Ռուսաստանի հայկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուսաստանում դեռևս 1830-ական թթ.-ին Մոսկվայի Լազարյան ճեմարանի և համալսարանի հայ ուսանողները կազմակերպել են հայերեն և ռուսերեն ներկայացումներ։ 1858 թ.-ին հիմնադրվել է Լազարյան ճեմարանի թատրոնը (հիմնադիրներ՝ Վաղարշակ Շահխաթունյան, Նիկողայոս Փուղինյան, Սեդրակ Մանդինյան և ուրիշներ)։ 1921 թ.-ին Լազարյան ճեմարանը վերածվել է Հայ մշակույթի տան, որտեղ գործել է Հայկական պետական դրամատիկական ստուդիան (1921-1941 թթ.)։

Եվգենի Վախթանգով

1830-ական թթ-ին սկզբնավորվել է Նոր Նախիջևանի հայկական թատրոնը, որը տարբեր անուններով գործել է մինչև 1990-ական թթ.։ Ձևավորվել են Ղզլարի (1859 թ.) Աստրախանի (1860-ական թթ.) հայկական թատրոնները։ Թատրոններ են հիմնվել նաև Դոնի Ռոստովում (1919 թ.), Ստավրոպոլում (1920 թ.), Կիսլովոդսկում (1921 թ.), Սոչիում (1925 թ.) և այլուր։ 1922-1930 թթ.-ին գործել է Մոսկվայի հայկական թատրոնը (ղեկ.՝ Կ. Դեյկ). դերասաններից էին Հարություն Թրագոշյանը, Անահիտ Մասչյանը, Արտեմ և Մարիամ Մոճոռյանները, Պ. Գարգաշյանը և ուրիշները։ Ռուսաստանում նշանակալի գործունեություն են ծավալել նաև դերասաններ և ռեժիսորներ Եվգենի Վախթանգովը, Գեորգի և Արշակ Բուրջալյանները, Ռուբեն և Եվգենի Սիմոնովները, Նիկիտա Բալիևը, Քրիտափոր Պետրոսյանը, Ռուբենս Չինարովը (Ռուբեն Մսերյան), Վալերի Բեբուտովը, Թամարա Օգանեզովան, Ռուբեն Աղամիրգյանը, Նինա Տեր-Օսիփեանը, Արմեն Ջիգարխանյանը, Մարիա Փափագյանը, թատերագետներ Ալեքսեյ Ջիվելեգովը, Գրիգոր Բոյաջիևը, Գևորգ Գոյանը, դերասան և ասմունքող Սուրեն Քոչարյանը, կրկեսի արտիստներ Լեոնիդ ենգիբարյանը, Հարություն և Հմայակ Հակոբյանները, Ստեփան Իսահակյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։