Պլազմիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկերում ցուցադրված է բակտերիալ քրոմոսոմային ԴՆԹ-ն և պլազմիդը:

Պլազմիդ, բջջում գտնվող ԴՆԹ-ի մոլեկուլ, որը ֆիզիկապես առանձնացված է քրոմոսոմային ԴՆԹ-ից և կարող է ինքնուրույն կրկանապատկվել։ Հիմնականում հանդիպում են բակտերիալ բջիջներում և իրենցից ներկայացնում են փոքր, օղակաձև, երկշղթա ԴՆԹ-ի մոլեկուլներ։ Սակայն պլազմիդներ երբեմն ունեն նաև արքեաներն ու էուկարիոտները: Պլազմիդները սովորաբար կրում են գեներ, որոնք տվյալ օրգանիզմին օժտում են որոշակի օգտակար հատկություններով, օրինակ հակաբիոտիկների դեմ դիմադրողականությամբ։ Պլազմիդների և բուն քրոմոսոմների ամենաէական տարբերությունն այն է, որ քրոմոսոմները պարունակում են բջջի կենսագործունեության համար ահնհրաժեշտ գեներ, այն դեպքում երբ պլազմիդները բջիջներին ընդամենը օժտում են լրացուցիչ հատկություններով։ Արհեստական պլազմիդներն օգտագործվում են որպես վեկտորներ:

Պլազմիդները համարվում են ռեպլիկոններ, այսինքն ԴՆԹ-ի միավոր, որն ընդունակ է համապատասխան տեր բջջում անկախ կրկնապատկվելու[1]: Պլազմիդները կարող են փոխանակվել բակտերիաների միջև (նույնիսկ տարբեր տեսակների) երեք մեխանիզմներով՝ տրանսֆորմացիայի, տրանսդուկցիայի և կոնյուգացիայի: Գենետիկական տեղեկատվության այսպիսի հորիզոնտալ փոխանակման ժամանակ պլազմիդները կարող են համարվել մոբիլոմի մաս։ Ի տարբերություն վիրուսների, ում ժառանգական նյութը շրջապատված է սպիտակուցային թաղանթով, պլազմիդները «մերկ» են։ Նրանք չունեն այնպիսի գեներ, որոնք կկոդավորեին իրենց սեփական սպիտակուցային թաղանթը։ Սակայն որոշ պլազմիդներ կոդավորում են կոնյուգացիայի (հետևաբար և իրենց տեղափոխման) համար անհրաժեշտ «սեռական» պիլիները: Պլազմիդների չափերը տատանվում են 1000-200,000 նուկլեոտիդային զույգի միջև[2] և առանձին պլազմիդների քանակը բջջում կարող է լինել մեկից մինչև (որոշ գործոնների հետևանքով) մի քանի հազար։

Մանրէների և պլազմիդների միջև փոխհարաբերությունը ոչ մակաբուծային և ոչ էլ մուտուլիստական (երկկողմանի շահավետ հարաբերություն), քանի որ երկուսն էլ նկատի ունեն անկախ տեսակի հարաբերությունը մեկ այլ օրգանիզմի հետ։ Ավելի ճիշտ կլինի պլազմիդներին բնորոշել որպես մանրէային պոպուլյացիաներում գեների հորիզոնական տեղափոխումն ապահովող տարրեր, որոնք ունակ են օժտել մանրէին համապատասխան պայմաններում օգտակար հատկությամբ։ Այդպիսի հատկություններից են հակաբիոտիկային դիմադրողականությունը, այլ օրգանիզմների համար տոքսինների (թույների) արտադրումը և տարբեր միացությունների օգտագործումը մետաբոլիզմում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sinkovics J, Harvath J, Horak A. (1998)։ «The Origin and evolution of viruses (a review)»։ Acta microbiologica et immunologica Hungarica (St. Joseph's Hospital, Department of Medicine, University of South Florida College of Medicine, Tampa, FL, USA.: Akademiai Kiado) 45 (3–4): 349–90։ ISSN 1217-8950։ PMID 9873943  (անգլ.)
  2. Thomas Christopher M, Summers David (2008)։ «Bacterial Plasmids»։ doi:10.1002/9780470015902.a0000468.pub2  (անգլ.)
  3. Wolfgang Schumann (2008). «Chapter 1 - Escherichia coli Cloning and Expression Vectors». in Georg Lipps. Plasmids: Current Research and Future Trends. Caister Academic Press. էջեր 1-2. ISBN 978-1-904455-35-6.  (անգլ.)