Ուրիշի ձեռքի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Corpus callosum. կոշտուկավոր մարմին

Ուրիշի ձեռքի համախտանիշ (անգլ.՝ Alien hand syndrome), մարմնի բնականոն գործունեության խաթարում։ Այս հիվանդության ժամանակ մարդու ձեռքը, իր կամքից անկախ, կարող է գործողություններ կատարել: Այս համախտանիշը դրսևորվում է վերջույթների ակամա շարժումներով։ Մարդու ձեռքը չի ենթարկվում իրեն, օրինակ՝ երբ հիվանդը մի ձեռքով կոճկում է բաճկոնը, նրա մյուս ձեռքը կարող է խանգարել նրան։ Դրսևորումները կարող են նաև լինել բավականին ագրեսիվ[1]։

Ուրիշի ձեռքի համախտանիշը նյարդահոգեբանական խանգարում է, որն արտահայտվում է մտքի և գործողության անհամապատասխանությամբ։ Այս խնդրի պատճառը ուղեղի որոշ հատվածների վնասվածությունն է, որն առաջանում է գլխուղեղի վիրահատության, ինսուլտի կամ ինֆեկցիաների հետևանքով։ Այն նաև կարող է առաջանալ Ալցհեյմերի հիվանդության (անգլ.՝ Alzheimer's disease) դեպքում, որը կենտրոնական նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություն է: Համախտանիշի ամենատարածված պատճառը կոշտուկավոր մարմնի (լատ.՝ corpus callosum) վնասվածքն է, որը միացնում է գլխուղեղի երկու կիսագնդերը[2]։

Ուրիշի ձեռքի համախտանիշի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական գրականության մեջ ուրիշի ձեռքի համախտանիշը 1908 թվականին առաջին անգամ մանրամասնորեն նկարագրել է գերմանացի նյարդաբան և հոգեբույժ Կուրտ Գոլդշտայնը։ Իր զեկույցում Գոլդշտայնը նկարագրում է մի կնոջ, ով չնայած կաթվածից հետո մասնակիորեն ապաքինվելուն՝ ասում էր, որ չի կարողանում կառավարել ձախ ձեռքը։ Կինը գիտեր, որ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում իր ձեռքի հետ և կարծում էր, որ ուրիշ մարդ է այն կառավարում։ Նա չէր կարողանում բռնել, կամ բաց թողնել իրերը։ Երբեմն ձեռքը կատարում էր անսպասելի, կտրուկ գործողություններ, օրինակ՝ տրորում էր աչքերը, հարվածում դեմքին, սակայն այսպիսի ագրեսիվ դրսևորումներն ավելի հազվադեպ էին տեղի ունենում։ Երբեմն մեծ ջանք գործադրելով՝ նա կարողանում էր կառավարել ձեռքը, երբ բարձր ձայնով հրամաններ էր տալիս, սակայն գիտակցված շարժումներն ավելի դանդաղ էին լինում և ոչ այնքան ճշգրիտ, ինչքան ակամա շարժումները։

Ուրիշի ձեռքի համախտանիշը անվանում են նաև արխայիկ ձեռքի համախտանիշ[3]։

Ուրիշի ձեռքի համախտանիշի բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրիշի ձեռքի համախտանիշի բուժում գոյություն չունի, սակայն հնարավոր է որոշ չափով վերականգնել ձեռքի կամավոր վերահսկողությունը տարբեր առաջադրանքներով։ Օրինակ՝ ձեռքն ինչ-որ առարկայով զբաղեցնելը օգնել է շատ հիվանդներին որոշ չափով կառավարել ձեռքը։ Այդ վարժությանը հարմար առարկա կարող է հանդիսանալ ձեռնափայտը, նույնիսկ եթե հիվանդը քայլելու խնդիր չունի։

Պիտեր Սելլերս

Ուրիշի ձեռքի համախտանիշը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթում ուրիշի ձեռքի համախտանիշի ամենահայտնի օրինակը ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Սթենլի Կուբրիկի (անգլ.՝ Stanley Kubrick) «Դոկտոր Սթրեյնջլավ» (անգլ.՝ "Dr. Strangelove or: How I Learned to Stop Worrying and Love the Bomb") ֆիլմի գլխավոր հերոս Պիտեր Սելլերսի օրինակն է։ Այս ֆիլմում անվասայլակին գամված Սելլերսը պարբերաբար կորցնում է աջ ձեռքի վերահսկողությունը։ Ձեռքը շարունակաբար ցույց է տալիս Նացիստական ողջույն (գերմ.՝ Deutscher Gruß, Hitlergruß)՝ աջ ձեռքը բարձրացնելով՝ ափը բացելով 45 աստիճան, իսկ ձախ ձեռքը պայքարում է աջ ձեռքի դեմ[4]։

Հաուս (անգլ.՝ House, M. D.) ամերիկյան հեռուստասերիալում, որը ժանրով իրենից ներկայացնում է բժշկական դրամա, 5-րդ եթերաշրջանի 24-րդ սերիայում՝ «Այժմ երկու կողմերը»("Both Sides Now"), ներկայացվում է ուրիշի ձեռքի համախտանիշով տառապող մի տղայի դեպքը։

Հարավային այգի (անգլ.՝ South Park) ամերիկյան մուլտսերիալում գլխավոր հերոսներից մեկը՝ Էրիկ Կարտմանը, ևս տառապում այս համախտանիշով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]