Վարսահարդարման պարագաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարսահարդարման պարագաներ, օգտագործվում են մազերի տեսքը և/կամ ձևը փոխելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսահարդարման պարագաները նշանակալի ազդեցություն են ունեցել պատմության ընթացքում տարբեր սանրվածքների և միտումների ստեղծման վրա։ Հին եգիպտացիների համար արտաքին տեսքը շատ կարևոր էր անուշահոտելու գործընթացում։ Մազերը հաճախ հարդարվում էին հանգուցյալի անհատականությունը պահպանելու համար։ Յուղային նյութը, որն այժմ հայտնի է որպես մազերի գել, օգտագործվում էր մազերը հարդարելու և հարդարանքը պահպանելու համար[1]։ 1980-ականների պանկ շարժումը հանրաճանաչ դարձավ՝ օգտագործելով մազերի գել՝ սուր՝ դեպի վեր ցցված սանրվածքներ ստանալու համար, ինչպիսիք են մոհաքները։ Հին գալլերը որպես մազերի հարդարման միջոց հորինել էին մոմանման օճառանման նյութ, որը նման է մազերի մոմին։ Շատ տարիներ անց նույն օճառանման նյութը օգտագործվել է որպես մաքրող միջոց[2]։ 1948 թվականին Chase Products-ը դարձավ առաջին ընկերությունը, որն արտադրեց մազերի լաք։ Մազերի լաքը, 1950-ական թվականներին մեծ տարածում գտավ մազերը հարդարված պահելու և տեսքից չգցելու կարողության շնորհիվ[3]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազերի գել[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազերի հարդարում գելով

Մազերի գելը վարսահարդարման միջոց է, որն օգտագործվում է մազերը որոշ չափով քարացնելու համար։ Վերջնական արդյունքը նման է լաքով ստացվող արդյունքին, բայց ավելի պինդ է, քան լաքը։ Մազերի գելը ամենից հաճախ օգտագործվում է տղամարդկանց վարսահարդարման ժամանակ, բայց սեռով պայմանավորված սահմանափակում չունի։ Մազերի գելը կարող է լինել շշերով, տարաներով, փոքրիկ տարաներով կամ նույնիսկ լաքի տեսքով։

Մազի մոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոմադով լի փոքրիկ տարա

Մազի մոմը վարսահարդարման պինդ նյութ է, որը պարունակում է պարաֆին, ինչն էլ օգնում է մազերը հարդարված պահել։ Ի տարբերություն որոշ ապրանքների, որոնք մազերն ավելի շատ չորացնում են, ինչպիսին օրինակ մազի գելն է, մոմը մազերը ճկուն է դարձնում։ Շատ արտադրողներ այժմ թողարկում են մազերի մոմի տարբեր տեսակներ, ինչպիսիք են պոմադը, կրեմը, կպչուն նյութերը, ամրեցնող մածուկներն ու ոճավորող գելերը[4]։

Մազերի մուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազերի մուսը մազերին լրացուցիչ ծավալ և փայլի հաղորդող միջոց է։ Այն առավել հաճախ արտադրվում է փրփուր տարբերակով, բայց կարելի է գտնել նաև լակի տեսքով։ Մազերի մուսը ավելացնում է ծավալ՝ չառաջացնելով գնդիկներ կամ նստվածքներ։ Սա մազերի գելի ավելի թեթև այլընտրանք է։ Մուսը սովորաբար կիրառվում է խոնավ մազերի արմատներին՝ վարսահարդարիչով չորացնելուց կամ հարդարելուց առաջ։ Մուսը կարող է օգտագործվել նաև գանգուրներին կայունություն տալու կամ մազերի կառուցվածքին լողափի քամու էֆեկտ հաղորդելու համար։

Պոմադ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոմադը յուղի կամ ջրի հիմքով միջոց է, որը նախատեսված է հարթ և ամուր սանրվածքներ ստանալու համար։ Ի տարբերություն մազերի լաքի և մազերի գելի, պոմադը չի չորանում, և այն մաքրելու համար պետք է ուղղակի մի քանի անգամ լվանալ։ Մաքրելու գործընթացն արագացնելու համար կարելի է օգտագործվել յուղազերծող շամպուններ և խորը մաքրող կոնդիցիոներներ։ Մաքրելու այլ միջոցներ կարող են հանդիսանալ ձիթապտղի յուղը, սպասք լվացող հեղուկը և կիտրոնի հյութը։

Յուղային հիմքով պոմադներից շատերը պարունակում են նավթային ժելե (և իրականում նավթային ժելեն կարող է օգտագործվել միայն որպես պոմադ) և հանքային յուղ, ու շատերը պարունակում են նաև ինչ-որ տեսակի մոմ[5]։ Դրանք կարող են պարունակել նաև բույրեր և ներկանյութեր։ Այսօր դեռ արտադրվում են բազմաթիվ պոմադներ, որոնք տարբերվում են այնպիսի գործոններով, ինչպիսիք են քաշը, փայլը և բույրը:Ամենաթունդը պարունակում է ավելի շատ մեղրամոմ[6], մինչդեռ ամենաթեթևը կարող է ունենալ յուղերի ավելի մեծ հարաբերակցություն։

Մազերի լաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազի լաքի տարա

Մազերի լաքը սովորական կենցաղային ջրային լուծույթ է, որն օգտագործվում է մազերը որոշակի ձևով քարացնելու համար։ Այն առաջին անգամ մշակվել և արտադրվել է 1948 թվականին Իլինոյսի Բրոդվեյում հիմնադրված Chase Products-ի կողմից։ Այն ավելի թեթև է, քան մազերի գելը կամ մոմը, որը պարզապես ցողվում է մազերին՝ երկար ժամանակ հարդարանքը պահպանելու համար։ Այն հավասարապես ցողվում է մազերի վրա՝ պոմպով կամ աերոզոլային լակի գլխիկով։ Այս միջոցը կարող է մազերը դարձնել «խրթխրթան», քանի դեռ չի մաքրվել։

Մազերի լաքի ակտիվ բաղադրիչները կոչվում են պոլիմերներ, որոնք մազերն առանց ճաքճքելու ամուր և պինդ են պահում։ Լուծիչները, որոնք լաքի պարունակության մեծ մասն են կազմում, պատասխանատու են այս պոլիմերները լուծույթում տեղափոխելու համար[7]։

Ի սկզբանե մազերի լակի մեջ հայտնաբերված լուծիչը քլորոֆտորածխածին էր (CFC): Քլորոֆտորածխածինները ոչ թունավոր են, ոչ դյուրավառ և կազմում են գրեթե իդեալական աերոզոլային վառելիք։ Այնուամենայնիվ, երբ հետազոտության արդյունքում պարզվեց, որ քլորոֆտորածխածինները հանգեցնում են ստրատոսֆերային օզոնի ոչնչացմանը, դրանք փոխարինվեցին այլ լուծիչներով, ինչպիսիք են սպիրտը և ածխաջրածինները[8]։

Մազերի լաքի պատրաստման մեջ օգտագործվող պոլիմերներից մեկը պոլիվինիլպիրոլիդոնն է, որը ջրում լուծվող է։ Ջրում չլուծվող պոլիմերային պոլիդիմեթիլսիլոքսանն ավելացվում է, որպեսզի պահպանումը մի փոքր երկար տևի։ Մազերի լաքի մեջ հայտնաբերված ավելի քիչ տարածված պոլիմերները ներառում են վինիլացետատով համապոլիմերներ և մալեյնային անհիդրիդով համապոլիմերներ։

Մազերի որոշ լաքեր պարունակում են բնական պոլիմերներ և լուծիչներ, ինչպիսիք են սպիրտի մեջ լուծված բուսական խեժերը։ Մազերի բնական լաքերի հայտնի բաղադրիչը արաբական խեժն է, որը պատրաստվում է ակացիայի ծառի տարբեր տեսակների հյութից։ Տրագականթը բուսական ևս մեկ խեժ է, որն օգտագործվում է կալիկոնը և կրեպը (կտորի տեսակներ), ինչպես նաև մազերը ամրացնելու համար։

Մազերին ծավալ հաղորդող միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազերին ծավալ հաղորդող միջոցներն օգտագործվում են բարակ կամ հարթ մազերին ժամանակավորապես ծավալ, փարթամություն և փայլ հաղորդելու համար։ Մազերին ծավալ հաղորդող միջոցներն օգտագործվում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց կողմից։ Տղամարդիկ կիրառում են այս միջոցները, իրենց մազերին ավելի փարթամ տեսք տալու համար։ Ծավալ հաղորդող միջոցները բազմաթիվ են, օրինակ, շամպունները, կոնդիցիոներները, սփրեյները, պոմադները և լոսյոնները։

Մազերին ծավալ հաղորդող միջոցները պարունակում են խոնավեցնող նյութեր, որոնք հարակից շրջաններից խոնավությունը հասցնում են մազի կառուցվածքի մեջ՝ այդպես մազերին տալով ծավալ ու դրանք դարձնելով ավելի փարթամ։ Տարբեր պոլիմերները, որոնք առկա են ծավալ հաղորդող միջոցում, ընդգրկում են մազերի՝ դարձնելով այն ավելի խիտ և փայլուն։

Ծավալ հաղորդող շամպուններն և կոնդիցիոներները օգտագործվում են այնպես, ինչպես սովորական շամպունը կամ կոնդիցիոները։ Ծավալ հաղորդող լաքը և լոսյոնը օգտագործվում են արմատներին մոտ խոնավ մազերի վրա։ Մազերին ծավալ հաղորդող միջոցներն օգտագործելու համար մարդը պետք է գլուխը շրջի դեպի ներքև և աստիճանաբար չորացնի դրանք՝ օդը փչելով մազերի երկայնքով այնքան, մինչև մազերը չորանան։ Մազերը այս դիրքում չորացնելը կմեծացնի ծավալը և կհասցնի ցանկալի արդյունքին։

Թեև վերը թվարկված վարսահարդարման միջոցները ամենատարածվածն են, կան նաև այլ տեսակի միջոցներ։ Շիճուկները, ներծծվող կոնդիցիոները, կավերը, մազերի տոնիկները, մազերի չոր փոշի շամպունը և ջերմային պաշտպանության սփրեյները հաճախ օգտագործվում են վարսահարդարման համար՝ տվյալ երկրի գեղեցկության բոլոր սրահներում և տնային պայմաններում։

Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճիշտ կիրառման դեպքում հարդարման միջոցների մեծ մասը չի վնասի մազերը։ Այնուամենայնիվ, ցանկացած տեսակի հարդարման միջոց օգտագործելիս՝ մազերի չորանալու վտանգ միշտ կա։ Հարդարման որոշ պարագաներ պարունակում են բաղադրիչներ, որոնք կարող են քայքայել մազերի բնական յուղերը, կամ այնպիսի բաղադրիչներ, որոնք կարող են առաջացնել թեփ կամ քոր, ու վնասել մազերը։ Վնասակար բաղադրիչների այս կուտակումը կարող է առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մազերի չորությունը, մազերի կոտրտումը, էկզեման կամ մազերի նոսրացումը։

Մազերը չորացնելու և հարդարելու համար, վարսահարդարիչ օգտագործելիս, դրա ջերմաստիճանը կարող է վնասել մազերի կառուցվածքը[9]։ Ջերմային այս վնասը կարելի է կանխել՝ օգտագործելով ջերմային պաշտպանիչ սփրեյ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McCreesh, N. C.; Gize, A. P.; David, A. R. (2011 թ․ դեկտեմբերի 1). «Ancient Egyptian hair gel: new insight into ancient Egyptian mummification procedures through chemical analysis». Journal of Archaeological Science. 38 (12): 3432–3434. Bibcode:2011JArSc..38.3432M. doi:10.1016/j.jas.2011.08.004.
  2. «All about hair wax». monplatin-news.com (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. «Hair Spray facts, information, pictures | Encyclopedia.com articles about Hair Spray». www.encyclopedia.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. helped hair grow/tips/g8155/history-of-hair-removal/?slide=1 «History of Hair Removal». ELLE. 2013 թ․ մարտի 28. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  5. Robinson, Dixie (2008). «Hair pomade composition and method of making the same». USPTO Patent Full-Text and Image Database. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  6. «BEESWAX: Uses, Side Effects, Interactions and Warnings - WebMD». www.webmd.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «How hairspray is made». Made How. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  8. «The Montreal Protocol». www.unep.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  9. Bergfeld, W. F. (1981). «The Side Effects of Hair Products on the Scalp and Hair». Hair Research (անգլերեն). Springer, Berlin, Heidelberg. էջեր 507–512. doi:10.1007/978-3-642-81650-5_82. ISBN 9783642816529.