Ստեփան Բեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Բեկյան
Ծնվել է1919
ԾննդավայրՓառակա, Նախիջևանի գավառ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Մասնագիտությունռազմական բժիշկ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան

Ստեփան Գրիգորի Բեկյան (1919, Փառակա, Նախիջևանի գավառ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն), հայ ռազմական բժիշկ, գնդապետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, ԽՄԿԿ անդամ (1941)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Գերմանա-խորհրդային պատերազմը աշխատել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի տրոպիկական կայանում որպես պետ և արդյունավետ գործ կատարել մալարիայի վերացման բնագավառում։

1941 թվականի հունիսի 23-ին զորակոչվել է բանակ և 400-րդ Սևաստոպոլյան գնդի հետ, որպես բժշկական վաշտի կրտսեր բժիշկ, Կովկասի նախալեռներից հասնել է Բեռլին։ Պատերազմի ավարտից հետո շարունակել է զինվորական ծառայությունը։ Գերազանցությամբ ավարտել է Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայի բժշկահրամանատարական ֆակուլտետը։ Ծառայել է տարբեր զորամասերում, եղել է գնդի բժշկական վաշտի կրտսեր, ապա՝ գնդի ավագ բժիշկ, գնդի բժշկական մասի պետ, դիվիզիայի համաճարակաբան, դիվիզիայի բժշկական ծառայության պետ։

1974 թվականին բժշկական ծառայության գնդապետի աստիճանով զորացրվել է բանակից։ Գալով Երևան՝ աշխատանքի է անցնում բժշկական ինստիտուտի ռազմագիտության ամբիոնում որպես վարիչի տեղակալ։ Հետագայում նշանակվում է ուսանողների արտադրական պրակտիկայի բաժնի վարիչ։

Կարմիր աստղի շքանշանի և կառավարական 21 այլ պարգևների ասպետ է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 57-58։