Սիմոն Կիրլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմոն Կիրլյան
Ծնվել է փետրվարի 20, 1898(1898-02-20)
Կրասնոդար, Ռուսական կայսրություն
Մահացել է ապրիլի 4, 1978(1978-04-04) (80 տարեկանում)
Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն գիտնական, գյուտարար, լուսանկարիչ և ճարտարագետ

Սիմոն Դավիթի Կիրլյան (Семён Давидович Кирлиан, ծնվ. 1898 թ. փետրվարի 20, Եկատերինոդար, Ռուսական կայսրություն - մահ. 1978 թ. օգոստոսի 1, Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային ֆիզիոթերապևտ, գյուտարար և հետազոտող, ՌԽՖՍՀ վաստակավոր գյուտարար (1974 թ.)[1]: Իր կնոջ՝ Վալենտինա Լոտոցկայայի հետ միասին մշակել է տարաբնույթ օբյեկտների լուսանկարահանումը՝ գազային պարպման միջոցով[2]: Ներկայումս այդ միջոցն հանդիսանում է նոր տեսակի լուսանկարչության հիմքը, որն այժմ ընդունված է անվանել գազապարպումնային, իսկ անմիջապես գործընթացին տրվել է «գազապարպումնային լուսանկարչություն Կիրլյանի մեթոդով» կամ պարզապես «Կիրլյանոգրաֆիա» անվանումը: Այն հայտնի է նաև Կիրլյանի լուսանկարչություն կամ Կիրլյանի էֆեկտ (երևույթ) անվանումներով[3][4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Կիրլյանը ծնվել է Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)՝ բազմազավակ հայկական ընտանիքում: Մանկության տարիներին հետաքրքրություն է դրսևորել երաժշտության, լուսանկարչության և էլեկտրամեքենագիտության նկատմամբ: Սակայն վաղ տարիքից ստիպված էր աշխատել որպես գործակատար, բեմեր զարդարող, դաշնամուր լարող, ջրմուղագործ և այլն, այդ իսկ պատճառով կարողացել է ստանալ ընդամենը չորրորդ դասարանի կրթություն[5]:

1923 թվականին ամուսնացել է քահանայի դուստր Վալենտինա Լոտոցկայայի հետ, ով աշխատում էր որպես լրագրող ու մանկավարժ: Այդպիսով, վերջինս դարձավ ամուսնու հավատարիմ ընկերն ու օգնականը:

Սիմոն Կիրլյանը բազմաթիվ գյուտերի հեղինակ է: Քաղաքի տպագրատունը օգտվում էր նրա կողմից պատրաստված տպատառերի ձուլման էլեկտրավառարանից: Ստեղծել էր նաև ալրաղաց՝ ցորենի մաքրման մագնիսական հարմարանքով: Հեռանկարային էին նաև նրա մտքերը՝ պահածոների արդյունաբերության մեջ մթերքների ջերմային մշակման համար նախատեսված մեքենաների ստեղծման գործում: Պատերազմից առաջ Կիրլյանն ստեղծել էր ջրացնցուղային բաղնիքների էլեկտրաէկրանային համակարգ, թունավոր գազերից ախտահարված մարդկանց մշակման ենթարկելու համար:

1939 թվականին Սիմոն Կիրլյանին արդեն իսկ ընդունում էին որպես քաղաքային հիվանդանոցի էլեկտրասարքավորումների վերանորոգման մասնագետի: Հիվանդանոցում վերանորոգելով ֆիզիոթերապևտիկական սարքավորումը, որտեղ օգտագործվում էր բարձր հաճախականության հոսանք, նա ուշադրություն է դարձրել էլեկտրոդների միջև գոյություն ունեցող տարօրինակ ու վարդագույն լուսարձակման վրա: Նա որոշել է ֆոտոժապավենի վրա դրոշմել որևէ առարկայի լուսարձակումը՝ բարձր հաճախականության հոսանքի դաշտում: Առաջին առարկան, որ լուսանկարվել է այդ ձևով՝ մետաղադրամ էր: Նրան միացնելով առաջին էլեկտրոդը, վրայից ամրացրել է ժապավենը՝ ծածկելով այն երկրորդ էլեկտրոդով և միացրել է բարձր հաճախականության հոսանքը: Տպելուց հետո Կիրլյանը տեսել է մետաղադրամի լուսանկարը, որի եզրերից դուրս էր սահում պարպումը: Կիրլյանն սկսեց դաշտի մեջ տեղադրել տարբեր առարկաներ, առանց ֆոտոխցիկի լուսանկարելով անսովոր լուսարձակումը, այդ թվում ծառերի տերևներ, ինչպես նաև սեփական ձեռքերը: Հիմնվելով իր իսկ հետազոտությունների վրա, նա հանգել է հետևյալ օրինաչափությանը. «Ցանկացած կենդանի օբյեկտ, որը տեղադրվելով բարձր հաճախականության դաշտում, ֆոտոժապավենի վրա տալիս է լուսարձակում, որի բնույթը կախված է լուսանկարվող օբյեկտի վիճակից: Մեկ նկար է, երբ ծառի տերևը նոր է պոկված, մեկ այլ նկար՝ երբ դրանից օրինակ, արդեն անցել է մեկ ժամ: Էականորեն տարբերվում են նաև առողջ, հիվանդ կամ նույնիսկ պարզապես հոգնած մարդու ձեռքերի լուսարձակումները»[6][7]:

Կիրլյան ամուսինների մշակումները պաշտպանվել են քսանմեկ հեղինակային վկայականներով: Նրանք բազմիցս հրավերքներ են ստացել՝ այցելելու արտասահմանյան լաբորատորիաներ և ինստիտուտներ, սակայն արգելքների պատճառով ստիպված էին սահմանափակվել միայն գործնական նամակագրություններով: Նրանց արխիվում պահպանվել են նամակներ՝ տարբեր երկրների 130 քաղաքներից: Պետական կառույցներից չունենալով որևէ աջակցություն և իրենց հետազոտությունների համար չստանալով ոչ մի լումա, ամուսիններն աշխատում էին իրենց չխնայելով, իրականացնում տարբեր փորձեր, ինչպես գրում էր Սիմոն Կիրլյանը. «Որպեսզի առավել խորը թափանցեինք այդ անհայտ աշխարհը՝ Երկրի և մարդկանց բարօրության համար»:

1971 թվականին, ծանր հիվանդությունից մահացել է Սիմոն Կիրլյանի կինը: Չնայած անդարձ կորստին և քայքայված առողջությանը, Սիմոն Կիրլյանը շարունակել է իր կյանքի գործը, ձգտելով վերջնակետին հասցնել սկսած հետազոտությունները: Միայն 1974 թվականին նրան շնորհվեց ՌԽՖՍՀ վաստակավոր գյուտարարի կոչումը: Կյանքի վերջին տարիներին նա որպես վարիչ, պաշտոնավարել է Կրասնոդարի «Սատուրն» գիտա-արտադրական համալիրի հատուկ լաբորատորիայում: Մահացել է 1978 թվականի օգոստոսի 1-ին:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնոդարի Ստավրոպոլսկայա փողոցի 224 տան վրա փակցվել է հուշատախտակ՝ նվիրված Կիրլյան ամուսիններին[8]: Կրասնոդարի երկրամասի Դինսկայա ստանիցայի պատմա-գավառագիտական թանգարանում ստեղծվել է ցուցահանդես՝ նվիրված Կիրլյան ամուսինների կյանքին ու գործունեությանը[9][10]: Բացի այդ, Կիրլյան ամուսիններին վերաբերվող հարուստ արխիվային նյութերի են տիրապետում Կրասնոդարի Եվգենի Ֆելիցինի անվան պետական պատմա-հնագիտական թանգարանն ու Կրասնոդարի երկրամասի պետական արխիվը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президиума Верховного Совета РСФСР № 184 от 1 февраля 1974 года
  2. Супруги Кирлиан (фото)
  3. Бинги В.Н. Принципы электромагнитной биофизики. — Москва: ФИЗМАТЛИТ, 2011. — 592 с. — ISBN 978-5-9221-1333-5
  4. Бойченко А.П. [В книге В.Х. Кирлиан, С.Д. Кирлиан. В мире чудесных разрядов. Газоразрядная фотография биологических объектов по методу Кирлиан - шестидесятилетний путь к Истине] (русский) // третье. — ООО "Просвещение-Юг", 2009. — С. 71-143.
  5. Интервью с основателем и директором музея Кирлиан Коробовой Е. Г.
  6. Кирлиан В. X., Кирлиан С. Д. В мире чудесных разрядов. М., 1964,
  7. Брошюра «В мире чудесных разрядов», авторы В. Х. Кирлиан, С. Д. Кирлиан. Издательство «Знание», М., 1964 (zip)(չաշխատող հղում)
  8. Трёхмерный скан мемориальной доски супругам Кирлиан
  9. Кирлиан музей
  10. Жизнь и творчество супругов Кирлиан