Շահեն Ասլանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | հունվարի 10, 1948 (78 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1974) |
| Մասնագիտություն | նկարիչ և խեցեգործ |
| Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Շահեն Վահանի Ասլանյան (հունվարի 10, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, խեցեգործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահեն Ասլանյանը ծնվել է 1948 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1967 թվականից մասնակցել է միջազգային և համամիութենական ցուցահանդեսների։ 1986 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Պարգևատրվել է «Վարդգես Սուրենյանց» մեդալով։
Ասլանյանի աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի ազգագրության թանգարանում։ Նրա կտավները զարդարում են աշխարհի շատ երկրների (Ռուսաստան, Կանադա, ԱՄՆ, Արգենտինա, Չեխիա, Հունգարիա և այլն) մասնավոր հավաքածուներ։
2014 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Հայաստանի նկարիչների միությունում[1][2]։
Կապերն այլ հայ նկարիչների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահեն Ասլանյանը ծնվել է հայրենադարձների ընտանիքում: Նկարչի ընտանիքը վերադարձել է հայրենիք 1946 թվականին Իրանից։ Վաղ հասակում պարբերաբար հաճախել է 20-րդ դարի հայկական գեղանկարչության մեծ վարպետներ Երվանդ Քոչարի, Հարություն Կալենցի, Արա Բեքարյանի արվեստանոցներ, որոնցից մեծապես ազդվել է։ Ուսանողական տարիքում ԱՄՆ-ում գտնվող ընկերոջ միջոցով ծանոթանում է Արշիլ Գորկու գործերին։ Արշիլ Գորկու աշխատանքները մեծ ազդեցություն են թողնում Շահեն Ասլանյանի վրա, ում գեղանկարչական աշխատանքների ճնշող մեծամասնությունը կատարված են աբստրակտ էքսպրեսիոնիզմի ոճի մեջ.[3] այն նույն ոճի, որի հիմնադիրն է համարվում Արշիլ Գորկին։ Ավելի հասուն տարիքում եղել է անվանի հայ նկարիչ Էդուարդ Արծրունյանի ընկերը։

Աբստրակտ աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահեն Ասլանյանի աբստրակտ աշխատանքներն առանձնանում են հիմնականում վառ գունային գամմայով և ջերմությամբ, որոնցից զգացվում է նրա արվեստի ընդգծված հայկականությունը։ Հեղինակն իր աբստրակտ աշխատանքներին սովորաբար անուն չի տալիս, քանի որ համոզված է՝ նկարների անուններն անհարկի կաղապարում են ինչպես ստեղծագործողին, այնպես էլ արվեստի գործը դիտողին, մինչդեռ աբստրակտ արվեստի գործը պետք է հնարավորություն տա դիտողին ձևավորելու նկարի վերաբերյալ իր ուրույն ընկալումն ու մեկնաբանությունը։

Հեղինակի աբստրակտ աշխատանքներն ընդհանուր առմամբ կարելի է դասել աբստրակտ էքսպրեսիոնիզմի ոճին, սակայն Ասլանյանը ձգտում չի ունեցել պարփակվել մեկ ոճի մեջ, և նրա աբստրակտ կոմպոզիցիաներում հաճախ կարելի է նկատել կուբիզմի, ֆովիզմի և այլ գեղանկարչական ոճերի դրսևորումներ։
Պատկերասրահ 2014-ի անձնական ցուցահանդեսից
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Շահեն Ասլանյանի անհատական ցուցահանդեսը
- ↑ Նկարիչների միությունում բացվել է Շահեն Ասլանյանի անհատական ցուցահանդեսը(չաշխատող հղում)
- ↑ iravabannet (2025 թ․ մարտի 11), «Չարքաշ աշխատանք է, որը պատճառում է միայն հաճույք»․ նկարիչ Շահեն Ասլանյան, Վերցված է 2025 թ․ մարտի 31-ին