Վոլգա-Կամա բանկի շենք (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլգա-Կամա բանկի շենք
Տեսակբանկի շենք և պատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ճարտարապետական ոճմոդեռն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Վոլգա-Կամա բանկի մասնաճյուղի շենք (ռուս.՝ Здание отделения Волжско-Камского банка), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին Ալեքսեյ Բեկետովի նախագծով մոդեռն ոճով, դասական ճարտարապետության տարրերի կիրառումով[1]։ Խորհրդային տարիներին շենքում տեղակայված էր պիոներների պալատը[2], այժմ դա Մանկապատանեկան ստեղծագործության պալատն է։ Վոլգա-Կամա բանկի մասնաճյուղի շենքն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր ճակատը, 1910 թվականի լուսանկար

19-րդ դարի վերջին Վոլգա-Կամա բանկը Ռուսաստանում ամենախոշորներից էր։ 1892 թվականին բանկն իր մասնաճյուղը բացեց Ռոստովում։ Սկզբնական շրջանում բանկը տարածքներ էր վարձակալում։ Մինչև 1897 թվականը այն գտնվում էր վաճառական և քաղաքային դումայի իրավասու Յաշչենկոյի տանը, այնուհետև՝ վաճառական Գենչ-Օղլուևի եկամտաբեր տանը։ Բանկի մասնաճյուղի համար սեփական շենք կառուցելու նպատակով հրավիրվել է խարկովցի ճարտարապետ Ալեքսեյ Նիկոլաևիչ Բեկետովը։ Շենքի շինարարությունն իրականացվել է 1906-1909 թվականներին[4]։ Առաջին հարկում տեղակայվել էին առևտրային տարածքները, մնացած հարկերը զբաղեցրել էր բանկը։ Սանկտ Պետերբուրգի «Զոդչի» ամսագիրը 1910 թվականին Վոլգա-Կամա բանկի շենքի մասին գրել էր որպես մոդեռն ոճով կառուցված պաշտոնական շենքի հաջողված օրինակի։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո շենքն ազգայնացվեց, բայց չկորցրեց իր նշանակությունը։ 1925 թվականի տեղեկատուի համաձայն՝ այնտեղ տեղակայված էր Պետական բանկի հյուսիսկովկասյան տարածաշրջանային գրասենյակը[5]։ 1936 թվականի մայիսի 23-ին շենքում հանդիսավորությամբ բացվեց Պիոներների պալատը[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին շենքը գրեթե չի վնասվել, քանդվել է միայն տանիքի մի մասը։ 1947 թվականին շենքը վերականգնվել է ճարտարապետ Լեոնիդ Էբերգի ղեկավարությամբ։ 1950-ական թվականների երկրորդ կեսին մասամբ կորսվել են ներքին հարդարման տարրերը։

1999 թվականին վերանորոգվել են ճակատները, որի ընթացքում վերականգնվել են 20-րդ դարի վերջում կորսված ատլանտների դիմակները և ցուցանակի վրա ավելացվել է «Մանկապատանեկան ստեղծագործության պալատ» մակագրությունը։ Գլխավոր մուտքի մոտ վերականգնվել է պահպանված «Վոլգա-Կամա բանկ» պատմական փոքր մակագրությունը։ Վերականգնվել են նաև սվաղային դեկորի որոշ մանրամասներ։

1974 թվականին շենքի ճակատին փակցվել է հուշատախտակ հետևյալ արձանագրությամբ. «1934, 1936 թվականներին Ռոստով քաղաք է այցելել գրող Արկադի Գայդարը։ Այս շենքում 1936 թվականի Ամռանը նա ելույթ է ունեցել պիոներների և դպրոցականների առաջ»։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորսհարկանի շենքն ունի անկյունային անհամաչափ կառուցվածք, որը թելադրված է հողակտորի ձևով։ Գլխավոր ճակատը Բոլշայա Սադովայա փողոցում է։ Առաջին հարկը նախատեսված էր առևտրային տարածքների համար։ Ավելի վերև երկլուսավոր օպերացիոն դահլիճն է։ Գլխավոր ճակատի ուղղահայաց բաժանումն ընդգծում են եզրային թիակները, առաջին հարկի մեծ պատուհանները և օպերացիոն դահլիճի կրկնահարկ պատուհանները։ Այդ պատուհանները բաժանված են բարձրաքանդակային դիմակներ ունեցող չորս հենասյուներով, որոնք «պահում են» բանկի ֆիրմային ցուցանակը։ Ճակատն ավարտվում է կախվող մեծ քիվով, որի վերևում տեղադրված է կարճասյուներով ճաղաշարը։

Առաջին հարկի կոպտատաշվածքը, քիվը և կամարաձև մուտքը դասական ճարտարապետությունից փոխառած տարրեր են։ Միևնույն ժամանակ, ճակատի ծեփածո դեկորը, ատտիկոսը, պատուհանների և պատշգամբների ձևը վկայում են այն մասին, որ շենքը պատկանում է մոդեռն ոճին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е. — Ростов-на-Дону, 2002. — С. 144—145. — ISBN 5-8456-0489-3
  2. Швецов С. Д. На высоком донском берегу: Очерки из прошлого Ростова. — Ростов, 1982. — С. 70—71.
  3. «г.Ростов-на-Дону. Объекты культурного наследия (памятники истории и культуры) государственного (федерального) значения». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. Волошинова Л. Ф. Творения московских и петербургских зодчих в Ростове-на-Дону. — Ростов-на-Дону: «Новая книга», 2002. — С. 40—45. — ISBN 5-86692-216-9
  5. «Здание правления Волжско-Камского банка в г.Ростове-на-Дону». voopiik-don.ru. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «О Дворце». Дворец Творчества Детей и Молодежи. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Журнал Зодчий. - 1910. - № 3. - С. 21 - 22.
  • 3. Гегузин И. Страницы ростовской летописи. - Ростов-н/Д, 1983. - С. 141 - 144.