Սուրբ Սարգիս զորավար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրբ Սարգիս զորավարը(լատ. Սերգիուս) հայոց ամենասիրված սրբերից է։ Ծնվել է Գամիրքի Մաժաք քաղաքում մոտ. 330 թ.սպանվել է 363 թ.Պարսկաստանի Դամղան քաղաքում, ապա թաղվել է Դաշտային Կիլիկիայի Համիան քաղաքում։Սուրբ Սագիսը ազգությամբ հայ չէ, սակայն քրիստոնեական հավատքի համար նահատակված այն վկան է, որի անունը կապվում է Հայոց աշխարհի հետ։ Քրիստոսի քաջ, առաքինի զինվորը և անհաղթ վկան՝ Սուրբ Սարգիսը ազգությամբ հոռոմ էր (այսպես կոչում էին բյուզանդական շրջանի հույներին), ապրում էր Կապադովկյան Կեսարիայի Գամիրք գավառում (4-րդ դար)։ Իր որդու՝ Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ՝ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում։ Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ։ Հռոմեական զորքի ստրատեգ լինելով և լավ պատկերացնելով իրեն սպասվող կտտանքներն ու խոշտանգումները՝ Սուրբ Սարգիսը անվախորեն և համարձակությամբ ամենուր քարոզում էր Սուրբ Ավետարանը, կործանում էր հայկական բագինները, մեհյանները, կառուցում եկեղեցիներ, օգնում աղքատներին ու կարոտյալներին և տարածում քրիստոնեությունը։ Օգտվելով կայսեր հոժարությունից՝ իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը։ Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու դեմ հալածանքները Ս.Սարգիսը աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից իր որդի Մարտիրոսի հետ գալիս ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին։ Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է դեպի Պարսկաստան, Հայոց արքան, որպեսզի իր երկիրը զերծ պահի հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ։ Շապուհը սիրով ընդունում է նրան և նշանակում զորագնդերի հրամանատար։ Զորականներից շատերը, տեսնելով քաջ զորավարի բարեպաշտությունը, նրա վարքով վկայված նվիրումն առ Աստված և աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա։ Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել։ Զորավարը մերժում է՝ ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Արարողը երկնքի և երկրի։ Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»։ Այդ խոսքերից հետո Ս.Սարգիսը կործանում է բագինը։ Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա։ Առաջինը նահատակության պսակը ընդունում է նրա որդին՝ Մարտիրոսը։ Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ՝ գլխատվում։ Նահատակվելուց հետո Ս.Սարգսի մարմնի վրա լույս է իջնում։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս.Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները մարտիրոսացել է իր Մարտիրոս որդու և մի շարք հավատակից զինվորների հետ Պարսկաստանի Դամղան քաղաքում (հմմ. Դաղման)։ Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Դաշտային Կիլիկիայի Համիան քաղաքում։ Քանի որ Ս.Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է, պատահական չէ, որ Ս.Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները տեղափոխում է Ուշի` Աշտարակի շրջան, ամփոփում և կառուցում երանելու անունը կրող եկեղեցի:Սբ. Սարգիսը համաժողովրդականություն ունի հայերիս մեջ, վկայում են Հայաստանում նրա անունով կառուցված մոտ 220 սրբավայրերը՝ վանքերը (Դերսիմում, Վասպուրականի Հայոց ձորում, Արցախում, Այրարատում, Տուրուբերանում, Կիլիկիայում և այլուր), եկեղեցիները, մատուռները (Լոռիում)։ Հայոց աշխարհում ամենուրեք հիմնադրվել են սրբավայրեր Սուրբ Սարգսի անվամբ։ Դրանցից ամենահնագույնը Ուշիի Սուրբ Սարգիս վկայարան-եկեղեցին է։ Սուրբի անունով մեզ հայտնի են նաև բերդեր (Դերսիմում, Նախիջևանում և Շապին-Գարահիսարում), գյուղեր (Ծոփքում, Աղձնիքում, Տայքում, Բարձր Հայքում, Այրարատում, Արցախում և այլուր), լեռներ (Կիլիկիայում, Ծոփքում, Վասպուրականում, Լոռիում), գետեր (Օլթի գետի ավազանում), աղբյուրներ (Գուգարքում), թաղամասեր (Ծոփքում), բլրակներ (Գուգարքում), ձմեռանոցներ (Գուգարքում), մենաստաններ (Բարձր Հայքում):Ըստ «Հայսմավուրք»-ների նրանց նահատակությունը տեղի է ունեցել 363 թ. հունվարի 31-ին, Մազանդարան նահանգի Դաղման քաղաքի մոտ։

Ս.Սարգիս` երիտասարդների և սիրո բարեխոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս.Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։ Ս.Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է։

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։

Արարողակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ օրը ժողովրդական սովորույթներից է փոխինդով լի մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սապսել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին։ Ըստ ավանդույթի՝ Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա նրա երազանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։