Մարմնի երկարությունը 20-22 սմ է, թևերի բացվածքը՝ 54-60 սմ, կենդանի զանգվածը՝ 110 գ։ Մարմինը վերևից, կրծքի շերտը, պոչի ստորին մակերեսը և թևատակը դարչնագույն են։ Կոկորդը և փորը սպիտակ են։ Թռիչքի ընթացքում շատ գեղեցիկ ու գրավիչ է՝ սևի ու սպիտակի համադրությամբ։ Ցերեկը մշտապես անցկացնում է օդում, հանգստանում է ժայռերի ու պատերի վրա։ Երկար թևերն ու կարճ ոտքերը թռչունին խոչընդոտում են գետնից պոկվելուն։ Ենթադրվում է, որ քնում է թռիչքի ընթացքում։
Ձայնը դողդոջուն է, ուժգին, որն աստիճանաբար վերածվում է մարող գվվոցների։ Բնակվում է ուղղաբերձ ժայռերով լեռներում, քարանձավներում և խոր ձորերում։ Սնվում է թռչող անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը՝ ապրիլի 1-ին տասնօրյակին։
Բնադրումը գաղութային է (մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր զույգ թռչուն)։ Բնադրագույգերը ձևավորվում են ապրիլի ընթացքում։ Կենսաբանական բոլոր պահանջների (սնում, ծարավի հագեցում, բնի կառուցման համար նյութերի հայթայթում) կատարումը և զուգավորումը տեղի են ունենում թռիչքի ընթացքում։ Բույնը գավաթաձև է՝ թքով կպցրած բույսերից ու փետուրներից։ Բնադրում է ժայռաճեղքերում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են հավանաբար ապրիլ-մայիսի սկզբին։ Դնում 130 մմ տրամագծով, սպիտակ 3 ձու։ Թխսակալում է էգը՝ հունիսից հուլիսի 1-ին տասնօրյակը։ Ձագերը հայտնվում են հուլիսի ընթացքում։