Տոկոֆերոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոկոֆերոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար1406-66-2
PubChem14986
EINECS համար604-195-9
ЕС604-195-9
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Տոկոֆերոլներ, քիմիական միացությունների խումբ են՝ մեթիլացված ֆենոլներ։ Շատ տոկոֆերոլներ, ինչպես նաև դրանց համապատասխան տոկոտրիենոլները կենսաբանորեն ակտիվ նյութեր են և համախառն դրանք անվանվում են վիտամին E։ Սինթեզվում են բույսերում և մեծ քանակությամբ հանդիպում են բուսական յուղերում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմքում ընկած է քրոմանի օղակը։ Տոկոֆերոլները տոկոլի ածանցյալներն են, որը 2-մեթիլ-2(4՛,8,՛12՛-տրիմեթիլտրիդեցիլ)-6-օքսիքրոման է։ Տոկոլը 2-րդ դիրքում պարունակում է մեկ մեթիլ խումբ և հագեցած ածխածնի 16 ատոմներից կազմված իզոպրենոիդային կողմնային շղթա, վեցերորդ դիրքում ունի հիդրօքսիլ խումբ, որով պայմանավորված է դրա հակաօքսիդանտային հատկությունը։ Տոկոֆերոլները քրոմանային օղակում միմյանցից տարբերվում են մեթիլ խմբերի քանակով և դրանց դասավորվածությամբ։ Ըստ դրա տարբերում ենք՝

  • α-տոկոֆերոլ
  • β-տոկոֆերոլ
  • γ-տոկոֆերոլ
  • δ-տոկոֆերոլ
տոկոֆերոլի հիմնական կառուցվածքները.
Անվանումը R1 R2 R3 կառուցվածքը
α-տոկոֆերոլ CH3 CH3 CH3
β-տոկոֆերոլ CH3 H CH3
γ-տոկոֆերոլ H CH3 CH3
δ-տոկոֆերոլ H H CH3

Տոկոֆերոլնորը անգույն յուղանման հեղուկներ են, լավ լուծվում են բուսական յուղերում, սպիրտներում, եթերներում։ Դրանք օպտիկապես ակտիվ միացություններ են։ Ամենամեծ կենսաբանական ակտիվությամբ օժտված է α-տոկոֆերոլը, քանի որ դրա կառուցվածքում հիդրօքսիլ խումբն ամբողջությամբ էկրանացված է երեք մեթիլ խմբերով։ Այսպիսով, տոկոֆերոլների միջև հակաօքսիդանտային հատկությունների տարբերությունը պայմանավորված է հիդրօքսիլ խմբի պաշտպանվածության աստիճանով։ Ջերմության նկատմամբ կայուն են (մինչև 170°С)։

Սինթեզվում են միայն բույսերում։ Մարդը և կենդանիները տոկոֆերոլներ ստանում են սննդանյութերի հետ։ Տոկոֆերոլների անբավարարության ժամանակ նկատվում են նյարդային համակարգի, արուների սեռական գեղձերի ախտաբանական փոփոխություններ, անպտղություն՝ սերմնաբջիջները լիարժեք չեն լինում։ Տոկոֆերոլներ խթանում են սեռական գեղձերի ֆունկցիան, նպաստում ուրիշ ճարպալայծ վիտամինների կուտակմանը ներքին օրգաններում։ Պարունակվում են բուսական յուղերում, հատկապես արևածաղկի յուղի մեջ, բանջարեղենի տերևներում։ Տոկոֆերոլների օրական պահանջը հասուն մարդկանց համար 10—20 մգ է, երեխաներինը՝ 0,5 մգ/կգ քաշին։ Տոկոֆերոլներր բժշկության մեջ կիրառվում են նյարդային, մաշկային, սիրտանոթային և այլ հիվանդությունների բուժման համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Weiser H, Riss G, Kormann AW (1 October 1996). "Biodiscrimination of the eight alpha-tocopherol stereoisomers results in preferential accumulation of the four 2R forms in tissues and plasma of rats". J. Nutr. 126 (10)։ 2539–49. PMID 8857515.
  • Հ. Գ. Վահրադյան, Մ. Ի. Աղաջանով, «Կենսաքիմիա» 2009 թ.