Վազգեն Չալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չալոյան Վազգենից)
Վազգեն Չալոյան
Ծնվել էհունվարի 7 (20), 1905[1]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 24, 1981(1981-03-24)[1] (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1926)[1]
Կոչումթղթակից անդամ[1]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1945)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Վազգեն Կարապետի Չալոյան (հունվարի 7 (20), 1905[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 24, 1981(1981-03-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային փիլիսոփա, հայ պատմափիլիսոփայական գիտության հիմնադիրներից։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1945), ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ (1965), գիտությունների վաստակավոր գործիչ (1967

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Չալոյանը ծնվել է 1905 թվականի հունվարի 7-ին, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), բանվորի ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը (1926) և անցել մանկավարժական աշխատանքի, դասավանդել հանրապետության միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1930-1934 թվականներին եղել է Հայաստանի պատմության և արվեստի թանգարանի տնօրենը։ 1938 թվականից աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում, որպես ավագ գիտաշխատող։

1939 թվականին «V դարի հայ փիլիսոփա Եզնիկ Կողբացու ուսմունքի հարցի շուրջը» աշխատության համար նրան շնորհվում է փիլիսոփայակն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1946 թվականին «Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունը» աշխատության համար՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։

1965 թվականին Վազգեն Չալոյանը ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1967 թվականին արժանացել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չալոյանի աշխատությունները նվիրված են հին և միջնադարյան շրջանի հայ մտածողների աշխարհայացքի վերլուծությանը և հայ փիլիսոփայության պատմության ամբողջական ուսումնասիրությանը («Հայոց փիլիսոփայության պատմություն», 1959), միջնադարի գաղափարախոսության և մշակույթի ընդհանուր տեսական և մշակութաբանական խնդիրների հետազոտությանը («Վերածնության շրջանի հայ փիլիսոփայության պատմություն»)։ Նա Դավիթ Անհաղթի փիլիսոփայության առաջին ուսումնասիրության հեղինակ է («Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունը», 1946)։ Արևելքի և Արևմուտքի ժողովուրդների փիլիսոփայական մտքի կապերի և փոխներթափանցման հարցերն են լուսաբանված «Արևելք - Արևմուտք» գրքում։ Հրատարակել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» («Գիրք հերքմանց») և Հովհան Որոտնեցու «Վերլուծութիւն «Ստորոգրութեանց» Արիստոտէլի» երկերի բնագրերը։

Չալոյանը հարյուրից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակակիր (1977)
  • «Պատվո նշան» շքանշան
Վազգեն Չալոյանի հուշատախտակը Երևանում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական ռենեսանս, 1964։
  • Հայոց Փիլիսոփայության պատմություն, 1975։
  • К вопросу об учении Езника Кохпеци, армянского философа пятого века, 1940։
  • Диалектика, ее законы и категории в истории армянской философии, 1971։
  • Развитие философской мысли в Армении, 1974։
  • Философия Давида Непобедимого и влияние ее на мыслителей последующих веков, 1980։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ Ս. Ս. Արևշատյան «Վազգեն Չալոյան» (Ծննդյան 80-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 1985, էջ 95-98
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 61
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 661.