Փիթեր Փևենսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Փևենսի
Նարնիայի ժամանակագրությունների հերոս
ՍտեղծողՔ.Ս. Լյուիս
Տեղեկություններ
Սեռարական
ԿոչումԳերագույն թագավոր Փիթեր Մեծափառ,
Մենավոր կղզիների կայսր,
Քեր Փարավելի լորդ,
Առյուզի ազնվագույն միաբանության ասպետ,
Սըր Փիթեր Գայլերի Կործանիչ
Ընտանիքպարոն և տիկին Փևենսիներ (ծնողներ),
Սյուզըն Փևենսի (քույր),
Էդմունդ Փևենսի (եղբայր),
Լյուսի Փևենսի (քույր),
Յուսթս Սքրաբ (զարմիկ)
Ազգությունանգլիացի

Փիթեր Փևենսի, Ք.Ս. Լյուիսի կողմից գրված «Նարնիայի ժամանակագրությունները» վիպաշարի գեղարվեստական կերպար։ Փիթերը հայտնվում է յոթ գրքերից երեքում։ Փոքր տարիքում որպես գլխավոր կերպար «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ու «Արքայազն Կասպիանը» գրքերում և որպես չափահաս՝ «Վերջին ճակատամարտը» գրքում։ Նա հիշատակվում է «Ձին և իր տղան» գրքում, որտեղ պայքարում է հսկաների հետ հյուսիսային սահմանագծում, և «Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը» գրքում, որտեղ սովորում է պրոֆեսոր Քիրքի մոտ։

«Արքայազն ԿասպիանըՈւոլթ ԴիսնեյԱրքայազն Կասպիանը» ընկերության «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ֆիլմում Փիթերի կերպարը մարմնավորում է անգլիացի դերասան Ուիլյամ Մոուզլին։ Առաջին ֆիլմի վերջում տարիքով ավելի մեծ Փիթերին մարմնավորում է Նոա Հանթլին։

Փիթերը չորս Փևենսի երեխաներից ամենամեծն է։ Նարնիայում իր արկածների մասնակից են նաև իր քույրեր Սյուզընն ու Լյուսին և իր եղբայր Էդմունդը։

Փիթերի թագավորությունը Նարնիայում տետրարխիա էր (հունարենից՝ քառիշխանություն), և լինելով գերագույն թագավոր (Փիթեր Մեծափառ)՝ նա ուներ գերագույն իշխանություն Նարնիայի բոլոր հետագա մենապետերի նկատմամբ։ Վեպերի բնօրինակներում Փաուլին Բեյնսը պատկերել է Փիթերին մուգ մազերով, թեև Լյուիսի կողմից չկան նրա մազերի, աչքերի գույնի կամ մարմնի կազմվածքի հստակ նկարագրություններ։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գրքի վաղ սևագրերում վեպը սկսվում է հետևյալ կերպ՝ «Այս գիրքը չորս երեխաների մասին է, որոնց անուններն էին՝ Էնն, Մարտին, Ռոուզ և Փիթեր։ Բայց այն գլխավորապես Փիթերի մասին է, որը երեխաներից ամենակրտսերն էր»։ Փիթերը միակ անունն է, որն անփոփոխ մնաց վերջնական աշխատանքում, սակայն այդ անունն արդեն կրում էր ավագ երեխան (Hooper 1977, էջեր 105–6): Փևենսին տեղամաս է Անգլիայի հարավ-արևելյան ափին, որտեղ գտնվում է բրիտանական պատմության ընթացքում մի քանի անգամ կարևոր դեր խաղացած միջնադարյան ամրոցը։ Ռադյարդ Քիփլինգի «Փաքը Փուքի բլրից» (անգլ.՝ Puck of Pook's Hill, 1907) գրքի առնվազն մեկ կերպար Փևենսին անվանում է «Անգլիայի դարպաս», ինչին բառացիորեն և վերածվում է զգեստապահարանը Լյուիսի գրքերում։ «Փևենսի» ազգանունն առաջին անգամ հիշատակվում է «Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը» գրքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթերը ծնվել է 1927 թվականին և «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում 13 տարեկան է։ Որպես Նարնիայի ոսկե դարի թագավոր՝ նա իշխում է իր եղբոր և քույրերի հետ միասին 15 տարի, իսկ գրքի վերջում, երբ նա արդեն մոտավորապես 28 տարեկան էր, Փիթերը վերադառնում է Անգլիա՝ նորից դառնալով 13 տարեկան։ «Վերջին ճակատամարտում» նա 22 տարեկան ուսանող է, ում սիրտը դեռ Նարնիայում է, թեև նա այնտեղ չի եղել «Արքայազն Կասպիանից» ի վեր, այսինքն՝ 14 տարեկանից։

«Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավատարիմ և նվիրված մեծ եղբայր Փիթերը չորս երեխաներից ամենամեծն է։ Նա անում է առավելագույնը իր եղբորն ու քույրերին պաշտպանելու և իրեն որպես պատասխանատու չափահաս դրսևորելու համար։ Գրքում նշվում է, որ նա իր եղբորից և քույրերից ավելի հասուն է, քանի որ իրենց հոր պատերազմ մեկնելուց հետո, մայրը խնդրել էր Փիթերին աջակցել նրանց և օգնել անցնել այդ ծանր փորձության միջով։ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում օդային հարձակումների պատճառով իր եղբոր և երկու քույրերի հետ միասին նա տարհանվում է գնացքով քաղաքամերձ բնակավայր և մնում է պրոֆեսոր Դիգորի Քիրքի հին առանձնատանը։

Երբ Լյուսին առաջին անգամ մտնում է զգեստապահարան, Փիթերը չի հավատում նրան՝ մտածելով թե Լյուսին պարզապես երևակայել է, մինչև ինքն ու մնացած Փևենսիները իրենք չեն անցնում այդ զհեստապահարանով։ «Շատ լավ ու զվարճալի կատակ էր, Լու» (Lewis 1950, էջեր 27): Նա հետագայում ներողություն է խնդրում Լյուսիից նրան չհավատալու համար և բարկանում է Էդմունդի վրա ավելի վաղ Նարնիայի գոյությունը ժխտելու համար (Լյուսին տեսել էր Էդմունդին Նարնիայում, սակայն Էդմունդը այնուհետև ստեց և ասաց, որ իրենք պարզապես «ձևացնում» էին)։ «Ա՜խ դու փոքր զզվելի հրեշ» (Lewis 1950, էջեր 55): Սա պայմանավորված էր նրանով, որ բացահայտվեց Էդմունդի խաբեությունը, երբ Նարնիա մտնելուց հետո նա ասաց՝ «Լսե՛ք…չպե՞տք է շարժվենք մի փոքր դեպի ձախ, եթե ուզում ենք հասնել ճրագասյանը» (Lewis 1950, էջեր 54–55): Փիթերը մինչև Էդմունդի խաբեության մասին իմանալն էլ էր բարկացած Էդմունդի վրա Լյուսիին «քաջալերելու» համար։ Թեև Փիթերը չէր հավատում, որ Լյուսին եղել է Նարնիայում, նա կարծում էր, որ Էդմունդը չպետք է ծաղրանքով համաձայնվի Լյուսիի այն պնդման հետ, որ նա զգեստապահարանում մեկ այլ երկիր է գտել։ Լյուսիի կողմից երկրորդ անգամ Նարնիայում հայտնվելու պնդման և վերջապես բոլոր Փևենսիների կողմից Նարնիայում հայտնվելու միջև ընկած ժամանակահատվածում Փիթերը զինադադար է հաստատում Լյուսիի և Էդմունդի միջև, սակայն նրա զայրույթը Էդմունդի նկատմամբ դեռևս տեսանելի է լինում։

Ավելի ուշ Էդմունդը գնում է Սպիտակ կախարդի մոտ (Էդմունդը հանդիպել էր նրան, երբ առաջին անգամ էր հայտնվել Նարնիայում, ու գայթակղվել իշխանություն ստանալու նրա խոստումներից), և Փիթերը հետագայում խոստովանում է Ասլանին, որ իր զայրույթը Էդմունդի նկատմամբ (փորձելու համար համոզել, որ Լյուսին խաբեբա է) հավանաբար դրդեց վերջինիս այդ սխալ քայլի։ Փիթերը և մնացած Փևենսիները Նարնիա ժամանելուց հետո գտնվում էին պարոն և տիկին Կուղբերի հովանու ներքո։ Պարոն Կուղբը առաջին իսկ հայացքից ենթադրեց, որ Էդմունդը դավաճան է, բայց այդ մասին մնացածին ոչինչ չասաց, մինչև որ չնկատեց նրա բացակայությունը և գլխի չընկավ, որ Էդմունդը գնացել է Սպիտակ կախարդի մոտ։ Էդմունդին, ի վերջո, փրկելու են Ասլանի հրամանով։ Իսկ մյուսները միևնույն ժամանակ ճանապարհ են ընկնում դեպի քարե սեղան` Ասլանին հանդիպելու նպատակով։

Նկարչի պատկերացմամբ Փիթերի վահանը, որը «Առյուծը, կախարդը և զգեստա-պահարանը» գրքի 10-րդ գլխում նկարագրվում է հետևյալ կերպ «այն մոխրագույն էր, իսկ նրա վրա պատկերված էր ետևի թաթերի վրա կանգնած մի կարմիր առյուծ»։

Դեպի Ասլան իրենց ճանապարհորդության ընթացքում Փիթերը Ձմեռ Պապից ստանում է իր թուրն (Ռինդոն) ու վահանը, իսկ ավելի ուշ Ասլանը նրան շնորհում է ասպետի կոչում՝ Սըր Փիթեր Գայլերի Կործանիչ (Lewis 1950, էջեր 121), երբ Փիթերը սպանում է գայլ Մոգրիմին՝ Սպիտակ կախարդի գաղտնի ոստիկանության պետին, որն իր հերթին փորձում էր սպանել Սյուզընին և Լյուսիին։ Գրքերի ամերիկյան տպագրությունում, որի վրա էր հիմնվել 1979 թվականի անիմացիոն ֆիլմը, Լյուիսը փոխեց գայլի անունը Ֆենրիս-Ուլֆի, այդ անունը նա վերցրել էր սկանդինավյան դիցաբանությունից։ Այդ տարբերակներում Փիթերը ստանում է «Ֆենրիսի Կործանիչ» կոչումը։

Մեծ ճակատամարտին պատրաստվելու ընթացքում Փիթերը նշանակվում է Ասլանի զորքի գերագույն գլխավոր հրամանատար։ Նարնիայի ինքնահռչակ թագուհու՝ Սպիտակ կախարդ Ջադիսի և նրա չար դաշնակիցների՝ Բերունա ծանծաղուտների ճակատամարտում պարտությունից հետո Փիթերը թագադրվում է Ասլանի կողմից Հյուսիսային պարզ երկնքի ուժով որպես Նորին մեծություն թագավոր Փիթեր Մեծափառ, Նարնիայի գերագույն թագավոր, Մենավոր կղզիների կայսր, Քեր Փարավելի լորդ, Առյուծի ազնվազարմ միաբանության ասպետ։ Այնուհետև իրականանում է հնադարյան մարգարեությունն այն մասին, որ Ադամի երկու որդիներն ու Եվայի երկու դուստրերը կզբաղեցնեն Քեր Փարավելի չորս գահերը։ Այս իրադարձությունը նշանավորում է Սպիտակ կախարդի թագավորության ու հարյուրամյա ձմեռվա ավարտը և Նարնիայի ոսկե դարի սկիզբը։

Փիթերը և իր եղբայրն ու քույրերը ի վերջո վերադառնում են իրենց աշխարհ (որտեղ նրանք կրկին երեխաներ են) 15 տարի անց և բացահայտում, որ այնտեղ գեթ մեկ րոպե չի անցել։

«Ձին և իր տղան» գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթերը այստեղ չի հայտնվում, սակայն հիշատակվում է։ Մինչև Սյուզընը և Էդմունդը Քալորմինում փորձում են փախչել արքայազն Ռաբադաշից, նա պատերազմում է հսկաների հետ հյուսիսում (Լյուսին միակն է, որը մնացել էր Քեր Փարավելում)։

«Արքայազն Կասպիանը» գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ Փևենսիները ժամանում են Քեր Փարավելի ավերակներ, նրանք գտնում են ամրոցի գանձասենյակը, որտեղ Փիթերը, Սյուզընն ու Լյուսին պահում էին Ձմեռ Պապի նվերները։ Փիթերը վերցնում է իր թուրն (Ռինդոն) ու վահանը և կրկին դառնում խմբի առաջնորդ։ Ի վերջո նրանք հանդիպում են Թրամփքինին՝ թզուկին, որը օգնել էր պաշտպանել արքայազն Կասպիան 10-րդին իր հորեղբայր Թելմարինի զորքից և որն արդյունքում ուղեկցել է նրանց Ասլանին հանդիպելու իրենց ճանապարհին։

Երբ երեխաները ստիպված են որոշում կայացնել, վերջին խոսքը, որպես գերագույն թագավորինը, Փիթերինն է։ Պատերազմի սկիզբը բավարար ժամանակով հետաձգելու համար, որպեսզի Լյուսին հասցնի գտնել Ասլանին և արթնացնել Նարնիայի բնակիչներին, Փիթերը օգտվում է Թելմարին արքայի՝ Միրազի հետ մենամարտելու իրավունքից։ Այն բանից հետո, երբ Փևենսի երեխաները օգնում են հաղթել Թելմարիններին, Փիթերը պաշտոնապես Կասպիանին է փոխանցում ազատ Նարնիայում իշխելու իրավունքը։ Ասլանը Կասպիանին տալիս է լիազորություն իշխելու «Մեր և Գերագույն թագավորի ենթակայության ներքո»։ Փիթերը ավելի ուշ է Լյուսիին և Էդմունդին է փոխանցում այն, ինչ իրեն է ասել Ասլանը։ Նա և Սյազընն այլևս չեն վերադառնալու Նարնիա, քանի որ նրանք արդեն մեծացել են և սովորել են այս աշխարհից այն ամենն, ինչ կարող էին։

Չորս երեխաներն այնուհետև վերադառնում են իրենց աշխարհ, որտեղ սպասում են գիշերօթիկ դպրոց տանող իրենց գնացքին։

Այս գրքում պարզվում է, որ Լյուսին Փիթերի ամենասիրելի քույրիկն էր, չնայած դա բավականին ակնհայտ էր ողջ վիպաշարի ընթացքում։

«Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը» գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև ֆիզիկապես Փիթերն այս գրքում չի հայտնվում, հիշատակվում է, որ պրոֆեսոր Քիրքն օգնում է նրան պատրաստվել քննություններին, իսկ մյուս երեք երեխաները չեն կարող մնալ իր հետ, քանի որ պրոֆեսորը տեղափոխվել էր զգեստապահարանով մեծ առանձնատնից և այժմ ապրում էր շատ ավելի փոքր տանը։ «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը» ֆիլմում Փիթերը էպիզոդիկ դեր է խաղում խնջույքի ժամանակ։ Երբ Լյուսին կերպարանափոխվում է և ստանում Սյուզընի արտաքինը, ո՛չ Փիթերը, ո՛չ Էդմունդը չեն կարողանում մտաբերել, թե ով է Լյուսին կամ ինչ է Նարնիան։

«Վերջին ճակատամարտը» գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթերը փոքր դեր է խաղում այս պատմության մեջ։ Նա միակն էր, ով դիմեց այն պահին Նարնիայի թագավոր Տիրիանին Նարնիայի յոթ ընկերների մասին Տիրիանի տեսիլքում։

Մյուս ընկերների հետ ընթրելուց հետո Փիթերը և Էդմունդը մեկնում են Լոնդոն Քեթերլեյների բակում պրոֆեսոր Քիրքի կողմից թաղված կախարդական մատանիները վերցնելու նպատակով։ Նրանք հույս ունեին, այդ կախարդական մատանիների օգնությամբ նրանց կհաջողվի Նարնիա ուղարկել Յուսթըսին և Ջիլլին։ Երկուսն էլ սպասում էին Լյուսիին, Յուսթըսին, Ջիլլին, Դիգորիին և Փոլլիին կայարանում, երբ գնացքը վթարի ենթարկվեց, և նրանք բոլորը զոհվեցին։ Յուսթըսը և Ջիլլը ժամանակավորապես տեղափոխվում են Նարնիա մինչև աշխարհի վերջը, որից հետո նրանք հայտնվում են իրական Նարնիայում կամ դրախտում և վերամիավորվում Փիթերի, Էդմունդի, Լյուսիի, Դիգորիի և Փոլլիի հետ։

Տիրիանը բնութագրությամբ՝ Փիթերին ուներ թագավորի և ռազմիկի դեմք։ Այն բանից հետո, երբ Տիրիանն անցավ ախոռի դռնով և առաջին անգամ տեսավ Տաշին, Փիթերը հանգիստ ձայնով հրամայեց դևին հեռանալ իր որսի հետ։ Նարնիայի բոլոր բնակիչների դատավճիռը կայացնելուց հետո Ասլանը հրամայում է Փիթերին փակել դուռը՝ այսպիսով ոչնչացնելով այդ աշխարհը։ Փիթերը այն շատերից մեկն է, ում թույլատրված էր մնալ Ասլանի երկրում։ Այդ թվին էին պատկանում նաև Փիթերի, Էդմունդի, Սյուզընի և Լյուսիի ծնողները։

Քրիստոնեական տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուիսը, լինելով այլաբանության փորձագետ, «Նարնիայի ժամանակագրությունները» չէր համարում այլաբանություն։ Նա այն համարում էր այն հարցի ենթադրական պատասխանը, թե «ինչպիսին կլիներ Քրիստոսը, եթե իսկապես գոյություն ունենար Նարնիայի նման աշխարհ և Նա որոշեր ծնվել, մահանալ և հարություն առնել այդ աշխարհում, ինչպես Նա արեց մեր աշխարհում։ Դա բնավ այլաբանություն չէ» (Martindale & Root 1990): Այլաբանություն չլինելով հանդերձ՝ Նարնիայում իրապես պարւոնակում է քրիստոնեական տարրեր։

Կան նմանություններ Փիթեր Փևենսի և Սուրբ Պետրոս միջև, ով Քրիստոսի 12 առաքյալներից մեկն էր։ Ինչպես Սուրբ Պետրոսը, ով իր անունն ստացավ Քրիստոսից, Փիթերը իր «Սըր Փիթեր Գայլերի Կործանիչ» կոչումը ստանում է Ասլանից։ Ավանդաբար որպես առաջին Հռոմի պապ՝ Սուրբ Պետրոսը և իր հաջորդները առաջինն են հավասարների մեջ (primus inter pares)։ Նմանօրինակ է նաև Փիթեր Փևենսիի ստացած «Գերագույն թագավոր» կոչումը։ Եվ վերջապես աստվածաշնչյան Սուրբ Պետրոսին, կաթոլիկ ավանդույթի համաձայն, շնորհվում են «երկնային արքայության բանալիները», իսկ Փիթեր Փևենսին կողպում է դուռը ոսկե բանալիով՝ հավերժ փակելով ոչնչացված Նարնիայի մուտքը «Վերջին ճակատամարտը» գրքի դատավճռից հետո (Hinten 2005, էջեր 10)։

Մարմնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 թվականի հեռուստասերիալում նրան մարմնավորում է Փոլ Ուոլլերը
  • BBC 1988 թվականի «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» հեռուստասերիալում նրան մարմնավորում է դերասան Ռիչարդ Դեմփսին
  • Walden Media-յի «Նարնիայի ժամանակագրությունները» ֆիլմերում նրան մարմնավորում է բրիտանացի դերասան Ուիլյամ Մոուզլին (փոքր տարիքում) և Նոա Հանթլին (մեծ տարիքում ֆիլմի վերջում)
  • 1990-ական թվականների ավարտին/ 2000-ական թվականների սկզբին Focus on the Family Radio Theatre կազմակերպության ռադիո ադապտացիաներում ձայնային դերասաններն են՝ Ֆրեդի Ֆինդլեյը (փոքր տարիքում) և Փիթեր Մորետոնը (չափահաս)
  • «Էպիկական ֆիլմում» (անգլ.՝ Epic Movie) նրան մարմնավորում է Ադամ Քեմբելը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lewis, C.S. (1950), The Lion, the Witch and the Wardrobe, London: Geoffrey Bles
  • Lewis, C.S. (1951), Prince Caspian, London: Geoffrey Bles
  • Lewis, C.S. (1952), The Voyage of the Dawn Treader, London: Geoffrey Bles
  • Lewis, C.S. (1954), The Horse and His Boy, London: Geoffrey Bles
  • Lewis, C.S. (1956), The Last Battle, London: Geoffrey Bles
  • Martindale, Wayne; Root, Jerry (1990), The Quotable Lewis, Tyndale House, ISBN 0-8423-5115-9
  • Hooper, Walter (1977), "Narnia: The Author, the Critics, and the Tale", The Longing for a Form, ed. Peter Schakel, Ohio: Kent State Univ. Press, ISBN 0-8423-5115-9
  • Hinten, Marvin D. (2005), The Keys to the Chronicles, Broadman & Holman, ISBN 0-8054-4028-3
  • Ford, Paul F. (2005), Peter Pevensie (in The Companion to Narnia: A Complete Guide to the Magical World of C.S. Lewis' The Chronicles of Narnia), HarperSanFrancisco, ISBN 0-06-079127-6

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ford, Paul F. (2005), Companion to Narnia, Revised Edition, San Francisco: Harper, ISBN 0-06-079127-6
  • Duriez, Colin (2004), A Field Guide to Narnia, InterVarsity Press, ISBN 0-8308-3207-6
  • Wagner, Richard J. (2005), C. S. Lewis & Narnia For Dummies, For Dummies, ISBN 0-7645-8381-6