Ռաֆայելո Բոտիչինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայելո Բոտիչինի
Ծնվել էսեպտեմբերի 11, 1477(1477-09-11)[1]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Վախճանվել է1520[2][3][4]
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
 Raffaello Botticini Վիքիպահեստում

Ռաֆայելո Բոտիչինի (իտալ․ Raffaello di Francesco Botticini, սեպտեմբերի 11, 1477(1477-09-11)[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - 1520[2][3][4], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), իտալացի նկարիչ[5]։

Կենսագրություն և ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենթ Իերոնիմ 1500 թվական, Թանգարան Սուրբ Քոլեջետա, Էմպոլի

Ռաֆայելոն եղել է Ֆլորենցիայի արվեստագետների տոհմից։ Նրա պապը՝ Ջովաննի դի Դոմենիկոն հայտնի է եղել որպես նկարիչ, ով խաղաքարտեր էր նկարազարդում (չնայած գիտնականները չեն բացառում, որ հնարավոր է նա զբաղվել է ավելի լուրջ նկարչությամբ)։ Նրա հայրը՝ Ֆրանչեսկո դի Ջովանին ֆլորենտական հայտնի վարպետ է եղել։ Ռաֆայելլոն իր առաջին գեղարվեստական հմտությունները ստացել է հայրական արվեստանոցում, նրա աշխատանքային վաղ շրջանը նույնպես կապված է այդ արվեստանոցի հետ։ 1490-ակա թվականներին, երբ ձևավորվում էր Ռաֆայելոյի գեղարվեստական ճաշակը, նրա հայրական արվեստանոցը հիմնականում զբաղվում էր Ֆլորենցիայի շրջակայքում գտնվող գավառական քաղաքների պատվերների կատարմամբ։ 1498 թվականին Ֆրանչեսկո Բոտիչինիի մահից հետո Ռաֆայելոն ժառանգել է արվեստանոցը և շարունակել է աշխատել նահանգում։ Ըստ հետազոտողների ուսումնասիրությունների՝ նա համեստ տաղանդի նկարիչ է եղել. երբեք չի ձգտել բարձր պաշտոնների Տոսկանայի մտավոր և ֆինանսական կենտրոնում՝ Ֆլորենցիայում, և բավարարվել է գավառական տաճարների պատվերներով։ Նրա արվեստը ընտրողական է և հայրական ազդեցության հետ մեկտեղ կապված է Պերուջինոյի, Ռիդոլֆո Գիրլանդայոյի, Լորենցո դի Կրեդիի, Ֆրա Բարտոլոմեոյի և այլոց ստեղծագործություններից ունեցած ազդեցության հետ[6]։

Ռաֆայելո Բոտիչինին գրեթե մոռացված է եղել արվեստի քննադատների կողմից, նրա «վերածննդի» հիմնական դերը պատկանում է իտալացի արվեստաբան Ֆեդերիկո Ձերին, ով 1968 թվականին հրատարակել է նկարչի ստեղծագործությունները։ Դրանում Ձերին կարողացել է վերականգնել նրա աշխատանքի ժամանակագրությունը և առավել ճշգրտել նրան վերագրվող որոշ աշխատանքները։ Ռաֆայելոյի վաղ աշխատանքների շարքին է նա դասել նաև նրա 1498 թվականին ստեղծած և կորած նկարը՝ Եղբայրության համար Տիրոջ մարմինը Պոջիբոնսիում, և 1500 թվականին ստորագրված և թվագրված Սուրբ Սեբաստիան և Սեն Իերոնիմ պատկերող երկու պանելները (պատի տախտակադրվագ նկարներ, որոնք այժմ Էմպոլիի քոլեջի եկեղեցու թանգարանում են)։ Դրանք երբեմնի տրիպտրիխի (եռածալիկ նկար) կողային փեղկերն են եղել, որոնց կենտրոնում ամենայն հավանականությամբ Մադոննայի և մանկան պատկերն է եղել։ Այս սրբերի կատարման մեջ մի կողմից կարելի է տեսնել կապ նրա հոր` Ֆրանչեսկո Բոտիչինիի արվեստի հետ, մյուս կողմից` ակնհայտ է նաև անցումը դեպի ավելի հանգիստ տոնայնության, դեպի ռիթմիկ հավասարակշռության և մանրակրկիտ վրձնի հակվածություն։ Այս հատկությունը դրսևորվում է նրա հետագա բոլոր՝ մինչև ամենաուշ աշխատանքներում։ Դրանցում նկատվում են Սեբաստիանո Մայնարդիի, Յակոպո դել Սելայոյի և Լորենցո դի Կրեդիի արվեստի արձագանքները։ Վերջինիս հետ, ըստ Ձերիի, նկարչի կապը հուշում է ինտենսիվ լույսուստվերի հակումը և ձևերի պարզությունը։ Հենց այդ որակներն են հստակ նշված Ռաֆայելո Բոտիչինիի «Երեք Հրեշտակապետերն ու Տոբիոսը» կտավում (մոտ 1500, Հին Պինակոտեկա, Մյունխեն), որը հավանաբար ստեղծվել է հոր աշխատանքների մոտիվներով, ով բազմիցս անդրադարձել էր այս թեմային։

1504 թվականին Ռաֆայելոյին հանձնարարվել է տասնչորս օրում ավարտել «Սակրամենտոյի խորանը» (կողային պանելների վրա՝ սուրբ Անդրեյը և Հովհաննես Մկրտիչը, պրեդելլայի նկարներում Սբ. Անդրեյի, Հիսուս Քրիստոսի և Հովհաննես Մկրտիչի կենցաղային տեսարաններ են), որը սկսել էր նրա հայրը շատ տարիներ առաջ` 1484 թվականին։ Սպիտակ խալաթի եղբայրության համար ստեղծված այս զոհասեղանը տեղադրվել է Էմպոլիի Սանթ Անդրեայի եկեղեցում 1491 թվականին և դատելով տասնչորսօրյա ժամանակից, խոսքը մի քանի թեթևակի թերությունների շտկման մասին, որոնք Ռաֆայելլոն ուղղել է։

1508 թվականին նկարիչը նկարել է մի մեծ զոհասեղան` «Պիետայի» (Քրիստոսի ողբ. 200x185 սմ) պատկերով, որը պատվիրվել էր Էմպոլիում գտնվող նույն Սպիտակ հագուստների եղբայրության կողմից, թեև արխիվներում պահպանված պայմանագրով նախատեսված է եղել «Քրիստոսի հարության» պատկերը։ Այս ստեղծագործությունը ոչնչացել է 1944 թվականի պատերազմի ընթացքում։ Զոհահասեղանից մնացել են Էմպոլիի թանգարանում պահվող պրեդելլայի երեք նկարներ՝ «Քրիստոսը և սամարացի կինը», «Առևտրականների վտարումը տաճարից», «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»։ «Պիետան» շատ հիշեցնում է Պերուջինոյի (որին ի սկզբանե վերագրվել է) նույն աշխատանքը, մանրամասների մեջ ակնհայտ են Ռիդոլֆո Գիրլանդայոյի և Ֆրա Բարտոլոմեոյի ազդեցությունը, ումից Ռաֆայելոն փոխառել է վարագուրման եղանակը։

«Սրբեր Բարբարայի և Մարտինի երկրպագությունը Մանուկ Քրիստոսին» կտավի ստեղծումը (172 × 175 սմ Պետական Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ) վերագրվում է 1512 թվականին։ Թանգարանը այն ձեռք է բերել որպես Ռաֆայել Սանտիի ստեղծագործություն (խառնաշփոթը հավանաբար նկարիչների նույն անունից է)։ Ֆ. Ձերին կարծում է, որ սա զոհասեղանի նկարն է, որը պատվիրվել է Էմպոլիի մոտակայքում գտնվող Կաստելֆրանկո դի Սոտոյի եկեղեցու համար, 1512 թվականին։ Նրանում նաև զգացվում է Պերուջինոյի արվեստի հետ կապը (հատկապես Սուրբ Բարբարայի կերպարի մեջ) և Գիրլանդայոյի ստեղծագործության ազդեցությունը Ֆրանչեսկո Բոտիչինիի արվեստի վրա (հատկապես Մադոննայի նկարում)։

Ռաֆայելո Բոտիչինիին վերագրվող մի քանի տասնյակ գործերի մնացած մասը դիտվում են այս ճանաչված անհերքելի աշխատանքների շուրջ։ Դրանցից ամենակարևորներն են՝ «Ավետում երկու սրբերի հետ» (Ֆուչեկիո, թանգարան՝ նկարը նույնացվում է Ֆուչեկիոյի մոտակայքում գտնվող Սուրբ Մարիամ եկեղեցու համար 1513 թվականին կատարված աշխատանքների հետ), «Չորս սրբերի հետ Մադոննան գահակի վրա» Լուկարդոյի Սան Մարտինո եկեղեցում (Չերտալդոյի մոտակայքում), որը նախկինում վերագրվել է Ռիդոլֆո Գիրլանդայոյին, «Ողորմածություն Մադոննան հրեշտակների և դոնատորների հետ» (Բոլոնիա, Ազգային պինակոթեկա), որը ծագումով Ռեգոլայի Սանտա Մարիա եկեղեցուց է։

Երկու «Մադոննան մանկան և Հովհաննես Մկրտչի հետ» (Հռոմ, Սանջորջիի հավաքածու և Նեապոլ, Կապոդիմոնտե թանգարան) նկարները համարվում են Ռաֆայել Սանտիի ներդրած նորարարությունների արտացոլումը, որոնք ներմուծել է Ռաֆայել Սանտին և վերագրվում է Բոտիչինիի աշխատանքի վերջին փուլին։ Նկարչի մահվան ամսաթիվն անհայտ է, նրա կենսագրությունն ընդհատվում է 1520 թվականին, երբ նրա անունը վերջին անգամ եղել է փաստաթղթերում։ Ռաֆայելո Բոտիչինիի ստեղծագործությունը բավականաչափ ուսումնասիրված չէ և պահանջում է հետագա ուսումնասիրություններ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • G. Milanesi, in G. Vasari, Le vite…, IV, Firenze 1879, pp.  245–250
  • R. van Marle, The development of the Ital. schools of painting,XIII, The Hague 1931, pp.  424–427
  • F. Zeri, Raffaello Botticini, in Gazette des Beaux Arts, s. 6, LXXII (1968), pp.  159–170
  • Catal. del Museo di Fucecchio, Firenze 1969, p.  15։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Raffaello Botticini
  4. 4,0 4,1 4,2 AGORHA (ֆր.) — 2009.
  5. «Botticini, Raffaello (1477 - 1521?) [sv] - KulturNav». kulturnav.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. «ULAN Full Record Display (Getty Research)». www.getty.edu. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայելո Բոտիչինի» հոդվածին։