Ջրառվույտ եռատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրառվույտ եռատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Մելանթազգիներ
Տեսակ Ջրառվույտ եռատերև
Լատիներեն անվանում
Menyanthes trifoliata


Ջրառվույտ եռատերև (լատին․՝ Menyanthes trifoliata) մելանթազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս, գրանցված է Հայաստանի բույսերի Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար սողացող հատվածավոր կոճղարմատով (որից դուրս են գալիս հավելյալ արմատները), ճահճային բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը 15-35 սմ է։ Մինչև 30 սմ երկարությամբ, եռամասնյա հերթադիր տերևները խոշոր են՝ ցողունագիրկ տերևապատյաններով։ Ամբողջաեզր, երկարավուն-ձվաձև տերևիկները մուգ կանաչ են։ Կոճղարմատից աճող տերևազուրկ ցողունի գագաթին գտնվող խիտ և երկար ողկույզանման ծաղկաբույլը կազմված է գեղեցիկ, հնգանդամ սպիտակ կամ վարդագույն ծաղիկներից։ Պսակը ձագարաձև է, բաժակը կազմված է միաձուլված թերթիկներից։ Պտուղը խոշոր սերմերով երկփեղկավոր տուփիկ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է նախալեռնային գոտու, ստորին և միջին լեռնային գոտիների կանգնած ջրերում, ճահիճներում։ Հանդիպում է Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են դառը գլիկոզիդներ (մենիանթին), ալկալոիդ գենցիանին, ֆլավոնոիդներ, C վիտամին, սապոնիններ, դաբաղանյութեր պարունակող տերևները։ Դառը ոգեթուրմը կիրառում են հազի մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների, սակավարյունության, ռևմատիզմի, հոդատապի, գեղձախտի, որքինի և այլ մաշկային հիվանդությունների բուժման համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.