Ուկրաինայի Գերագույն ռադայի շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

🌐lib.rada.gov.ua/LibRada/static/excursion/arhitecture.html
Քարտեզ
Քարտեզ

Ուկրաինայի Գերագույն ռադայի շենք (ուկրաիներեն՝ Буди́нок Верхо́вної Ра́ди), վարչական շենք է Կիևում (Ուկրաինա), որը կառուցվել է 1939 թվականին ճարտարապետ Վլադիմիր Զաբոլոտնիի նախագծով։ Ուկրաինայի խորհրդարանի շենքն օգտագործվում է Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստերի անցկացման համար։

Շինարարության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականի սկզբին, երբ Ուկրաինական ԽՍՀ մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվել է Կիև, մշակվել և հաստատվել է Դնեպրի ափին գտնվող քաղաքի կառուցման և վերակառուցման գլխավոր հատակագիծը։

1936 թվականի փետրվարին հայտարարվել է Համաուկրաինական կենտգործկոմի շենքի լավագույն նախագծի մրցույթ, որին մասնակցել են խորհրդային առաջատար ճարտարապետներ Վալերիան Ռիկովը, Վլադիմիր Զաբոլոտնին, Սերգեյ Գրիգորիևը և Յակով Շտեյնբերգը։ Ժյուրին ընտրել է Վլադիմիր Զաբոլոտնիի առաջարկած նախագիծը։

Շենքը կառուցվել է 1936-1939 թվականներին և 1939 թվականի ամռան սկզբին պետական ​​հանձնաժողովի կողմից ընդունվել է «գերազանց» գնահատականով։

Նախագծի հեղինակ Վլադիմիր Զաբոլոտնին 1940 թվականին արժանացել է Ստալինյան մրցանակի և նշանակվել Կիևի գլխավոր ճարտարապետ։ Շենքի ճարտարապետությունը մարմնավորում է այդ ժամանակին բնորոշ դասական տեխնիկան և ձևերը։ Լուսավոր գույնը և բնական տեսարանի հետ ներդաշնակությունը այն դարձնում են իսկապես կիևյան շինություն։ Գերագույն Ռադայի շենքը համարվում է «ուկրաինական դասական ճարտարապետության​​» օրինակ։ 1939 թվականի հուլիսի 25-ից Միխայլո Գրուշևսկու փողոց 5 հասցեում (մինչև 1991 թվականը՝ Կիրովի փողոց) գտնվող Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքում անցկացվում են Ուկրաինայի խորհրդարանի նիստերը։

Այն նախագծված է խիստ ուղղանկյուն-սիմետրիկ տեսքով, ոչ շատ բարձր՝ ընդամենը երեք հարկ։ Այն ավարտվում է մետաղից և ապակուց պատրաստված գմբեթով։ Լուսավորող քանդակազարդ առաստաղի ապակե գմբեթն ապահովում է շինությունը բնական լույսով։ Քանդակազարդ առաստաղի տրամագիծը մոտ 16 մետր է։ Նրա կենտրոնում արևածաղկի տեսքով բյուրեղյա ջահ է, որը հաճախ է օգտագործվում ուկրաինական ժողովրդական արվեստում։ Ազգային մոտիվների հիման վրա ստեղծված դահլիճի լուսավորող քանդակազարդ առաստաղը պատրաստված է գունավոր ապակուց։ Ժամանակակից շենքի հարթ տանիքը նրան կոմպոզիցիոն ներդաշնակություն է հաղորդում։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը զգալի վնաս է կրել։ 1948-1952 թվականներին Վլադիմիր Զաբոլոտնու նախագծով կատարված վերակառուցման ընթացքում հիմնական շենքին ավելացվել է գրասենյակային տարածքի համար նախատեսված եռահարկ հյուսիսարևմտյան կցակառույցը, որն ունի կիսաշրջանաձև փակ ներքին բակ։

1985 թվականին Նատալյա Չմուտինայի ղեկավարությամբ իրականացված վերականգնողական աշխատանքների ընթացքում կենտրոնական մուտքի ելուստների դիմաց տեղադրվել են չորս քանդակագործական խմբեր (քանդակագործ՝ Վալենտին Զնոբա)՝ նախատեսված Վլադիմիր Զաբոլոտնու նախագծով։ Այդ քանդակները ներկայացնում են Ուկրաինայի բնակչության տարբեր խավերի՝ բանվորներ, գյուղացիներ, գիտնականներ և մտավորականություն։

Արտաքինից կառույցը նախագծված է բաց գույներով՝ թեթև տերազիտային սվաղի և բաց մոխրագույն տուրչինյան գրանիտի օգտագործման շնորհիվ։ Այդ երանգներին հակադրվում է հիմքի մուգ երանգը, որը պատրաստված է փայլեցված լաբրադորիտից և ունի պատերի հարթության նկատմամբ զգալի ելուստ։ Եռահարկ շենքի բոլոր սենյակները նախագծված են մեկ կոմպակտ ծավալով։ Ճակատները սիմետրիկ են և ունեն միասնական սյունակարգ, որն առավել ծավալուն արտահայտություն է ստացել գլխավոր ճակատի սյունաշարում (չորրորդ սյուներ), ինչպես նաև կողային ճակատների հիմնական հարթություններում (երեք քառորդ սյուներ)։

2014 թվականի փետրվարի 25-ին Գերագույն Ռադայի շենքի գագաթից ապամոնտաժվել է բրոնզե հնգաթև աստղը՝ շրջանակված հասկերի պսակով։ Պատգամավորները աննպատակահարմար են համարել անկախ Ուկրաինայի խորհրդարանի շենքի վրա խորհրդային խորհրդանիշ ունենալը։ Մեկ տարի անց՝ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին, գագաթի վրա տեղադրվել է երկրի զինանշանի կենտրոնական պատկերը՝ Կիևյան մեծ իշխան Վլադիմիրի ոսկե եռաժանին։

Նստաշրջանների շենքի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր մուտքի նախասրահը ճարտարապետական ​​ձևով պարզ է, ուղղակիորեն կապված է հանդիսավոր աստիճաններով երկրորդ հարկի լուսավոր գլխավոր նախասրահների-ճեմասրահների հետ, որոնք զարդարված են մարմարից պատրաստված մի շարք որմնասյուներով՝ ոճավորված կորնթոսյան խոյակներով և նման են ճակատի խոյակներին։

Ճարտարապետական ​​ձևերի ներդաշնակությունը զգացվում է նաև ինտերիերի ձևավորման մեջ։ Բարձրորակ սվաղ, բնական և արհեստական ​​մարմարի տարբեր տեսակներ, փայտի արժեքավոր տեսակներ, նիկելապատ մետաղ, պղինձ, բրոնզ, դրվագազարդումներ, բարձրորակ գունավոր ապակի, փայտից և գիպսից փորագրություններ, խճանկար, գունային լուծումներ, հեղինակը այդ ներկապնակն օգտագործել է մեծ ​​ճաշակով ինտերիերի տարածքների գեղարվեստական ձևավորման նպատակով։ Ամեն ինչ, ներառյալ դռների բռնակները, պատրաստված են հեղինակային նախագծով, ապահովելով ոճի միասնությունը ինտերիերի ձևավորման մեջ։ Հատուկ էսքիզներով և նախագծերով են պատրաստվել ջահերը, կահույքը, ներկվել լուսամփոփները և այլն։

Նախասրահի և գլխավոր ճեմասրահի ինտերիերի ձևավորման ոճաձևում օգտագործվել է ճարտարապետության և մոնումենտալ նկարչության օրգանական համադրության դասական գեղարվեստական ​​տեխնիկան։ Նախ և առաջ հարկ է նշել, որ «Ծաղկուն Ուկրաինա» մեծ գեղարվեստական ​​կոմպոզիցիայում առաստաղի նկարազարդումը կատարվել է լենինգրադյան նկարիչներ Շչերբակովների կողմից։ Գտնվելով գլխավոր ճեմասրահի առաստաղի կենտրոնական մասում՝ գլխավոր սանդուղքի վերևում, լուսամփոփը կարծես պատրանքային կերպով շարունակում է ինտերիերի տարածությունը։ 2016 թվականի ամռանը, ապակոմունիզացիայի շրջանակներում, այդ ստեղծագործությունը ծածկվել է ձգովի առաստաղով[1]։

Դասական ճարտարապետական ​​ժառանգության հիման վրա արված դեկորատիվ ձևերի հետ մեկտեղ ինտերիերում զգալի տեղ են զբաղեցնում ուկրաինական ժողովրդական դեկորատիվ արվեստի մոտիվները, որոնք արտացոլված են ծեփածո դետալներում, որմնանկարչությունում, փայտի վրա դրվագազարդումներում և այլն։ Ծեփածո դետալները, դրվագազարդումները, շինության դեկորատիվ հարդարումը և նկարազարդումները ազգային բնույթ ունեն։ Բացի գլխավոր մուտքից, շենքի հիմնական մասում կան ևս 7 կողային մուտքեր, որոնցից յուրաքանչյուրն ունի փոքրիկ նախասրահ և օժանդակ շինություններ։

Ուկրաինայի դրոշը, որը բերվել է Գերագույն Ռադայի նիստերի դահլիճ 1991 թվականի օգոստոսի 24-ին, Ուկրաինայի Գերագույն Ռադայի թանգարան

Շենքի առաջին հարկում գտնվող նիստերի դահլիճի տակ կա կոնֆերանսների նոր դահլիճ, որը կառուցվել է 1998-1999 թվականներին հին կինոթատրոնի տարածքի վերակառուցման ժամանակ։

Կինոթատրոնի դահլիճի վերակառուցման նախագծի գլխավոր մշակողը «Ուկրնախագիծռեստավրացիան» է, որը մասնակցել է նաև Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքերի նախկին վերակառուցմանը։ Այդ նախագիծը ներառում էր գործող կինոդահլիճի, կինոնախագծերի սենյակի և հարակից միջանցքների վերանորոգումը նոր տարածքների համալիրի մեջ։ Վերակառուցումը ղեկավարել է գլխավոր ճարտարապետ Տատյանա Ֆիլիպովան։

Այդ համալիրը ներառում է․

  • 200 մ2 մակերեսով բազմաֆունկցիոնալ կոնֆերանս դահլիճ 99 նստատեղով,
  • Բանակցություների սենյակ, 53 մ2 մակերեսով,
  • Չորս թարգմանիչների խցիկ,
  • Ապարատային սենյակ։

Դահլիճի կենտրոնում տեղադրված է կլոր սեղան, պարագծի երկայնքով՝ փոքրիկ սեղաններ, կողմնային պատի երկայնքով՝ հյուրերի և մամուլի համար նախատեսված տեղեր։ Սեղանները հագեցած են միկրոֆոններով և ականջակալներով՝ համաժամանակյա թարգմանության համար։ Կենտրոնական պատի մոտ գտնվող շարժական հարթակի վրա հեռուստացույցի էկրան է տեղադրված, իսկ կողային պատերին տեղադրված են փոքր հեռուստաէկրաններ։ Սրահը լուսավորված է երեք մեծ բյուրեղյա ջահերով։ Ջահերն ու կահույքը պատրաստվել են հատուկ էսքիզներով։

Բեմի լրացուցիչ լուսավորման համար դահլիճի առաստաղին տեղադրված են կախովի տուփի սարքեր, որոնք զարդարված են ոսկեզօծ դետալներով։ Սրահի ճարտարապետական ​​հարդարումն իրականացվել է շենքի ոճական առանձնահատկությունների պահպանման սկզբունքով։ Շինության նշանակության փոփոխության և դրա ձևավորման պահանջների ավելացման պատճառով սվաղային ձևավորումը որոշ չափով բարդացված է, ինչը դահլիճին տալիս է տոնական և հանդիսավոր տեսք։

Երկրորդ հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիստերի դահլիճի գլխավոր մուտքի դիմաց գտնվող խորհրդարանի շենքի երկրորդ հարկում իրականացվում են Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների գրանցումները և նրանց տրամադրվում է աշխատանքային նյութեր։ Աջ կողմում տեղադրված է «Ռադա-3» տեղեկատվական համակարգի մեծ էլեկտրոնային էկրան։

Ձախ կողմում տեղադրված է «Պետության ստեղծումը» գեղարվեստական ​​կտավը (նկարիչ՝ Ա. Գ. Կուլակով), որը պատկերում է Ուկրաինայի անկախության հռչակագրի ակտի ընդունման պահը։ Կտավի բացումը տեղի է ունեցել 2001 թվականի օգոստոսի 22-ին՝ Ուկրաինայի անկախության 10-ամյակի կապակցությամբ։ Նույն օրը նիստերի շենքի կողքին բացվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահների՝ Վլադիմիր Իվաշկոյի, Լեոնիդ Կրավչուկի, Իվան Պլյուշչի, Օլեքսանդր Մորոզի, Օլեքսանդր Տկաչենկոյի (նկարիչ՝ Ա. Գ. Կուլակով) դիմանկարների պատկերասրահը և Ուկրաինայի Գերագույն ռադայի նստաշրջանի շենքի ճակատին տեղադրվել է հուշատախտակ, որի վրա ներկայացված է Ուկրաինայի Անկախության հռչակման ակտի տեքստը, որը հաստատվել է խորհրդարանի կողմից 1991 թվականի օգոստոսի 24-ին։

Նիստերի դահլիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի ծավալային կոմպոզիցիայի կենտրոնը երկրորդ հարկում տեղակայված 1000 նստատեղ ունեցող նիստերի դահլիճն է։ Այն ունի մոտավորապես 650 մ2 ընդհանուր հատակագծային մակերես։ Նրա ձևը ութանկյուն է՝ օթյակների և պատշգամբների ծավալներով, որոնք գտնվում են հիմնական ութանկյունից դուրս։

Նիստերի դահլիճի կառուցվածքը ներառում է․

  • նստատեղերի հատվածային համակարգով պարտերը, որը զբաղեցնում են Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները,
  • Նախագահության սեղանը դահլիճի բարձրադիր մասում` նստատեղերով, որոնք նախատեսված են Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի և նրա երկու տեղակալների համար,
  • Ուկրաինայի նախագահի օթյակը (նախագահության սեղանի աջ կողմում),
  • Կառավարական օթյակը (նախագահության սեղանի ձախ կողմում),
  • Պատվավոր հյուրերի օթյակը,
  • Ամբիոն զեկուցողի համար (նախագահության սեղանի տակ),
  • Պարտերի մյուս նստատեղերը զբաղեցնում են Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները,
  • Պատշգամբ, որտեղ տեղակայված են դիվանագիտական ​​կորպուսի և մամուլի օթյակները, ինչպես նաև հյուրերի համար նախատեսված նստատեղեր։
Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի (Կիև) և Գերագույն խորհրդի նախագահության և Նախարարների խորհրդի (Մոսկվա) շենքերը ԽՍՀՄ 1954 թվականի փոստային նամականիշի վրա։ Նամականիշը նվիրված է Ուկրաինայի Ռուսաստանին վերամիավորման 300-ամյակին

Երրորդ հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի լավագույն ինտերիերի օրինակ է երրորդ հարկի ճեմասրահը, որը նախագծված է ջահերով փոքր նկարազարդ առաստաղը պահող սյունաշարի տեսքով։ Սվաղային դետալները, դրվագազարդումները և ինտերիերի այլ դեկորատիվ ձևավորումն օրգանապես համատեղում են պարզեցված դասական ոճը դեկորատիվ արվեստի զուտ ուկրաինական մոտիվների հետ։

Դահլիճում անցկացվում են խորհրդարանական խմբակցությունների և խմբերի հրատապ նիստեր, կան կողասրահներ և մամուլի օթյակներ, որտեղ անցկացվում են ասուլիսներ, ճեպազրույցներ, հարցազրույցներ և այլն։

Խորհրդարանական լսումների և կոնկրետ հարցերի քննարկումների ընթացքում երրորդ հարկի ճեմասրահի նիստերի դահլիճում ներկայացվում են թեմատիկ տեղեկատվական ցուցադրություններ։ Պարբերաբար անցկացվում են գեղանկարչության, գրաֆիկայի, ժողովրդական ստեղծագործությունների, լուսանկարչության, գրքի, վավերագրական, թանգարանային և այլ ցուցադրություններ։

«Ռադա» համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի յուրաքանչյուր ժողովրդական պատգամավորի ամրակցված է անհատական ​​աշխատատեղ՝ հագեցած «Ռադա-4» համակարգի էլեկտրոնային վահանակով, համապատասխան գործառույթներով՝ գրանցում, քվեարկություն, նստատեղից ելույթի ձայնագրություն, նստատեղից ելույթի խոսափող և մինի մոնիտոր։ Համակարգի շահագործողը Անատոլի Մորոզովն է։

Մինի-համակարգչի միջոցով կարելի է նման տեղեկատվություն ստանալ Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընթացիկ լիագումար նիստի ընթացքի մասին․

  • Լիագումար նիստի օրակարգ,
  • Ընթացիկ հերթագրում՝ տեղից ելութի համար,
  • Քվեարկության ընդհանուր արդյունքներ, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների (խմբերի) և անվանական քվեարկության վերաբերյալ տեղեկատվություն,
  • պատգամավորական կորպուսի կազմ,
  • Ժողովրդական պատգամավորների նույնականացում՝ օգտագործելով կենսաչափական բնութագրերը (սա հիմնական տարբերությունն է նախորդ Ռադա-3 համակարգից, սակայն այս գործառույթը երբեք չի գործարկվել)
  • Պատգամավորների համար հարցի կոլեկտիվ քննարկմանը մասնակցելու հնարավորություն (առցանց)։

Նախագահության սեղանի ձախ և աջ երկու անկյունային օթյակներում տեղադրված են Ռադա-4 տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի մեծ էկրաններ։

Պարիսպ Գերագույն Ռադայի շենքի շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 20-ին Գերագույն Ռադայի մոտ տեղի է ունեցել բազմահազար աֆղանական պատերազմի մասնակիցների և չեռնոբիլցիների ցույցը՝ ընդդեմ արտոնությունների վերացման։ Ցուցարարներից ոմանք տապալել են ցանկապատը, իսկ 12 աֆղանցիներ ներխուժել են շենքի ճեմասրահ[2]։ Այդ իրադարձությունից հետո պարիսպը տեղափոխվեց գիշերը[3], իսկ մի քանի օր անց Գերագույն Ռադայի շենքը ցանկապատվեց ավելի քան 2 մ բարձրությամբ մեկ այլ ցանկապատով[4]։ Կարճ ժամանակում պարիսպը մի քանի անգամ քանդվել ու նորից տեղադրվել է, ընդ որում աշխատանքները հաճախ կատարվել են մթության քողի ներքո[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В Раде избавились от «Цветущей Украины» Արխիվացված 2016-09-06 Wayback Machine. Потолок в Верховной раде решили декоммунизировать. Депутаты закрыли художественное панно «Цветущая Социалистическая Украина». — Дни.ру, 5 сентября 2016
  2. «Как ветераны-афганцы штурмовали Раду» Արխիվացված 2017-08-31 Wayback Machine, «Украинская правда»
  3. «За ночь Верховную Раду от протестов спрятали за забор» Արխիվացված 2017-08-31 Wayback Machine, «Украинская правда»
  4. Баркар, Дмитрий «У Верховной Рады построили» загадочную «высокую ограду» Արխիվացված 2012-01-06 Wayback Machine, «Радио Свобода»(ուկր.)
  5. «Королевская увидела под Радой бригаду сварщиков» Արխիվացված 2017-08-31 Wayback Machine, «Украинская правда»