Տիրինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Տիրինս
Tiryns.Castle.02.JPG
ԵրկիրՀունաստան Հունաստան
Պաշտոնական կայքodysseus.culture.gr/h/3/eh355.jsp?obj_id=2382
##Տիրինս (Հունաստան)
Red pog.png
Tiryns - Cyclopean masonry.jpg

Տիրինս, հինավուրց քաղաք Արգոլիսում, Պելոպոնես թերակղզում։ Եգեյան մշակույթի նշանավոր հուշարձաններ են գտնվել (մ.թ.ա.17-14 դդ ծաղկման ժամանակաշրջան) մայրցամաքային Հունաստանի տարածքում՝ Միկենեում և և Տիրինսում՝ Եվրոպայի հնագույն ամրոցներում։ Ինչպես և Պելոպոնեսի ոի Փոքր Ասիայի մյուս քաղաքներում, Տիրինսի և Միկենեյի մշակույթը սկզբնավորվել է տոհմական հասարակարգի քայքայման և բասիլևսների գլխավորած մի շարք մանր պետությունների կազմավորման շրջանում[1]։

Միկենե

Ճարտարապետություն և քանդակագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրցամաքային Հունաստանի գեղարվեստական մշակույթը Կրետեի մշակույթից տարբերվում էր իր խստությամբ ու զորեղությամբ, թեև ուներ նրա հետ նաև շատ ընդհանրություններ։ Այդ մշակույթի ինքնօրինակությունն առավել ցայտուն դրսևորվեց հոյակերտ ճարտարապետության մեջ։ Զառիկող ժայռոտ բլուրների վրա կառուցվող պալատներում և բնակավայրերում (որոնք հետագայում ստացան «ակրոպոլ - միջնաբերդ» անվանումը, որ նշանակում է «վերնաքաղաք»), ամեն ինչ ենթարկված էր թշնամիներից պաշտպանվելու խնդիրներն։ Հսկա, կոպիտ տաշված քարերով շարվում էին պաշտպանական պատեր, որոնց հաստությունը մոտ 10մ էր, բարձրությունը 18-20մ։ Հին հույներին թվում էր, թե միայն առասպելական միաչքանի հսկա կիկլոպները կարող են այդպիսի պատեր կառուցել։ Գիտնականները դրանք անվանում էին «կիկլոպյան պատեր»։ Տիրինսում կառուցված ակրոպոլ-միջնաբերդը լիակատար պատկերացում է տալիս նման պալատի նախագծման մասին։ Ի տարբերություն Կրետեի պալատ-լաբիրինթոսի՝ Տիրինսի պալատում ամեն ինչ ենթարկված է պարզ կարգուկանոնի, համաչափության, որով հասել են կոմպոզիցիայի մեծ ամբողջականության։ Միջնաբերդը շրջափակվում էր հզոր պատերով, մուտքը փակվում երեք դարպասներով։ Նրա կենտրոնը մեծ գավիթով պալատն էր։ Պալատի կոմպոզիցիայում գլխավոր դեր է կատարում ուղղանկյուն հատակագծով մի շինություն, որի մեջտեղում կա օջախ՝ այսպես կոչված մեգարոն։ Այն ծառայում էր պալատի տղամարդ բնակչության հանդիսավոր ժողովների համար։ Դեպի մեգարոն են տանում նախասենյակը և երկսյուն սրահը, որը նրան կապում է գավիթի հետ։ Մեգարոնը հետագայում կազմեց հունական տաճարի ավանդական տիպի ձևավորմն հիմքը։ Մասնավորապես, երկսյուն սրահով, այսպես կոչված, «կողապատերով տաճարն» անմիջապես սկսվում է մեգարոնից։ Միկենեյան ճարտարապետության մեջ առանձնահատուկ ուշադրություն էր նվիրվում դարպասների ամրապնդմանը։ Միկենեի ընդարձակ բազմահարկ ամրոցի կենտրոնական՝ Առյուծի դարպասը (մ.թ.ա. 14-13դդ.) մի փառահեղ կառույց է, որը խորհրդանշում է միկենեյան թագավորների հզորությունը։ Այն կառուցված է հսկա, ուղղաձիգ դրված սալերից, որոնք ծածկված են միակուռ քարերով։ Դարպասի սյունամեջ տարածությունը ծածկված է կրաքարե եռանկյուն սալով, որը զարդարված է եգեյան արվեստում եզակի հոյակերտ ռելիեֆով. երկու էգ առյուծներ են կանգնած վերընթաց լայնացող սյան երկու կողմում։ Միանման շրջված, կիսադեմ՝ նրանք ահեղորեն նայում են ներքև՝ կազմելով գեղազարդային (դեկորատիվ) համաչափ, այսպես կոչված հերալդիական (զինանշագիտական) կոմպոզիցիա[1]։

Գեղանկարչություն և կիրառական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրինսի և Միկենեի պալատների պատերը զարդարված էին որմնանկարներով, դրվագված էին ալեբաստրե եզրազարդերով։ Ինտերիերի հարստությունը պալատի խիստ արտաքին տեսքի հակադրությունն էր։ Այստեղ հաճախ հանդիպում են ճակատամարտի և որսի տեսարաններ, բայց դրանցում անհետանում են շարժումների ազատությունը և անբռնազբոսիկությունը։ Կոմպոզիցիան ստանում է ինքնապարփակ և հավասարակշռված բնույթ, երանգավորումը դառնում է ավելի խայտաբղետ, այդպիսին է Տիրինսի որմնանկարը՝ «Որսորդ կանանց մեկնումը» (մ.թ.ա. 14 դար, Աթենք, Ազգային հնագիտական թանգարան)։ Հոմերոսը Միկենեն անվանել է Ոսկեշատ։ Իրոք, միկենեյան դամբարաններում գտնվել են նուրբ աշխատանքի զարմանալի, ոսկուց և արծաթից պատրաստված մեծ քանակությամբ զանազան առարկաներ՝ գավաթներ, սկահակներ, բաժակներ, ոսկե դիմակներ, փղոսկրե բռնակներով բրոնզե սրեր, ամենաբարդ զարդերով դաշույններ։ Դրանց ձևը և բնույթը մոտիկ են Կրետեի դաշույններին, բայց դրանցում կարելի է նկատել նաև արևելյան ազդեցություն։

Տրոյական պատերազմում (մ.թ.ա. 13դ. սկիզբ) եգեյան աշխարհի վաղ ժամանակաշրջանի ստրկատիրական պետություններն անկում ապրեցին, որը հեշտացրեց բալկանյան թերակղզու նվաճումը հունական դորիական ցեղերի կողմից, նոր մշակույթի սկիզբ դրեց։ Հնագետներ Գ.Շլիմանի և Ա. Էվանսի կողմից Եգեյան մշակույթի հայտնագործումը 19-20դդ. վերջին երրորդամասի հնագիտության կարևորագույն նվաճումներից մեկն է։ Եգեյան աշխարհի ժառանգությունը քիչ դեր չի խաղացել Հունաստանի և Հռոմի գեղարվեստական արժեքների ստեղծման գործում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Արտասահմանյան արվեստի պատմություն[Տիրինս։ Միկենե]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]