Պորտալ:Շիրակի մարզ/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շիրակի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում: Վարչական կենտրոնը Գյումրի քաղաքն է։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո (առաջնորդարանը՝ քաղաք Գյումրիում), սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Շիրակի մարզի տարածքի երկրաբանական կառուցվածքի բազմազանության շնորհիվ բազմազան են նաև ընդերքի հարստությունները: Մարզում լայն տարածում ունեն տուֆը, պեմզան, բազալտը, անդեզիտը, կրաքարը, պեռլիտը, հրաբխային խարամն ու մոխիրը, զանազան կավերը և շատ ուրիշ շինանյութեր: Շինանյութերի մեջ առաջնակարգ նշանակություն ունի տուֆը, որի պաշարներով հանրապետության մարզերի մեջ գրավում է առաջին տեղը: Շիրակի մարզում առավել հայտնի են Արթիկի, Անիպեմզայի, Պեմզաշենի և Գյումրիի տուֆի հանքավայրերը: Պեմզայի պաշարները Շիրակում գնահատվում են ավելի քան 100միլիոն մ3: Մարզի տարբեր շրջաններում կան պեռլիտի, օբսիդիանի, հրաբխային խարամի, ավազի բազալտի, անդեզիտի պաշարներ, որոնք շահագործվում և օգտագործվում են հիմնականում մարզի սահմաններում: Բազմապիսի կավերի և դիատոմիտների պաշարներ կան մարզի տարբեր շրջաններում: Շիրակը հայտնի է նաև արդյունաբերական նշանակություն ունեցող կրաքարի պաշարներով:

Ռելիեֆի, կլիմայի և ջրաերկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների շնորհիվ Շիրակի մարզի տարածքն աչքի է ընկնում համեմատաբար թույլ զարգացած ջրագրական ցանցով: Մարզի գետային ցանցը գրեթե ամբողջությամբ պատկանում է Արաքս գետի ավազանին: Գետային ցանցի խտության գործակցի միջին արժեքը կազմում է 0.53կմ/կմ2 (հանրապետության միջինը մոտ 0.81կմ/կմ2 է): Ջրային պաշարների հաշվեկշռում կարևոր է Շիրակի արտեզյան ավազանի դերը։