Ոջլախոտ գարշահոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոջլախոտ գարշահոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Գորտնուկազգիներ
Տեսակ Ոջլախոտ գարշահոտ
Լատիներեն անվանում
Delphinium foetidum


Ոջլախոտ գարշահոտ (լատին․՝ Delphinium foetidum), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդուր հոտով 15-50 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է, որը խիտ ծածկված է գեղձային մազիկներով։ Կոթունավոր տերևները երկար են, կլորավուն ուրվագծով, եռաբաժան և կտրտված են ռոմբաձև–կլորավուն մասերի։ Ողկույզները սակավածաղիկ են։ Ծաղիկները զիգոմորֆ են, ունեն խթան։ 25 մմ երկարությամբ ծաղկապատի մասերը կապույտ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Արագածի (լեռնագագաթ՝ Արագած) և Զանգեզուրի (լեռնագագաթներ՝ Մեծ Իշխանասար, Կապուտջուղ, Ֆառական, Յաղլու) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Ղարաբաղում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2700-3600 մ բարձրությունների վրա, չինգիլների, քարաթափվածքների վրա։ Ծաղկում է հուլիս–օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Կովկասի էնդեմիկ է։ Արեալը մասնատված է։ Տարածման շրջանների մակերեսը 20000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանների մակերեսը՝ 2000 կմ²-ից պակաս։ Տեսակին աճելավայրերի պայմանների փոփոխության և ներքին գործոնների պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արագածի ալպյան» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.