Սամոյլովիչի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամոյլովիչի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱզով
Հիմնադրվել է1981
Քարտեզ
Քարտեզ

Սամոյլովիչի թանգարան (ռուս.՝ Музей Самойловича), խորհրդային բևեռային հետախույզ, պրոֆեսոր (1928), աշխարհագրական գիտությունների դոկտոր (1934) Ռուդոլֆ Լազարևիչ Սամոյլովիչի հուշահամալիրը ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքում։ Բացվել է 1981 թվականի սեպտեմբերի 11-12-ին։ Ներկայումս Ռուսաստանում միակ թանգարանն է, որը նվիրված է Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտողին։

Թանգարանի հասցեն` ՌԴ, Ռոստովի մարզ, ք. Ազով, Լենինգրադյան փող., 46։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային բևեռախույզ, պրոֆեսոր (1928), աշխարհագրական գիտությունների դոկտոր (1934) Ռուդոլֆ Լազարևիչ Սամոյլովիչի թանգարանը բացվել է 1981 թվականի սեպտեմբերի 11-12-ին։ Երկրում միակ թանգարանն է, որը նվիրված է Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտողին[1]։

Գիտնականի 130-ամյակի առթիվ թանգարանում բացվել է մուլտիմեդիա ցուցադրություն։

Սամոյլովիչի անունը նույն շարքում է այնպիսի բևեռախույզների հետ, ինչպիսիք են Ռուալ Ամունդսենը, Ռոբերտ Սքոթը, Ֆրիտյոֆ Նանսենը, Վլադիմիր Ռուսանովը և այլք։ Գիտնականը մեծ ավանդ ունի Արկտիկայի ուսումնասիրության գործում։ 1938 թվականին Սամոյլովիչը բռնադատվել է, 1939 թվականի մարտի 4-ին` գնդակահարվել։

Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր, ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության ղեկավար, «Աերո-Արկտիկա» միջազգային ընկերության նախագահ, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Ավստրիայի աշխարհագրական ընկերությունների պատվավոր անդամ Ռ. Լ. Սամոյլովիչը ծնվել և մեծացել է Ազով քաղաքում։ Գիտնականը կազմակերպել է դեպի Արկտիկա մոտ 20 գիտահետազոտական արշավներ։

Ներկայումս թանգարանը զբաղեցնում է գիտականի հորը պատկանած մեկհարկանի աղյուսե տան մի մասը։ Այդ տանն ապրել է նրա ընտանիքը։ Այստեղ երիտասարդ Ռուդոլֆ Լազարևիչն ավարտել է քառամյա արական պրոգիմնազիան, ավելի ուշ սովորել է Մարիուպոլի Ալեքսանդրյան վարժարանում, որն ավարտելուց հետո սովորել է Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի լեռնային ակադեմիայում։

Թանգարանում ցուցադրվում է պրոգիմնազիայի աշակերտի սենյակը։ Այնտեղ վերստեղծվել է XIX դարի վերջի - XX դարի սկզբի մթնոլորտ։ Պատերին կախված են իրական լուսանկարներ, շարված են գիտնականի անձնական իրերը։ Իրական են նաև գրասեղանն ու աթոռը, գրելու պարագաները, գիմնազիայում սովորած տարիների ժամանակի գրքերը։ Գիտնականի աշխատանքի արդյունքներն արտացոլված են գեղարվեստական կոմպոզիցիաներում, գրքերում, լուսանկարներում։ Թանգարանի դահլիճում տեղադրված է Սամոյլովիչի կիսանդրին, որի հեղինակն է քանդակագործ Ի. Շիցբուրգը։

Լուսանկարների թվում են. վեցամյա Սամոյլովիչը, Ազովի ծովափը, արական պրոգիմնազիան, Մարիուպոլի փողոցները, Մարիուպոլի վարժարանը, որտեղ սովորել է Ռուդոլֆը, «Ռուդոլֆ Լազարևիչ Սամոյլովիչ» գիտահետազոտական նավը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Каневский З. М. Рудольф Самойлович: превратности судьбы // Наука в СССР. — 1990. — № 2 (март-апрель).
  • Самойлович Р. Л. Путь к полюсу. — Л.: Изд-во Всесоюзного Арктического института, 1933.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Музей Р. Л. Самойловича». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամոյլովիչի թանգարան» հոդվածին։