մի փոքր ժանգակարմիր կամ մոխրագույն երանգով, ցանկացած երանգի մոխրագույն, մարգարտասպիտակ։ 20-րդ դարի առաջին կեսին իդեալական էր համարվում սև գույնը, այնուհետև ավելի հայտնի դարձավ սպիտակը։ Ցուցահանդեսներում փուլիի սպիտակ և մյուս գունավորումները գնահատվում են տարբեր դաշտերում[1][2][3][4][9]։
Արու շան հետնաբաշի երկարությունը 39-45 սմ է, էգինը՝ 36-42 սմ, իդեալական է համարվում համապատասխանաբար 41-43 սմ և 38-40 սմ հասակը։ Արուի զանգվածը 13-15 կգ է, էգինը՝ 10-13 կգ[9]։
Խառնվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր բնույթով շատ խելացի, հնազանդ, մեղմ և ակտիվ շուն է, լավ հասկանում է տիրոջը, որին շատ է կապվում։ Ունի պաշտպանական հոյակապ հատկանիշներ, չնչին կասկածելի ձայնի դեպքում հաչում է, տիրոջը պաշտպանելիս ագրեսիվ է և անվախ, սակայն շների ու ընտանի մյուս կենդանիների հետ հարաբերություններում ագրեսիա չի դրսևորում։ Ձագերին վարժեցնել պետք է սկսել վաղ տարիքից և դա պետք է անել նրբորեն, առանց զայրանալու, ձայնը բարձրացնելու և պատժելու[1][2][3][4]։
Որպես հովվաշուն՝ դիմացկուն է և ոչ պահանջկոտ, հսկում է հոտը՝ ցատկելով ոչխարների մեջքին կամ թռչելով նրանց վրայով[1][10]։ Նրան կարելի է օգտագործել պայթուցիկ նյութերի որոնման ժամանակ, երկու համաշխարհային պատերազմների ընթացքում Հունգարիայում օգտագործվել է ոստիկանական ծառայության մեջ։ Փուլին դինամիկ է և ընկալունակ, հեշտությամբ սովորում է ամեն մի նորին, սիրում է արգելքների հաղթահարումով շարժումը, այդ պատճառով էլ այս շան հետ հետաքրքիր է զբաղվել կինոլոգիական այնպիսի մարզաձևերով, ինչպիսիք են աջիլիթին, դոգ-ֆրիզբին և ֆրիսթայլը[2]։
Առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ցեղատեսակի ներկայացուցիչներն ունեն գերազանց առողջություն։ Գենետիկական հնարավոր հիվանդություններից են էնդոկրին համակարգի (հիպոթիրեոզ), մաշկի և լորձաթաղանթի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի, աչքերի (ցանցաթաղանթի դիսպլազիա) և կմախքի (պոչի կրճատություն, ազդրի բնածին հոդախախտ, ոչ լրիվ ատամներ) հիվանդությունները։ Կարող են ունենալ մաշկաբորբի և սրտանոթային հիվանդություններ։ Սննդի նկատմամբ պահանջկոտ չեն և հակում չունեն ալերգիաների նկատմամբ, այդ պատճառով էլ կարող են սնվել ինչպես բնական, այնպես էլ պատրաստի արդյունաբերական կերերով։ Կյանքի միջին տևողությունը 12-13 տարի է[2][4][11]։
Կերակրումն ու խնամքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Փուլիի ոչ մեծ չափերը հնարավորություն են տալիս նրան պահել քաղաքային բնակարաններում։ Նրանք արագ և հեշտությամբ հարմարվում են գոյության պայմանների փոփոխություններին։ Նրանց դռեդլոկը, ձևավորելով յուրահատուկ միկրոկլիմա, հուսալիորեն պաշտպանում է ցրտից, ջերմությունից և տոթից՝ շանը հնարավորություն տալով հարմարավետ զգալ փողոցում և շինություններում։ Փուլիները լավ հարմարվում են բոլոր տարիքի մարդկանց հետ, ներառյալ երեխաների, նրանք շատ են սիրում գտնվել ուշադրության կենտրոնում։ Այսպիսի շները հարմար են այն մարդուն, որը նախընտրում է սպորտային կյանքը, փուլիները սիրում են ակտիվ զբոսանքները և կարիք ունեն ֆիզիկական ծանրաբեռնվածության, ցանկալի է խոչընդոտների հաղթահարումով[1][2][4][10]։
Անհրաժեշտ է ամեն օր փուլիին խնամքով սանրել՝ խուսափելու համար մազերի խճճվելուց։ Այս ցեղատեսակի շան մազերը չեն թափվում, չունեն հոտ և ալերգիա չեն առաջացնում։ Փուլիին պետք է լողացնել անհրաժեշտության դեպքում՝ հաշվի առնելով այն փաստը, որ լողանալուց հետո շանն անհրաժեշտ է բավականին երկար ժամանակ լիովին չորանալու համար[2]։ Շոգ եղանակին պետք է աշխատել այս շներին պահել ստվերում՝ տալով բավականին ջուր[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Животные в доме: энциклопедия / Ред. коллегия: В. Г. Гребцова, М. Г. Таршис, Г. И. Фоменко. — М.: Большая Российская энциклопедия, 1994. — С. 202—203. — 304 с. — ISBN 5-85270-118-1
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Венгерская овчарка пули // Друг : журнал. — 2017. — № 12. Архивировано из первоисточника 5 Մարտի 2018.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Круковер В. И. Пуми и пули // Собачья азбука. Выбираем, приобретаем, воспитываем. — М.: Эксмо, 2011. — С. 50. — 288 с. — (Энциклопедии животных). — ISBN 978-5-699-45674-1
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Мей Дж. Всё о самых популярных породах собак. — СПб.: Кристалл, 2009. — С. 115. — 160 с. — ISBN 978-5-9603-0019-3
- ↑ Szeremy S. E. «History of the Puli» (PDF) (անգլերեն). Puli Club of America. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ 6,0 6,1 «Puli» (անգլերեն). United Kennel Club. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Puli» (անգլերեն). American Kennel Club. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «FCI breeds nomenclature. PULI (55)» (անգլերեն). Federation Cynologique Internationale. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 «PULI. FCI-Standard № 55» (PDF) (անգլերեն). Federation Cynologique Internationale. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ 10,0 10,1 Собаки / И. Г. Барановская, Л. Д. Вайткене. — М.: АСТ, 2016. — С. 186. — 256 с. — (Большая иллюстрированная энциклопедия). — ISBN 978-5-17-095414-8
- ↑ Паджетт Дж. Контроль наследственных болезней у собак / Под ред. М. Р. Погосбековой. — М.: Софион, 2006. — С. 214. — 280 с. — 3000 экз. — ISBN 5-9668-0013-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փուլի հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փուլի» հոդվածին։ |
|