Պետրոս Տեփոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Տեփոյան
Ծնվել է1884
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 5, 1956(1956-12-05)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունeditor և գրականագետ

Պետրոս Հակոբի Տեփոյան (1884, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 5, 1956(1956-12-05), Կահիրե, Եգիպտոս), հայ խմբագիր, գրականագետ, հասարակական-քաղաքական գործիչ, ՌԱԿ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին ավարտել է Խարբերդի Եփրատ քոլեջը և ստանձնել Մալաթիայի ազգային վարժարանի տեսչությունը։ 1908 թվականին մեկնել է Բոստոն՝ հետևելու բժշկական համալսարանի դասընթացներին, սակայն նյութական դժվարությունների պատճառով ուսումը կիսատ է թողել։ Անդամակցել է Վերակազմյալ Հնչակյան կուսակցության այն թևին, որ պիտի ճանաչվեր իբրև Ազատական կուսակցություն։ 1915 թվականին, իբրև Կովկասյան ռազմաճակատի կամավոր, մեկնել է Թիֆլիս։ Կռիվների ժամանակ վիրավորվել է, փրկվել մահից։ արձել է Անդրանիկ Օզանյանի խորհրդատուն։ 1917-1918 թվականներին խմբագրել է Վերակազմյալ Հնչակյան կուսակցության «Հայկաշեն» պաշտոնաթերթը։ Սերտորեն համագործակցել է մշակականների և Հայ ժողովրդական կուսակցության պատասխանատուների հետ։ 1919 թվականին մեկնել է Կ․ Պոլիս և իբրև Ազգային խնամատարության ընդհանուր տնօրեն օգտակար է եղել հայ որբերին ու գաղթականներին։

1921 թվականին մասնակցել է Հայ սահմանադրական ռամկավար և Ազատական կուսակցությունների բանակցություններին և դարձել ՌԱԿ–ի հիմնադիր-անդամ։ 1923-1938 թվականներին պաշտոնավարել է Կահիրեի Մաթոյան ծխախոտային ընկերության մեջ։ 1939-1947 և 1948-1956 թվականներին որդու՝ Վահագի հետ աշխատացրել է էլեկտարական ապրանքների արտարություն։ 1947-1948 թվականներին եղել է «Արև» պարբերականի պատասխանատու խմբագիրը։ Եղել է ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ (1926-1940) և Հայ ազգային հիմնարամի (1942) հիմնադիր։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել և տպագրվել սկսել է 1901 թվականից «Արևելյան մամուլի» մեջ։ Աշխատակցել է «Պահակ», «Հովիտ», «Արագած», «Առավոտ», «Ժողովրդի ձայն», «Արև» և «Զարթոնք» թերթերին, «Պայքար» և «Կյանք և գիր» տարեգրքերին։

Ուսումնասիրություններ է գրել Վահան Տերյանի, Դանիել Վարուժանի, Միսաք Մեծարենցի, Թլկատինցիի, Հովհաննես Թումանյանի և այլոց մասին։ 1988 թվականին լույս է տեսել նրա «Նիւթեր պատմութեան համար-մեր առաքելութեան ճամբով» գիրքը, որը ներկայացնում է Ատոմ Ասլանյանի կյանքն ու գործը[1]։

Օգտագործել է Կարմիր Հողերցի, Հրազդան Արաքսյան, Պ․ Տ․, Վ․ Արևակ, Վահրամ Նորիս ծածկանունները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յովիկ Էօրտեքեան, ՌԱԿ-ի մամուլի խմբագիրները, Ե., 2005, էջ 19-20։
  2. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 746։