Ջերմատեխնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջերմատեխնիկա, տեխնիկայի ճյուղ, զբաղվում է ջերմության ստացման և օգտագործման հարցերով։ Ջերմության ստացման հիմնական աղբյուրներն են՝ բնական օրգանական (պինդ, հեղուկ և գազանման) և միջուկային վառելիքը։

Օրգանական վառելիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանական վառելիքի հիմնական բնութագիրն այրման ջերմությունն է (կջ/կգ, կջ/մ3)։ Հաշվարկներում օգտագործում են պայմանական վառելիք հասկացությունը, որի այրման ջերմությունը 29308 կջ/կգ (7000 կկալ/կգ) է։ Վառելիքն այրում են հնոցներում, վառարաններում և այրման խցերում։

Օրգանական վառելիքը խնայողաբար ծախսելու նպատակով օգտագործում են նաև էներգիայի վերականգնվող աղբյուրները՝ Արեգակի ճառագայթային էներգիան, երկրաջերմային էներգիան (տես երկրաջերմային Էլեկտրակայան), ինչպես նաև ջերմության երկրորդային աղբյուրները (արտանետվող տաք գազեր, թափվող տաք ջրեր և այլն)։

Միջուկային վառելիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական միջուկային վառելիքը ուրանի 235Ս իզոտոպն է, որի տրոհման էներգիան (մոտ 84·109 կջ/կգ) միջուկային ռեակտորում փոխակերպվում է ջերմության։

Կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրվող ջերմությունը կարող է օգտագործվել անմիջապես (արտադրության մեջ, կոմունալ-կենցաղային կարիքների համար) և փոխակերպվել մեխանիկական աշխատանքի, էլեկտրական էներգիայի և այլն։ Որպես ջերմակիրներ կարող են հանդես գալ վառելիքի այրման արգասիքները (բարձրջերմաստիճանային ջերմություն)։ Արդյունաբերական վառարաններում այդ արգասիքների ջերմությունն օգտագործվում է մետաղների և համաձուլվածքների ձուլման ու մշակման համար, շինանյութերի արտադրության պրոցեսում, քիմիական արդյունաբերության մեջ զանազան նյութերի մշակման համար և այլն։

Կենցաղում այրման արգասիքների ջերմությունն օգտագործվում է ջեռուցման և այլ կարիքների համար։ Միջին և ցածրջերմաստիճանային պրոցեսների համար օգտագործում են միջանկյալ ջերմակիրներ՝ ջրային գոլորշի և տաք ջուր, որոնք մեծ մասամբ ստացվում են այրման արգասիքների հաշվին (տես շոգեկաթսա)։ Տաք ջուրն օգտագործվում է ջերմամատակարարման համակարգերում, ջեռուցման, տաք ջրամատակարարման համար և այլն։ Ոչ բարձր պարամետրերի ջրային գոլորշին (0,3— 2,0 ՄՊա ճնշման) օգտագործվում է արդյունաբերության մեջ տեխնոլոգիական նպատակների համար։ Տաք ջրի և գոլորշու ջերմությունն օգտագործող սարքերը ջերմափոխանակիչ ապարատներն են։ Բարձր ճնշման և ջերմաստիճանի գոլորշին օգտագործում են շոգեուժային տեղակայանքներում, որտեղ, որպես ջերմային շարժիչ կիրառում են շոգեմեքենաներ ու շոգետուրբիններ։ Արդյունաբերության մեջ ջերմության օգտագործման բոլոր հարցերով զբաղվում է արդյունաբերական ջերմատեխնիկան։

Տեսական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմատեխնիկայի տեսական հիմքը կազմում են տեխնիկական թերմոդինամիկան և ջերմափոխանցման տեսությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png