Պադաունգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայլանդաբնակ պադուանգուհի

Պադաունգներ (բիրմաներեն՝ ပဒေါင်, եզակի՝ պադաունգ, պադոնգ, պադաուն, կայան), կարենների խմբին պատկանող ժողովուրդ, ովքեր բնակվում են Մյանմայում (Բիրմա), հատկապես Կայա նահանգի հյուսիս-արևմուտքում, Կարեն նահանգի հյուսիսում և Շան նահանգի հարավ-արևմուտքում, ինչպես նաև Թաիլանդում։ Խոսում են Տիբեթա-Բիրմանական լեզուների կարենյան ճյուղի կայան լեզվով։

Պադաունգները հիմնականում ապրում են բարձրլեռնային գյուղերում։ Ի տարբերություն բիրմայական այլ ցեղերի, իրենց տները կառուցում են ոչ թե ցցագերանների, այլ հողի վրա։ Աճեցնում են բրինձ։ Այս ցեղի տղամարդիկ հաճախ աշխատում են որպես գրաստավար կամ զբաղվում են փղեր պահելով։ Պադաունգները անիմիզմի հետևորդներ են՝ մշտապես զոհաբերություններ են մատուցում հոգիներին, հատկապես ցեղի գերագույն կանացի հոգուն։

1990-ական թվականներին Բիրմայի զինվորական խունտայի հետ կոնֆլիկտների և հարկադրաբար վերաբնակեցնելու քաղաքականության պատճառով, պադաունգները գաղթել են հարևան Թաիլանդ, որտեղ ապրում են սահմանամերձ գյուղերում։

Պադաունգ ցեղի կանայք հինգ տարեկան հասակից պարանոցի վրա կրում են պղնձյա պարուրաձև օղակներ։ Հետզհետե օղակների քանակը (պարույրների շրջանակը) ավելացնում են, որը երկար պարանոցի պատրանք է ստեղծում։ Մեծահասակ կանանց օղակների քանակը կարող է հասնել երկու տասնյակի, իսկ զանգվածը 4-5 կգ-ի։ Հաճախակի օղակները ըստ ցանկության կամ անհրաժեշտության դեպքում հանում են և կրկին հագցնում պարանոցին։ Դա առողջական խնդիր չի առաջացնում։ Իսկ օղակներից ընդհանրապես հրաժարվելու դեպքում պարանոցը 1-3 տարվա ընթացքում ընդունում է իր սովորական տեսքը։ Հաճախ պարույրները ավելորդ անգամ բարձրացվում են, որի պատճառով ստիպված են լինում գլուխը մշտապես պահել վեր։ Այդ դեպքերում կանայք կորցնում են գլուխը պտտելու կամ խոնարհելու ունակությունը, քանի որ այդ պատճառով շարժումներ կատարելը պարզապես բավականին բարդանում է և դա անատոմիական փոփոխությունների արդյունք չի հանդիսանում։ Միաժամանակ այդպիսի պարույրները հանելիս առկա է պարանոցը կոտրելու վտանգ, քանի որ պարանոցի մկանները կարող են ատրոֆիայի ենթարկվել (բթանալ)։ Սակայն այդպիսի դեպքեր հազվադեպ են լինում։ Ռենտգեն հետազոտությունները ցույց են տվել, որ օղակների հաշվին պարանոցը երբեք չի երկարում, այլ դեֆորմացվում է ուսերի շրջանը։ Ուսագոտին օղակների ծանրության տակ աստիճանաբար ցած է իջնում, քանի որ այն միացված է կմախքին ընդամենը մեկ հոդի միջոցով։ Արդյունքում ստեղծվում է երկար պարանոցի պատրանք, սակայն իրականում պարանոցը ոչ մի փոփոխության չի ենթարկվում։ Հետաքրքիրն այն է, որ օղակները տեսնելու նպատակով այս ցեղի գյուղեր են այցելում տարեկան հազարավոր տուրիստներ։ Կանայք օղակներ կրում են նաև ձեռքերին և ոտքերին։

Օղակներ կրելու ավանդույթի իմաստը պարզ չէ՝ կան բազմաթիվ վարկածներ, սակայն միանգամայն հասկանալի է, որ երկար պարանոցը համարվում է գեղեցկության խորհրդանիշ։

Պարանոցին օղակներ կրելու ավանդույթ ունեն նաև հարավային Աֆրիկայում բնակվող նդեբելե ցեղի կանայք։