Տիրուհի Գյուլնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրուհի Գյուլնազարյան
Դիմանկար
Ծնվել է1850-ականներ
ԾննդավայրԿզնուտ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 21, 1938(1938-02-21)
Մահվան վայրԴիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԵրեխաներԳարեգին Նժդեհ
 Tiruhi Gyulnazaryan Վիքիպահեստում

Տիրուհի Գյուլնազարյան (1850-ականներ, Կզնուտ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1938(1938-02-21), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Գարեգին Նժդեհի մայրը։

Գարեգին Նժդեհը եղել է հայազգի ռազմական և պետական գործիչ, իմաստասեր, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից-հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1850-ականներին Նախիջևանի Կզնուտ գյուղում՝ դարբին Գյուլնազարի ընտանիքում ու եղել է նրա 7 դուստրերից մեկը։ Գյուղացիները Տիրուհուն երբեմն կոչում էին Խաթայի։ Ամուսնացել է նույն գյուղի՝ Կզնուտի հոգևորական Տեր Սահակ Տեր-Հարությունյանի որդի Եղիշեի հետ։ Նրանց ամուսնությունից ծնվում են 4 երեխա. 2 դուստրերը՝ Անիկն ու Ցոլինեն, և 2 որդի՝ Լևոնն ու Գարեգինը։ 1888 թվականին, երբ երեխաներից ավագը՝ Անիկը 11, իսկ կրտսերը՝ Գարեգինը 2 տարեկան էր, մահանում է ընտանիքի հայրը։

Կիսաորբ երեխաներին մեծացնում է մայրը։ Գարեգին Տեր-Հարությունյանին բարձրագույն ռազմական կրթություն օգնում է ստանալ նրա ազգականներից մեկը՝ Ցոլակը, որը այդ ժամանակ ցարական բանակի սպա էր։ Երբ աղջիկներն ամուսնանում են, Տիրուհին ապրում է ավագ որդու՝ Լևոնի հետ, որը Ջուղայում ուսուցիչ էր։

1920-ականներին, երբ Գարեգինը արդեն արտասահմանում էր, իսկ երկրում իշխանության էին եկել բոլշևիկները, Լևոնին մոր հետ աքսորում են Սիբիր։ 3 տարի անց նրանց թույլատրում են վերադառնալ, բայց Վլադիկավկազ։

1937 թվականի աշնանը Լևոնի ավագ դուստրը՝ Օլգա Տեր-Հարությունյանը, գնում է հանգստանալու Դիլիջան ու Տիրուհուն տանում է իր հետ։ Բայց մի քանի ամիս անց Տիրուհու առողջությունը կտրուկ վատանում է ու 1938 թվականի փետրվարի 21-ին նա մահանում է։

Թաղման վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն վայրը, որտեղ ամփոփված է եղել Տիրուհի Գյուլնազարյանի աճյունը, երկար տարիներ անհայտ է եղել և միայն 2001 թվականին, Գարեգին Նժդեհի ծննդյան 115-ամյակի առթիվ Դիլիջանի քաղաքապետարանի ու «Նախիջևան» միության նախաձեռնությամբ գտնվեց Նժդեհի մոր գերեզմանը, որն այսօր ուխտատեղի է դարձել[1]։

Ազդեցությունը որդուն՝ Գարեգին Նժդեհին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ Գարեգին Նժդեհը հասուն տարիքում գրեթե չի ապրել մոր հետ։ Սակայն ինչպես վկայում են «Առյուծածին մայրեր» ու «Բանտային գրառումներ» գրվածքները, մոր լուսավոր կերպարը միշտ ուղեկցել է Նժդեհին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակ Վարդանյան, Նժդեհյան մասունքներ, Երևան, 2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]