Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ադանա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կորսված եկեղեցի |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Ադանայի մարզ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն |
Հիմնական ամսաթվերը | 12-րդ դար |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 12-րդ դար |
Surp Asdvadzadzin Cathedral, Adana Վիքիպահեստում |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող ավերված եկեղեցի Կիլիկիայում, ներկայիս՝ Թուրքիայի Հանրապետության Ադանայի մարզի Ադանա քաղաքում[1][2]։ Կառուցվել է 13-րդ դարից առաջ, վերստին վերանորոգվել է 1840 թվականին, նույնանուն եկեղեցու տեղում[3]։ Մինչև 20-րդ դարի սկիզբ եկեղեցուն կից գործում էր վարժարան[2]։ Հայ առաքելական համայնքին ծառայել է մինչև 1922 թվականը[3]։ Քանդվել է 1970-ական թվականներին, որպեսզի տեղ բացվի Թուրքիայի կենտրոնական բանկի տարածաշրջանային շենքը կառուցելու համար[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
13-րդ դարից սկսած հաճախ է հիշատակվում Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցու հետ միասին[3]։ Եկեղեցու շինարարության նախաձեռնողը եղել է Նահապետ Աղան, ճարտարապետը՝ Հակոբ Խալֆան, իսկ ծախսերը հոգացել են Ադանայի հայերը[3]։ 1890 թվականին, Ադանայի հոգևոր առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Վեհապետյանի գլխավորությամբ, Ադանայի հայերը նշում են Սուրբ Աստվածածին և Սուրբ Ստեփանոս եկեղեցիների 50-ամյակը[3]։ Ադանացիները Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչում էին՝ «Վերի Եկեղեցի», իսկ Սուրբ Ստեփանոսը՝ «Վարի Եկեղեցի»՝ առաջնին բլրային, իսկ երկրորդին դաշտային դիրքի պատճառով[3]։
Ղևոնդ Ալիշանը իր «Սիսուան» աշխատությունում գրում է՝
Վարժարան[խմբագրել | խմբագրել կոդը]
1850-1860 թվականներին եկեղեցին ուներ երկհարկանի վարժարան, մեկ սրահով, որտեղ սովորում էր 200-300 աշակերտ՝ մեկ կամ երկու վարժապետով։ 1860-ական թվականներին վարժարանում պաշտոնավարում էր վարժապետ Լեչինյանը։ Միևնույն ժամանակ, Կոստանդնուպոլսի Պատրիարքարանից Սիս են ուղարկվում վարդապետ Մկրտիչ Խրիմյանը և վարժապետ Պետրոս Տեր-Թորոսյանը։ Նախ նրանք հայերենի և երաժշտության դասեր են տալիս Սսի Ժառանգավորաց վարժարանում, ապա Պետրոսը հրավիրվում է Ադանայի Ազգային վարժարան, որի համար Սուրբ Աստվածածին եկեղեցու վարժարանում ստեղծում է մասնավոր դասարան՝ 15-20 հոգուց բաղկացած աղջիկների համար։ Պետրոս վարժապետից հետո վարժարանում դասավանդում է Երուսաղեմի միաբան վարժապետ Խաչատուր Խանկյանը։ 1872 թվականին, Կոստանդնուպոլսից ուսուցչության է հրավիրվում Արամայիս վարժապետը, որին էլ հանձնվում է այն հարկաբաժինը, որը Պետրոս վարժապետի ժամանակ ստեղծվել աղջիկների վարժարանի համար։ Արամայիսը Վերի և Վարի վարժարաններից հավաքում է 50-60 հոգի առաջադեմ աշակերտների և դասավանդում նրանց՝ աշխարհաբար ընթերցանություն, քերականություն և հայոց պատմություն։ Նա դասարանում հայերեն խոսելը դարձնում է պարտադիր։ Արամայիսի մեկնելուց հետո, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Մկրտիչ Ա Քեֆսիզյանը Սսից Ադանա է ուղարկում Վրթանես վարդապետին[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Սուրբ Աստվածածին եկեղեցին 1908 թվականի հունվարի 15-ին
-
Սուրբ Աստվածածին եկեղեցին (ձախ կողմում)
-
Սուրբ Աստվածածին եկեղեցին 1908 թվականի մարտի 12-ին
-
Կիսավեր Սուրբ Աստվածածին եկեղեցին Ադանայի կոտորածից հետո, 1909 թվական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 31 — 1008 էջ։
- ↑ 2,0 2,1 «Հայոց պաշտամունքային վայրեր», Ստեփան Մելիք-Բախշյան, Երևան, ԵՊՀ Հրատարակչություն, 2009, էջ 48․
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Ատանայի հայոց պատմութիւն», Բիւզանդ Եղիայեան, Անթիլիաս, Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1970, էջ 617-620, 864․
- ↑ Cultural Genocide
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ադանա) կատեգորիայում։ |