Վիեննայի ժողովրդական օպերա
![]() | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Վիեննա[1] |
Հիմնադրման ամսաթիվ | 1898 |
Ճարտարապետ | Ալեքսանդր Գրաֆ և Franz von Krauss? |
Կայք | volksoper.at(գերմ.) |
![]() |
Վիեննայի ժողովրդական օպերա կամ Ֆոլկսոպեր (գերմ.՝ Volksoper Wien), օպերային թատրոն Վիեննայում, երկրորդը Վիեննայի պետական օպերայից հետո։ Մեկ թատերաշրջանի ընթացքում` սեպտեմբերից հուլիս, տալիս է մոտ 300 ներկայացում։ Նախատեսված է 1473 հանդիսատեսի համար, հարկ եղած դեպքում լրացուցիչ տեղերում կարող է տեղավորել կանգնած ևս 102 հանդիսատես։ Օպերայի խաղացանկն ավանդաբար ներկայացնում է օպերետներ և օպերաներ գերմաներենով։ Ներկայումս օպերայում բեմադրվում են օպերաներ, օպերետներ, զինգշպիլներ, մյուզիքլներ ու բալետային ներկայացումներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոնը կառուցվել է 1898 թվականին։ Ի սկզբանե Ֆոլկսոպերը ստացել է «Կայսեր հոբելյանի քաղաքային թատրոն» անվանումը (գերմ.՝ Kaiser-Jubiläums-Stadttheater)` ի պատիվ Ֆրանց Յոզեֆ I-ի պաշտոնավարման 50-ամյակի։ Թատրոնը նախատեսված էր միայն պիեսների բեմադության համար, սակայն 1903 թվականին բեմում ներկայացվեցին նաև օպերաներ ու օպերետներ։
1906 թվականին թատրոնի առաջին կապելմայստերը դարձավ ավստրիացի կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Ցեմլինսկին։ «Տոսկայի» և «Սալոմեայի» առաջին բեմադրությունները կայացել են 1907 և 1910 թվականներին։ Այստեղ հանդես են եկել համաշխարհային հռչակ վայելող այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Մարիա Երիցան և Ռիխարդ Տաուբերը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ֆոլկսոպերը դարձել է Վիեննայի երկրորդ հռչակավոր օպերային թատրոնը, սակայն 1929 թվականին այն փոխել է իր խաղացանկը` գերադասելով վոդևիլի ժանրը։ Երկրորդ աշխարհամարտից հետո թատրոնը վերածվել է Վիեննայի պետական օպերայի լրացուցիչ բեմահարթակի, քանի որ վերջինս տուժել էր ռմբակոծություններից։ 1955 թվականին Վիեննայի ժողովրդական օպերան անցնում է իր հին նշանակությանը` կրկին բեմադրելով օպերաներ, օպերետներ, մյուզիքլներ։ 1983 թվականին Ֆոլկսոպերը հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ-ում[2]։
Թատրոնի հայրենասիրական կարևոր քաղաքականությունն է գերմաներենով ստեղծագործությունների բեմադրությունը. նույնիսկ օտարալեզու գործերը ներկայացվում են գերմաներենով (այստեղից էլ անվանումը` Volksoper, բառացի` ժողովրդական թատրոն)։ 21-րդ դարում աստիճանաբար ներկայացվում են նաև այլալեզու ստեղծագործություններ, մասնավորապես` ամերիկյան մյուզիքլներ բնագրային լեզվով։ Լինում է և այնպես, որ վոկալային հատվածներում գերմաներենով երկխոսությունները հաջորդում են բնագիր լեզվով երկխոսություններին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Гастроли Венского театра Volksoper в Москве (июль 1983 г.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիեննայի ժողովրդական օպերա կատեգորիայում։ |
|