Միջուկային վառելիք
Միջուկային վառելիք, միջուկային ռեակտորներում տրոհման շղթայական ռեակցիան ապահովող նյութ։ Միակ բնական միջուկային վառելիքը ուրանն է (տրոհվող 235Ս իզոտոպը կազմում է 0, 71%)։ Գործնականում օգտագործվող հարստացված ուրանային վառելիքում 235Ս-ի պարունակությունը 2—4% է՝ ջերմային նեյտրոններով ռեակտորներում և մինչև 30%՝ արագ նեյտրոններով ռեակտորներում։ Որպես միջուկային վառելիք օգտագործվում են նաև բնության մեջ չհանդիպող 239Pu և 233Ս իզոտոպները (երկրորդային վառելիք), որոնք առաջանում են, երբ համապատասխանաբար 238Ս և 232Th հումքային միջուկները նեյտրոններ են կլանում։ Բնական միջուկային վառելիքի պաշարների սահմանափակության առումով հեռանկարային է արագ նեյտրոններով ռեակտորների շահագործումը, որոնցում կուտակվող երկրորդային վառելիքի քանակությունը որոշակի պայմանների դեպքում գերազանցում է այրված միջուկային վառելիքի քանակությանը։ Միջուկային ռեակտորներում միջուկային վառելիքն օգտագործվում է տարբեր քիմիական միացությունների ձևով և տեղավորվում է մետաղե հերմետիկ թաղանթների՝ ջերմաանջատիչ տարրերի մեջ։ Միջուկային վառելիքի միավոր զանգվածի տված ջերմությունը մի քանի միլիոն անգամ գերազանցում է նույն զանգվածով ածխից ստացված ջերմությանը և, բացի այդ, երկրորդային վառելիքի վերարտադրության պայմանի դեպքում միջուկային վառելիքի այրումից ստացված էներգիան ավելի էժան է, քան ածխի այրումից ստացվածը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 604)։ |