Jump to content

Բիրմաներեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բիրմաներեն (မြန်မာဘာသာ), մյանմացիների լեզուն։ Պատկանում է չին–տիբեթական լեզվաընտանիքի տիբեթա–բիրմանական խմբին։ Խոսվում է հիմնականում Մյանմայում։ Խոսողների թիվը՝ մոտ 36 մլն (2014)։

Գլխավոր բարբառներն են՝ հյուսիսային, կենտրոնական, արականյան և տավոյան։ Կենտրոնական բարբառի հիմքի վրա կազմավորվել է ժամանակակից գրական բիրմաներենը։ Կառուցվածքով անջատական լեզու է՝ կցականության տարրերով։ Միավանկ արմատ–բառերը որոշակի տեղ ունենալով բառապաշարում՝ առավելապես հանդես են գալիս իբրև բազմավանկ բարդ բառերի բաղադրիչներ։ Կան նկատելի փոխառություններ պալի լեզվից, մասամբ՝ սանսկրիտից, ինչպես և մոներենից։ Բաղադրյալ բառերը կազմվում են բարդությամբ և ածանցմամբ։ Քերականական կարգերի ու հարաբերությունների արտահայտման հիմնական միջոցներն են մասնիկավորումը, բառերի դասավորությունը, օժանդակ բառերը, շեշտը, ձայնելևէջը (ինտոնացիա)։ Ստորոգյալը նախադասության մեջ միշտ վերջադաս է։ Բիրմաներենն ունի 3 տոն (բարձր, միջին, ցածր), 8 ձայնավոր, 33 բաղաձայն։ Գրավոր աղբյուրները XI դարից են։ Գիրը հիմնականում վանկագիր է և սերում է հվ–հնդկական բրահմի գրի մի տարատեսակից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 449
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրմաներեն» հոդվածին։