Պոլսահայ երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդնուպոլիսը Բյուզանդական շրջանում մանրամասն քարտեզ.

Կոստանդնուպոլիսը հայկական ազգային երաժշտական արվեստի զարգացման, միջնադարյան նշանակալի ձեռքբերումների վերածնման և պահպանման ինքնատիպ կենտրոններից էր։ 1850-1860-ական թվականներին հայկական երաժշտության առաջընթացին նպաստել են «Քնար արևելյան» և «Քնար հայկական» (1862 թվական) երաժշտական ընկերությունները։ Կոմպոզիտոր և դիրիժոր Տիգրան Չուխաճյանը հայ դասական երաժշտական արվեստի ամենախոշոր ներկայացուցիչներից է, հայ օպերային արվեստի հիմնադիրը գրել է «Արշակ Բ» (հայկական առաջին օպերան), «Ձեմիրե», «Ինդիանա» օպերաները, «Արիֆի խարդախությունը», «Քեոսե Քեհյա», «Լեբլեբիջի Հորհոր աղա» և այլ օպերետներ։ Սինանյաններ տոհմը նշանակալի ավանդ ունի սփյուռքահայ երաժշտության մեջ, իսկ տոհմի նահապետը՝ Գրիգոր Սինանյաևը, արևմտահայ Երաժշտական մշակույթի հիմնադիրներից է։ Կոմպոզիտոր էդգար Մանասի ստեղծագործության մեջ առանձնանում է «Պատարագը», հեղինակ է նաև սիմֆոնիայի, օրատորիայի, դաշնամուրային պիեսների և այլ գործերի։ Պոլսահայ երաժշտական մշակույթի երևելի դեմքերից էր կոմպոզիտոր և դաշնակահար Գոհարիկ Ղագարոսյանը, ստեղծել է մեներգեր, խմբերգեր, դաշնամուրային պրելյուդներ և պիեսներ, բալետ և այլն։ Սիրավարդ Գարամանուկյանի արժեքավոր գործերից են «Ընտիր երգերը» և «Մանկական Երգերը»։ Հայկ Կյուտենյանի ստեղծագործության մեջ ուշագրավ են ջութակի, ալտի, ձայնի, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված երկերը, նա նաև վիրտուոզ ջութակահար էր։ Հայտնի են նաև կոմպոզիտորներ Հարությունը, Տիրան Ալեքսանյանը, Արա Բոյաջյանը և ուրիշներ։ Հովհաննես Աճեմյանը Կոստանդնուպոլսի առաջին պրոֆեսիոնալ երգիչներից էր, երգել է հիմնականում Տիգրան Չուխաճյանի օպերաներում։ Երգչուհի Մարի Լուիզ Գարագաշը հանդես է եկել նաև Միլանի «Լա Սկալա» և Փարիզի օպերային թատրոններում։ Կոստանդնուպոլսի պետական օպերային թատրոնի մեներգչուհի Ալիս Քիթապճյանը բազմաթիվ ելույթներ է ունեցել նաև Վիեննայում, Ցյուրիխում, Փարիզում, Երուսաղեմում և այլուր։ Հայտնի են դաշնակահարներ Վալանթին Մազլումյանը, Մարի Ոսկանը, Աշխեն Գավաֆյանը, երգեհոնահար Արշամ Գավաֆյանը, ջութակահարներ Հարություն Հանեսյանը, Բարսեղ Աթմաճյանը, Պերճ Սինանյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։