Տայոց քար
Տայոց քար, ամրոց և բնակավայր Մեծ Հայքի Տայք նահանգի Ճակք գավառում, Իշխանից մոտ 20 կմ արևելք։ Եղել է Մամիկոնյան տոհմի կենտրոններից։ Տայոց քար ամրոցի մասին պատմական աղբյուրներում պահպանվել են միայն հիշատակություններ։
Տայոց քար եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է Տայոց քարի (Թավուզ քարի) բազմանիստ կենտրոնագմբեթ եկեղեցին, որն այժմ կիսավեր է։ Այն երկաստիճան պատվանդանի վրա բարձրացող ութ խորանով, կենտրոնակազմ հորինվածքով սրբատաշ տուֆաքարից կառույց է։ Գմբեթատակ բոլորակ տարածությունը շրջափակում են հատակագծում ուղղանկյուն ութ խորշեր, որոնցից արևելյանն (երկու կողմում անկանոն եզրագծով ավանդատներ են) ունի կիսաշրջանաձև ավարտ։ Տայոց քար եկեղեցու հատակագիծը արտաքուստ եկեղեցու ծավալի 16 նիստերին կան միմյանց հաջորդող լուսամուտներ (մեկական՝ յուրաքանչյուր նիստում, արևելքում՝ երեք) և եռանկյունաձև խորշեր։ Մուտքերը երեքն են՝ հյուսիսից, հարավից և արևմուտքից։ Գմբեթի ութանիստ թմբուկը բարձրանում է ներսի կիսաբոլորակ ութ որմնասյուները միմյանց կապող գմբեթակիր կամարների վրա։ Հուշարձանի կառուցման թիվը հայտնի չէ, ըստ Թորոս Թորամանյանի «․․․Ներսես Գ-ի շինած լինելուն հավաստիքներ կան»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 559)։ |