10-40 սմ երկարությամբ, գետնատարած կամ վեր բարձրացող ճյուղավոր ցողուններով, միամյա կամ բազմամյա մեղրատու խոտաբույս է։ Սղոցաեզր, երկար տերևակոթերով ամբողջական տերևները սրտաձև են։ Երկար ծաղկակոթերով հնգանդամ ծաղիկները առաջանում են տերևանութներում։ Ծաղիկն ունի եռամասնյա ենթաբաժակ, բաց վարդագույն պսակաթերթիկներ, բազմաթիվ միաձուլված առէջներով խողովակ կազմող առէջներ։ 12-16 երիկամաձև պտղիկներից կազմված տափակ չոր թավոտ պտուղը սկավառակաձև բազմասերմիկ է։ Պտղիկները հասունանալիս առանձնանում են[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի՝ մեծ քանակությամբ դաբաղանյութեր, լորձանյութեր, ածխաջրեր, կումարիններ, կաուչուկային միացություններ, տոկոֆերոլ, անտոցիանային գլիկոզիդ մալվին, կարոտին, ասկորբինաթթու պարունակող վերգետնյա մասն ու տերևները։ Թարմ և եփված երիտասարդ տերևներն օգտագործում են որպես սնունդ, ուտելի են նաև կանաչ թերհաս պտուղները[1]։