Վիլիկ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլիկ Մարգարի Հարությունյան
հայ․՝ Վիլիկ Մարգարի Հարությունյան
Ծնվել էմարտի 5, 1936(1936-03-05)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 19, 2000(2000-08-19) (64 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան
ԱշխատավայրԵրևանի ֆիզիկայի ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Վիլիկ Մարգարի Հարությունյան (մարտի 5, 1936(1936-03-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 19, 2000(2000-08-19), Երևան, Հայաստան), հայ ֆիզիկոս-տեսաբան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1974)։ 20-րդ դարի համաշխարհային ճանաչում ունեցող հայ ականավոր գիտնական, մանկավարժ, կրթության և գիտության համակարգի հմուտ ղեկավար։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլիկ Մարգարի Հարությունյանը ծնվել է Երևանում, 1936 թվականի մարտի 5-ին։ Հայրը՝ Մարգար Հարությունյանը, վաստակաշատ շինարար էր, մայրը՝ Արմիկ Շահապունին, մաթեմատիկայի ուսուցչուհի։ Ավարտել է Երևանի N26 դպրոցը՝ ոսկե մեդալով։ Ուսումը շարունակել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Համալսարանական կյանքի առաջին իսկ օրերից աչքի է ընկնել բարձր առաջադիմությամբ։ 2-րդ կուրսում արդեն հասնել է այնպիսի հաջողությունների, որ նրան թույլ են տվել դասերին հաճախել ազատ ժամանակացույցով՝ ըստ իր հայեցողության։ Համալսարանն ավարտել է գերազանցության դիպլոմով։

Համալսարանն ավարտելուց հետո Վիլիկ Հարությունյանը ասպիրանտուրայի և աշխատանքի բազմաթիվ հրապուրիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանից, հանրահայտ Կուրչատովի անվան միջուկային էներգիայի և Դուբնայի միջուկային հետազոտությունների ինստիտուտներից։ Սակայն Վիլիկ Հարությունյանը նախընտրել է վերադառնալ հայրենիք և ծառայել ազգային գիտության զարգացմանը։ Հետագայում էլ՝ իր ողջ գիտական և կազմակերպչական գործունեության ընթացքում, նա ամենատարբեր երկրների գիտական կենտրոններից շարունակել է ստանալ աշխատանքի գրավիչ առաջարկներ, բայց ընդմիշտ մնացել է Հայաստանում՝ հավատարիմ մնալով գիտնականի և հայրենասերի իր առաքելությանը։

1963 թվականին Վիլիկ Հարությունյանը ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան, 1972 թվականին՝ դոկտորի, 1974 թվականին՝ պրոֆեսորի կոչում։

1967 թվականին նշանակվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների նորաբաց ինստիտուտի՝ գիտական գծով տնօրենի տեղակալ։

1972 թվականին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) հիմնադրել է Քվանտային էլեկտրոնիկայի և բյուրեղների աճի ամբիոնը, որը կարևոր դեր է խաղացել նոր, արագ զարգացող քվանտային էլեկտրոնիկայի ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և երիտասարդ մասնագետների պատրաստման գործում։ Միաժամանակ, ամբիոնին կից, նա հիմնել է «Ճառագայթային ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիան», որն արագորեն զարգանալով, 1979 թվականին վերակազմավորվել է «Կոնդեսացված միջավայրերի ֆիզիկայի» գիտահետազոտական ինստիտուտի (ԳՀԻ)՝ հանդիսանալով ԵՊՀ-ին կից առաջին գիտահետազոտական ինստիտուտը և Հայաստանում առաջին բարձրագույն կրթություն-գիտություն--նորարություն ինտեգրման արդյունավետ մոդելը։ Վիլիկ Հարությունյանը դարձել է այդ ԳՀԻ տնօրեն։ Լինելով հիանալի կազմակերպիչ և փայլուն գիտնական՝ Վիլիկ Հարությունյանը կարողացել է ընդամենը 5 տարում Ճառագայթային ֆիզիկայի պրոբլեմային գիտական լաբորատորիան դարձնել հետազոտական մեծ ներուժ ունեցող գիտական կենտրոնի, որը միաժամանակ դարձել է լազերային համակարգերի, բյուրեղների աճեցման ու այլ տեխնոլոգիաների մշակման և արտադրման կենտրոն։

Շարունակական զարգացնելով և ընդարձակելով գիտահետազոտական ինստիտուտի գիտական և արտադրական ներուժը՝ 1988 թվականին Վիլիկ Հարությունյանը այն դարձրել է «Լազերային Տեխնիկա» գիտաարտադրական միավորում («ԼՏ» ԳԱՄ)։ Իր հիմնած լազերային ֆիզիկայի այդ կարևոր գիտական միավորումը Վիլիկ Հարությունյանը ղեկավարել է որպես գլխավոր տնօրեն՝ դարձնելով այն միջազգային համբավ ունեցող կենտրոն։

Հանրապետության ճգնաժամային տարիներին, իրեն հատուկ համառությամբ և ապագայի հանդեպ իր անկոտրում հավատի շնորհիվ, Վիլիկ Հարությունյանին հաջողվել է պահպանել ինստիտուտի գիտաարտադրական միջուկը, չկորցնել տարիների ձեռքբերումները և պահպանել կազմակերպության նկատմամբ գործընկերների հավատը։ Արդյունքում 1999 թվականին «ԼՏ» ԳԱՄ-ը, ՀՀ նախագահի աջակցությամբ, վերահիմնադրվել է հայ-հունական «ԼՏ-Պիրկալ» համատեղ ձեռնարկության։ Վիլիկ Հարությունյանը ընտրվել է ԼՏ-Պիրկալի նախագահ և գլխավոր տնօրեն, որը ղեկավարել է մինչև իր կյանքի վերջին օրը։

Վիլիկ Հարությունյանը մեծ ավանդ ունի նաև անկախ Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի զարգացման գործում։ 1990-1991 թվականներին նա եղել է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի առաջին նախագահը։ Այդ կարճ ժամանակահատվածում նա շրջադարձային բարեփոխումներ է կատարել կրթության բնագավառում, մասնավորապես՝ մշակել և ներդրել է բուհերի ընդունելության կենտրոնացված համակարգը։

Կարևորելով հանրապետության կրթական համակարգում միջազգային չափանիշներով նոր համալսարան ունենալու անհրաժեշտությունը, ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի նախագահ աշխատելու ժամանակահատվածում, Վիլիկ Հարությունյանը ամենգործուն մասնակցությունն է ունեցել 1991 թվականին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հիմնադրամի գործում և ընդգրկվել համալսարանի հոգաբարձուների խորհրդում։ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ նա հետմահու պարգևատրվել է համալսարանի առաջին մեդալով։

Վիլիկ Հարությունյանը հաջողությամբ համատեղել է գիտական, կազմակերպչական և հասարակական գործունեությունը մանկավարժական գործունեության հետ։ 1960 թվականից դասախոսելով ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում՝ նա պատրաստել է գիտության 25 թեկնածու և 7 դոկտոր, ինչպես նաև հարյուրավոր երիտասարդ, տաղանդավոր մասնագետներ, որոնցից շատերը այսօր հաջողությամբ աշխատում են աշխարհի առաջատար համալսարաններում՝ բարձր պահելով Հայաստանի գիտնականների վարկանիշը։

Նա հեղինակ է ավելի քան 250 գիտական աշխատությունների, որոնց մեծ մասը լույս են տեսել արտասահմանյան գիտական ամսագրերում և պարբերակններում։ 1996 թվականին Բելգիայում, «Physics reports» ամսագրում լույս է տեսել նրա «Laser radiation free electron interaction» աշխատությունը։ 1999 թ. Նոբելյան մրցանակների կոմիտեն, բացառության կարգով, առաջարկել է ներկայացնել այդ աշխատությունը ավելի ծավալուն տպագրության, որը նա, ցավոք, չի հասցրել ավարտել։

Եղել է ԽՍՀՄ ԳԱ «Օպտիկա» միացյալ գիտական խորհրդի «Կոհերենտ և ոչ գծային օպտիկա» բաժանմունքի գիտական խորհրդի անդամ, ԽՍՀՄ ժողկրթության պետական կոմիտեի «Լազերներ» ամսագրի գիտական խորհրդի նախագահի տեղակալ, իսկ այնուհետ նախագահ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի օգոստոսի 19-ին, 64 տարեկան հասակում, Վիլիկ Հարությունյանը հանկարծամահ է եղել իր աշխատատեղում՝ թողնելով տեսական և գործնական հսկայածավալ գիտական ժառանգություն։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլիկ Հարությունյանը ծանոթացել է իր կնոջ՝ Լենա Թորգոմյանի հետ ուսանողական տարիներին։ Լենա Թորգոմյանը ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը։ Նա երկար տարիներ աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտում, իսկ հետագայում ՀԽՍՀ «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչությունում»՝ որպես գլխավոր ճարապետ։ Նա հեղինակել է մի շարք մշակութային հուշարձանների և ճարտարապետական կոթողների վերականգման նախագծային աշխատանքները կամ մասնակցել դրանց (Կեչառիսի վանական համալիր, Հառիճավանք, Աշտարակի ժողովրդական տներ և այլն )։ Լենա Թորգոմյանը Հայաստանի ճարտարապետների միության անդամ էր։ Նա մահացել է 2018 թվականի նոյեմբերին։

Վիլիկ Հարությունյանն ունի երկու դուստր՝ Գայանե Հարությունյանը և Կարինե Հարությունյանը։ Երկուսն էլ մասնագիտությամբ ֆիզիկոսներ են՝ լավագույնս հարստացնելով ընտանեկան ավանդույթները։ Գայանե Հարությունյանն 2005 թվականից «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի տնօրենն է։ Կարինե Հարությունյանը 1996 թվականից շուրջ 20 տարի աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, որից վերջին 8 տարին նախարարի տեղակալի պաշտոնում։ Ներկայումս նա Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորն է։

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլիկ Հարությունյանը արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ ՀԽՍՀ լենինյան կոմերիտմիության մրցանակի (1967), Աշխատանքային կարմիր դրոշի (1976), Պատվո նշան շքանշանի (1986), Բրատիսլավայի Կամենսկու անվան համալսարանի ոսկե մեդալի։ 1981 թվականին նրան շնորհվել է գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը։

Հիմնականա աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիզիկայի խնդիրներ: Բարձրագույն ուս. հաստատ. ընդունվողների համար, Երևանի պետական համալսարան, Երևան, «Միտք», 1966:
  • Քվանտային մեխանիկա: Դասախոսություններ, Պրակ. 1, ԵՊՀ, Տեսական ֆիզիկայի ամբիոն, Երևան, «Լույս», 1968 (համահեղինակ):
  • Отражение электронов от плоской электромагнитной волны в среде. В. М. Арутюнян, Г. К. Аветисян, Институт физических исследований АН Арм ССР. Ереван, 1971.
  • Поляризационные эффекты при прохождении излучения через резонансную среду. В. М. Арутюнян, Е. Г. Канецян, В. О. Чалтыкян, Институт физических исследований АН АрмССР. Ереван, Б. и., 1971.
  • Индуцированная оптическая анизотропия газа в поле резонансного лазерного излучения / В. М. Арутюнян, А. Ж. Мурадян, Ереванский государственный университет. Ереван, Б. и., 1977.
  • Коэффициент поглощения атома в поле резонансных встречных волн. В. М. Арутюнян, А. Ж. Мурадян, ЕГУ. Ереван, Б. и., 1977.
  • Исследование индуцированной оптической анизотропии в парах натрия: Препринт ПЛРФ-78-12 / В. М. Арутюнян, А. Ж. Мурадян, А. В. Карменян, ЕГУ. Ереван, Арус, 1978.
  • Поляризационная методика исследования релаксационных времен атомных уровней: Препринт ПЛРФ 78-13 / В. М. Арутюнян, Г. Г. Адонц, Т. А. Папазян и др., Ереван, Б. и., 1978.
  • Брэгговское отражение в газе в резонансном поле лазерного излучения: Препринт ПЛРФ-78-11 / В. М. Арутюнян, А. Ж. Мурадян, ЕГУ. Ереван, Арус, 1978.
  • Квантовая электродинамика: Курс лекций Арутюнян, В. М., Ереванский государственный университет. Ереван, ЕГУ, 1981.
  • Теория тонкопленочного квазиволноводного усилителя-генератора. Редкол.: В. М. Арутюнян и др, МВиССО АрмССР, ЕГУ, НИИ физики конденсир. сред. Ереван, Изд-во Ерев. ун-та, 1988.
  • Ֆիզիկայի խնդիրների և հարցերի ժողովածու: Բուհ ընդունվողների համար, ԵՊՀ, Կիսահաղորդիչների դիէլեկտրիկների ֆիզիկայի ամբիոն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1989 (համահեղինակ):
  • Газовые лазеры: Сборник научных трудов / Ерев. гос. ун-т, Науч.-произв. об-ние Лазер. техника, [Редкол.: В. М. Арутюнян и др.]. Ереван, ЕГУ, 1989.
  • LabVIEW սկսնակների և մասնագետների համար: Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2012:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 323 CC-BY-SA-icon-80x15.png