Jump to content

Վեյգելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեյգելա ծաղկառատ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Վեյգելա ծաղկառատ (Weigela)
Thunb., 1781

Վեյգելա առատածաղիկ (լատին․՝ Weigela floribunda), ցախեկեռասազգիների ընտանիքի, վեյգելա ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 3 մ բարձրությամբ տերևաթափ թուփ է։ Երիտասարդ ընձյուղները մազմզուկապատ են, կամ մազմզուկները երկու շարքով են դասավորված։ Տերևները էլիպսաձև են, երկարավուն ձվաձև կամ երկարավուն հակառակ ձվաձև, 7-10 սմ երկարությամբ, գագաթում սրածայր, լայն սեպաձև կամ կլորավուն հիմքով, սղոցաեզր, վերևի կողմից ծածկված նոսր աղվամազով, ներքևի կողմից մազմզուկապատ են միայն գլխավոր ջիղի ուղղությամբ։ Տերևակոթունները կարճ են, 0,2-0,5 սմ երկարությամբ։ Ծաղիկները նստադիր են։ Պսակը խողովակաձագարաձև է, մուգ կարմիր, անհավասար բլթակավոր, 2,5-3 սմ երկարությամբ, մազմզուկապատ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Տարածված է Ճապոնիայի լեռներում։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր հանրապետությունում մշակության մեջ հաճախ է հանդիպում։ Հաջողությամբ է աճում ու զարգանում միայն ցածրադիր և մասամբ` միջին լեռնային գոտու պայմաններում։ Երևանում, Դյուլագարակում, Բյուրականում և Իջևանում չի ցրտահարվում, առատորեն ծաղկում է, սակայն Երևանում չի պտղաբերում (պատճառն անհայտ է)։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափազանց արժեքավոր, դեկորատիվ թփատեսակ է, որն աչքի է ընկնում գեղեցիկ ու երկարատև ծաղկմամբ։ Երբեմն սեզոնի ընթացքում ծաղկում է 2 անգամ։ Լուսասեր է, բավականին խոնավասեր, պահանջկոտ է հողային պայմանների նկատմամբ։ Լավ է աճում սննդանյութերով հարուստ, փուխր, չափավոր խոնավ, օդաթափանց և ջրաթափանց հողերում։ Ջերմասեր է, սակայն դիմանում է նաև մինչև -30 °C-ի սառնամանիքներին։ Դժվարությամբ է տանում խոտային բուսականության մրցակցությունը և դրանց դեմ պայքար չտանելու դեպքում արագորեն կորցնում է իր դեկորատիվ հատկանիշներն ու երբեմն` ոչնչանում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 298։