Սիրային ջիհադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հնդկաստանի մուսուլմանական բնակչությունը
Շարմիլա Թագոր հնդիկ դերասանուհին, որն ամուսնացել է մուսուլմանի հետ և ընդունել իսլամ

Սիրային ջիհադ (հինդի՝ लव जिहाद), Հնդկաստանում տարածված դավադրության տեսություն, համաձայն որի՝ արական սեռի մուսուլմանները գայթակղում էին հնդիկ ոչ մուսուլման աղջիկներին՝ հետագայում նրանց մուսուլման դարձնելու նպատակով[1][2][3]։

Ի տարբերություն Հնդկաստանում տարածված մյուս կրոնների՝ իսլամը հիմնականում տարածվում էր բռնի ձևով։ Բրիտանական Հնդկաստանի փլուզումից հետո մի քանի դար կուտակված հակասությունները հանգեցրին կրոնական հողի վրա բախումների։ Մուսուլմանները իրենց համար ստեղծեցին առանձին երկիր՝ Պակիստանը, իսկ Հնդկաստանում մնացած մուսուլմանները դարձան այդ երկրի ամենախոշոր կրոնական փոքրամասնությունը։ Այդ ժամանակից սկսած մուսուլմանները Հնդկաստանում համարվում են պոտենցիալ «հինգերորդ շարասյուն», թեև նրանք ցույց տվեցին իրենց հավատարմությունը երկրին Պակիստանի իրենց դավանակիցների հետ պատերազմում։

2009 թվականին հինդուսները և քրիստոնյաները՝ հարավային Կերալա նահանգից, որտեղ իսլամը տարածվում էր հիմնականում կամավոր ձևով, մեղադրեցին մուսուլմանական «Հնդկաստանի ժողովրդական ճակատ» կազմակերպությանը տասնյակ հազարավոր աղջիկների գայթակղելու մեջ, որոնք հինդուիզմ և քրիստոնեություն էին դավանում։ Իբր նրանց բոլորին տեղափոխել էին հատուկ ճամբարներ՝ «ուղեղները լվալու» համար։ Բազում վկաներ գտնվեցին, որոնք հաստատում էին վերոնշյալը[4]։

Հետաքննության 2 տարիները չհաստատեցին «սիրային ջիհադի» մասին շշուկները։ Վարձատրություն խոստացող կայքերը իսլամ ընդունած յուրաքանչյուր աղջկա համար, ինչպես նաև թռուցիկները կեղծ դուրս եկան, իսկ ծնողները բողոքում էին զուտ նրանից, որ իրենց դուր չէին գալիս իրենց աղջիկների սիրային հարաբերությունները մուսուլմանների հետ։ Այնուհետև մուսուլմանների հասցեին մեղադրանքով հանդես եկավ Կերալայի գլխավոր նախարարն անձամբ՝ կոմունիստ Վ․ Աչուտխանանդանը։ Համաձայն նրա պնդումների՝ մուսուլման դավադիրները, օտարերկրյա հովանավորների օգնությամբ, ծրագրում են 20 տարվա ընթացքում Կերալան դարձնել իսլամական նահանգ։ Աչուտխանանդանի խոսքերը դատապարտվեցին Հնդկական ազգային կոնգրեսից նրա հակառակորդի կողմից։ 2012 թվականին հրապարակվեցին հետաքննության տվյալները․ 2006 թվականից իսլամ էր ընդունել 2667 կին (որոնց թվում՝ 447 քրիստոնյա), և նրանք բոլորը մուսուլման էին դարձել իրենց սեփական կամքով[4]։

Կերալայից հետո «սիրային ջիհադի» մասին շշուկներ տարածվեցին նաև հարևան Կառնատակա նահանգում։ Մի աղջկա ծնողները, որն ամուսնացել էր մուսուլմանի հետ Կերալայից և իր կամքով ընդունել էր իսլամ, հայտարարեցին, որ իրենց դուստրը «սիրային ջիհադի» զոհ է։ Գործը կարճվեց, իսկ ոստիկանության լրացուցիչ հետաքննությունը ոչինչ չբացահայտեց[4]։

Կառնատակայից հետո «սիրային ջիհադի» մասին լուրեր բռնկվեցին նաև ամենաբնակեցված նահանգում՝ Ուտար Պրադեշում։ Բհարաթիա ջանաթա կուսակցության ղեկավար Յոգի Ադիտյանատխն օգտագործեց «սիրային ջիհադի» և «Հնդկաստանի դեմ միջազգային դավադրության» թեման իր նախընտրական ելույթներում։ Ադիտյանատխի կողմից ներկայացված հայցը դատարանը մերժեց, որը հայտարարեց, որ «սիրային ջիհադ» հասկացություն Ուտար Պրադեշում չկա։ Նահանգում գրանցվեց ոստիկանական բաժանմունքների վրա հարձակման երկու դեպք՝ «ջիհադականների հետ դավադրության մեջ մտածների» դեմ բողոքողների կողմից։ Ուտար Պրադեշի վայշիների վարնայի առաջնորդները նույնիսկ առաջարկեցին արգելել աղջիկներին բջջային հեռախոսներ օգտագործել մինչև դպրոցն ավարտելը, որպեսզի նրանց պաշտպանեն «ջիհադական փիքափերներից»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Muzaffarnagar: 'Love jihad', beef bogey sparked riot flames»։ Hindustan Times։ 12 Sep 2013։ Վերցված է 2014-04-18 
  2. Stephen Brown (2009-10-16)։ «The "Love Jihad"»։ Front Page Mag։ Վերցված է 2014-04-18 
  3. Ananthakrishnan G (2009-10-13)։ «'Love Jihad' racket: VHP, Christian groups find common cause»։ Times of India։ Վերցված է 2014-04-18 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Алексей Куприянов Джихадисты любви // Lenta.ru. — 17 сентября 2014.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]