Սղոցի սովորական
Սղոցի սովորական | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
I. aquifolium
L.S.
|
||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
Սղոցի սովորական (լատ.՝ I. aquifolium), բակլազգիների ընտանիքի, դեղնածաղիկ ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշտադալար ծառեր են, մինչև 15, հազվադեպ 25 մ բարձրությամբ և մինչև 60 սմ բնի տրամագծով, ծածկված դարչնագորշավուն, ակոսավոր կեղևով, խիտ, բրգաձև կամ երկարավուն սաղարթով։ Երբեմն աճում է թփանման, հաճախ գետնի վրա պառկող և արմատակալող ցողուններով։ Ընձյուղները մերկ են, հազվադեպ մազմզուկապատ, կանաչավուն կամ մոխրագորշավուն։ Տերևները ձվաձև են, էլիպսաձև կամ հակառակ ձվաձև, 2-10 սմ երկարությամբ, 2-4.5 սմ լայնությամբ, կաշվեկերպ, կոշտ, վերևի կողմից՝ մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի, անփայլ, ալիքաեզր, 2-9 եռանկյունի փշավոր ատամիկներով, ծեր ծառերի վրա բոլոր տերևները կամ դրանց զգալի մասը ամբողջաեզր են, կողմնային ջղերը 4-10 զույգ են։ Տերևակոթունը կարճ է։ Ծաղկաբույլը հովանոցանման վահանիկ է, գտնվում է Նախորդ տարվա ճյուղերի տերևածոցերում։ Առէջային ծաղիկները գտնվում են 3 ծաղկանի ծաղկաբույլերում, վարսանդայինները՝ միայնակ են, հազվադեպ՝ 2-3-ական։ Ծաղիկները սպիտակ են, բուրումնավետ, 4, հազվադեպ' 5 անդամանի։ Կորիզապտուղը կարմիր է, գնդաձև, ձվաձև կամ էլիպսաձև, կոթունավոր, 0,7-1,1 սմ երկարությամբ, 0,5-1 սմ լայնությամբ, 4-5 կորիզավոր, որոնք անկյունավոր են և ունեն երկարությամբ ձգված կողեր։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս-օգոստոսին։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Կովկասում (հարավարևմտյան նախակովկաս, արևմտյան Հարավային Կովկաս, Թալիշ), Իրան, Լազիստան, Հյուսիսային Աֆրիկա, Արևմտյան Եվրոպա, Սկանդինավյան թերակղզի։ Աճում է հաճարի, խառը, եղևնու և եղրևանու անտառների ծածկույթի տակ, ենթանտառում։ Չափազանց ստվերատար է, դանդաղ է աճում։ Գերադասում է սննդանյութերով հարուստ, թեթև, խոնավ ստրուկտուրային անտառային հողերը, որոնք զգալի քանակությամբ կիր են պարունակում։ Վատ է տանում ամառային երաշտը։ Դիմանում է մինչև - 18-20 °C-ի սառնամանիքներին։ Լավ է տանում խուզումը և ձևավորումը։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհիշելի ժամանակներից ի վեր մշակվում է որպես հրաշալի պարկային կուլտուրա։ Ունի ավելի քան 1000 պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում աճման առանձնահատկություններով (լացող, բրգաձև, ցածրաաճ, թզուկ, տերևների ձևով) մանր, նշտարաձև, ձվաձև) և գույնով (սպիտակ բծերով, սպիտակավուն բծերով, սպիտակավուն եզրերով, արծաթափայլ եզրերով, սպիտակավուն, մուգ դեղին բծերով, դեղին փշերով), պտուղների գույնով (նարնջագույն, դեղին) և այլն։ Տերևները պարունակում են դաբաղանյութեր և իլիցին գլյուկոզոիդ, որը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է տենդի, լուծի, ծակոցների դեմ (հավանաբար պարունակում է իրենց բնույթով կոֆեին հիշեցնող նյութեր)։ Կեղևի և արմատների թուրմն օգտագործում են որպես միզամուղ միջոց և հազի դեմ։ Պտուղները սրտխառնոց և լուծ են առաջացնում, բայց թռչունները հաճույքով ուտում են։ Հայastanում մշակվում է Իջևանի դենդրարիում, Բագրատաշենում, Մեղրիում։ Պիտանի է միայն ցածրադիր շրջանների համար, որտեղ օդի նվազագույն ջերմաստիճանը- 20 °C-ից չի անցնում։ Էկոլոգիական խումբը' II: Մշակության հավանական շրջանները 9, 20ա, 32։ [1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (171)։
|