Ստալինի հուշարձան (Երևան)
Ստալինի հուշարձան (Երևան) | |
---|---|
Տեսակ | հուշարձան և Կորսված հուշարձան |
Ճարտարապետ | Ռաֆայել Իսրայելյան |
Բարձրություն | 50 մետր |
Երկիր | ԽՍՀՄ |
Բնակավայր | Երևան |
Ներկա վիճակ | մասնակի քանդվել է |
Ստալինի հուշարձան, բացվել է Երևանում 1950 թվականի հոկտեմբերի 29-ին։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Սերգեյ Մերկուրովը և ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Այն ԽՍՀՄ-ի տարածքում Ստալինի ամենամեծ հուշարձաններից մեկն է եղել (բարձրությունը պատվանդանի հետ կազմել է 50 մ)[1][2]։ 1962 թվականին Ստալինի արձանը հանվել է պատվանդանից, իսկ 1967 թվականին նրա տեղում կանգնեցվել է «Մայր Հայաստան» արձանը (քանդակագործ՝ Արա Հարությունյան)[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանում Ստալինի արձանը տեղադրելու գաղափարը ծագել է Հայրենական մեծ պատերազմի վերջում։ Հուշարձանը կառուցվել է մի քանի ամսում[3]։ Տեղացիների շրջանում լեգենդ է պտտվել, որ Ստալինը գիշերը ժամանել է Երևան, որպեսզի տեսնի հուշարձանը (այն նրան դուր է եկել), որից հետո անմիջապես վերադարձել է Մոսկվա[2]։
Հուշարձանը հանդիսավոր բացվել է 1950 թվականին հոկտեմբերի 29-ին։ Բացումը զուգադիպել է Խորհրդային Հայաստանի 30-ամյակի հետ։ Բացման օրը մառախուղ է եղել, որից հուշարձանի վերին մասը ծածկվել է։ Լուսանկարիչ Նեմրութ Բաղդասարյանը բացման արարողության լուսանկարը մոնտաժել է ավելի վաղ արված նկարների հետ, և լուսանկարն այդ տեսքով հայտնվել է խորհրդային բազմաթիվ թերթերի էջերում[2]։
Սկզբում նախատեսված է եղել հուշարձանի վիթխարի պատվանդանում բացել Հայրենական մեծ պատերազմի և այդտեղ Ստալինի ունեցած դերի վերաբերյալ թանգարան[1][3]։ 1951 թվականին հուշարձանի հեղինակներ Սերգեյ Մերկուրովն ու Ռաֆայել Իսրայելյանն իրենց աշխատանքի համար արժանացել են Ստալինի առաջին աստիճանի մրցանակի[1]։
1962 թվականին՝ Ստալինի անձի պաշտամունքի դեմ պայքարի ընթացքում, արձանը հանվել է պատվանդանից։ Գոյություն ունի լեգենդ, ըստ որի՝ ապամոնտաժման ժամանակ զինվոր է մահացել, սակայն այն չի համապատասխանում իրականությանը։ 1967 թվականին նրա տեղում տեղադրվել է «Մայր Հայաստան» հուշարձանը, որը քանդակագործ Արա Հարությունյանի աշխատանքն է[2]։
Ստալինի հուշարձանի աչքը ներկայումս պահպանվում է Ա. Ա. Հարությունյանի արվեստանոցում[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը կանգնեցվել էր Ստալինի պողոտայի վերջում՝ բլրի գագաթին (այժմ՝ Մաշտոցի պողոտա)[4]։ Նրա բարձրությունը պատվանդանի հետ կազմել է 50 մետր, Ստալինի բրոնզե արձանն ունեցել է 16,5 մետր բարձրություն։ Այսպիսով, այն կարելի էր տեսնել ոչ միայն քաղաքի բոլոր կետերից, այլ նաև մոտակա բազմաթիվ գյուղերից[1]։
Հուշարձանի հիմնական գաղափարը եղել է Ստալինի կերպարի ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակների նույնացումը։ Աստիճանաձև ավարտվող վիթխարի պատվանդանը նախատեսված է եղել Հաղթանակի թանգարանի համար։ Ներսում տեղակայված են եղել մեծ սրահներով երեք հարկեր[1]։ Դրսից Պատվանդանի դրսից հայկական սև տուֆով արված է ստորին հարթակ, իսկ բազալտից՝ աստիճաններ։ Դիմային մասում Հաղթանակի շքանշանի տեսքով հարթաքանդակ կա[3]։
Պատվանդանին կանգնեցվել է Ստալինի պղնձե հուշարձանը։ Նա քանդակված է հրամանատարի շինելով, ձախ ձեռքին զինվորական գլխարկ է[3], իսկ աջ ձեռքը դրել է շինելի կոճակափեշին։ Քանդակագործը Ստալինին ներկայացրել է վեհ ու առնական, բայց միևնույն ժամանակ նրա կերպարանքում նկատելի է պարզությունն ու մարդկայնությունը։ Գլխի և ուսերի թեթև շրջված լինելը հաղորդում է ներքին էներգիա ու մտքերի լարվածություն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Цапенко М. П. О реалистических основах советской архитектуры. Гос. изд-во лит-ры по строительству и архитектуре, 1952. — С. 330
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հաղթանակ զբոսայգի կամ «Մոնումենտ»` կենդանի պատմություն // «Երևան. 20-րդ դար». Հոկտեմբեր 2, 2012
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 И. Аграновский Образ вождя // «Смена», № 575, Май 1951.
- ↑ А. А. Степанян, Т. С. Симян Ереван как семиотический текст (опыт реконструкции «начала» и «конца» проспекта Маштоца) // Критика и семиотика. Вып. 16, 2012. С. 6–16.