Ուկրաինայի ապստամբական բանակ (մախնոյականներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՈւԱԲ դրոշը, որի վրա գրված է նշանաբանը. «Մա՛հ բոլոր նրանց, ովքեր կկանգնեն աշխատավորների ազատության ճանապարհին»

Ուկրաինայի ապստամբական բանակ (ուկր.՝ Революційна Повстанська Армія України, ռուս.՝ Революционная Повстанческая Армия Украины), հայտնի նաև որպես՝ Մախնոյականներ, Մախնովշչինա, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում հակախորհրդային, անարխիստական, գյուղացիական շարժում Ուկրաինայում, 1918-1921 թթ.-ին, նշանավոր անարխիստ Նեստոր Մախնոյի գլխավորությամբ։ Մախնոյականների սոցիալական հենարանը Ձախափնյա Ուկրաինայի (Եկատերինոսլավի և Խարկովի նահանգներ) գյուղացիությունն էր, սակայն շարժումն ընդգրկել է Դնեստրից մինչև Դոն ընկած տարածքը: Մախնոյականների մայրաքաղաքը Գուլյայպոլե քաղաքն էր (Եկատերինոսլավի նահանգ)։ Գերմանական օկուպացիայի շրջանում և սպիտակգվարդիականների օրոք, մախնոյականներին հարեցին նաև գյուղացիների լայն խավեր։

Խորհրդային իշխանության դեմ պայքարում մախնոյականները հիմնականում հենվում էին գյուղի ունևորների, իսկ 1921 թ.-ից՝ բացառապես կուլակության վրա, հանդես էին գալիս «անիշխանական պետություն» և «ազատ սովետներ» լոզունգներով։ 1918 թ.-ի վերջին–1919 թ.-ի սկզբին մախնոյականները կռվեցին ավստրո–գերմանական, ապա՝ պետլյուրական զորքերի դեմ։ 1919 թ.-ի փետրվարին նրանք մտան խորհրդային 2-րդ ուկրաինական, ապա 13-րդ բանակների կազմի մեջ, մարտ–մայիսին կռվեցին Դենիկինի զորքերի դեմ։ Սակայն նրանք սաբոտաժի էին ենթարկում խորհրդային հրամանատարության հրամանները, հեռացնում կոմիսարներին։

1919 թ.-ի մայիսի վերջին Դենիկինի զորքերը պարտության մատնեցին մախնոյականներին։ Մախնոն հրաժարվեց ենթարկվել կարմիր բանակի հրամանատարությանը, ինքնակամ հեռացավ ռազմաճակատից ու բացահայտ պայքար սկսեց խորհրդային իշխանության դեմ։ 1920 թ.-ի գարնանն ու ամռանը, նայած իրադրությանը, մախնոյականները կռվում էին մերթ սպիտակգվարդիականների, մերթ կարմիր բանակի դեմ։

1920 թ.-ի նոյեմբերին Միխայիլ Ֆրունզեի հրամանով սկսվեց Մախնոյականների լիկվիդացիան։ 1921 թ.-ի օգոստոսին Մախնոն, խույս տալով հետապնդումից, մի քանի տասնյակ ձիավորներով անցավ Դնեպրը և հանձնվեց ռումինական իշխանություններին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Семаноз С. Н», Махновщина и ее крах, «Вопросы истории», 1966, № 9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 166 CC-BY-SA-icon-80x15.png