Նորայր Սարուխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորայր Սարուխանյան
Ծնվել է1935
ԾննդավայրՏեղ, Գորիսի շրջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1958)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունպատմաբան և հրապարակախոս

Նորայր Բագրատի Սարուխանյան (1935, Տեղ, Գորիսի շրջան), պատմաբան, հրապարակախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորայր Սարուխանյանը ծնվել է 1935 թվականի մայիսի 1-ին Տեղ գյուղում[2]։ Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1953 թվականին ընդունվել և 1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1958-1962 թվականներին աշխատել է Հանրապետության կոմերիտական մարմիններում, այնուհետև՝ որպես ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հեռուստառադիոպետկոմի ռադիո֊հաղորդումների պրոպագանդայի խմբագրության ավագ խմբագիր։ 1963 թվականին Սարուխանյանն ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան (գիտական ղեկավարն էր Աշոտ Հովհաննիսյանը)։ Այն ավարտելուց հետո, մինչև 1970 թվականն աշխատել է ինստիտուտում, նախ՝ որպես կրտսեր, այնուհետև՝ ավագ գիտաշխատող։ Այդ տարիներին նա հրատարակում է պատմության վերաբերյալ բազմաթիվ գիտական հոդվածներ։ Հատկապես գիտական հասարակության ուշադրությանն է արժանանում «Պատմագրության մեջ Ներսես Աշտարակեցու գործունեության գնահատման հարցի շուրջ» հոդվածը, որը խորհրդահայ պատմագրության մեջ XIX դարի առաջին երեսնամյակի հայ ազատագրական շարժման նշանավոր գործչի վերաբերյալ առաջին գիտական հրապարակումն էր։ 1968 թվականին Սարուխանյանը պաշտպանում է «Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման պրոբլեմը մինչհեղափոխական հայ պատմագրության մեջ»[3] թեմայով թեկնածուական ատենախոսությունը, որը, որպես մենագրություն, Աշոտ Հովհաննիսյանի խմբագրությամբ, լույս է տեսնում 1971 թվականին։ 1970-1986 թվականներին Նորայր Սարուխանյանն աշխատում է որպես «Խորհրդային Հայաստան» օրաթերթի խմբագրի առաջին տեղակալ։ Նա մեծ ջանքեր է գործադրել Հանրապետության առաջատար թերթի գաղափարական և ազգային ուղղվածությունն ապահովելու, թեմատիկան արդիականացնելու ասպարեզում։ ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության 1985 թվականի մայիսի 13-ի հրամանագրոով «Ժուռնալիստիկայի բնագավառում կատարած բազմամյա ակտիվ աշխատանքի համար և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ» Նորայր Սարուխանը պարգևատրվել է գերագույն խորհրդի պատվոգրով։ Հեղինակ է «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրված «Սիոնիզմի և պանթուրքիզմի դաշինքը», «Պատմության դասերն ընդդեմ նենգափոխության», «Ցեղասպանության կեղծարարները պատմության դատաստանի առաջ», «Հեղափոխական Ռուսաստանը և հայ հասարակական միտքը» և բազում այլ հոդվածներ։

1980-1991 թվականներին Նորայր Սարուխանյանը վարել է «Հայ գիրք» հանրապետական վարչության գլխավոր տնօրենի պաշտոնը։ Ավելի քան երկու տասնամյակ աշխատելով մամուլում և «Հայ գիրք» վարչությունում՝ Սարուխանյանը չի թողել գիտական ասպարեզը։ Այդ տարիներին նա գիտական հոդվածներ է տպագրել Հանրապետության առաջատար պարբերականներում։ 1980-ական թվականներին լույս տեսան նրա՝ «Ստ․Շահումյանի պատմագիտական հայացքները» և «Սիոնիզմի իսկական դեմքը» գրքույկները։ Ստեփան Շահումյանի մասին իր ուսումնասիրության մեջ հեղինակը ցույց տվեց, որ հայ ժողովրդի պատմական անցյալի այլևայլ երևույթների, համաշխարհային տարբեր անցքերի անդրկվկասյան և ռուսական իրականության զանազան իրադարձությունների՝ Շահումյանի խորաթափանց և պատմականության դիրքերից տրված դիպուկ գնահատականներն անանց մտավոր արժեքներ են։

«Սիոնիզմի իսկական դեմքը» գրքույկը խորհրդային ժամանակշրջանում առաջին հայերեն հրատարակությունն էր, որտեղ ցույց էր տրվում , որ սիոնիստներն իրենց շարժման քաղաքական նպատակների համար եռանդուն ջանքեր էին գործադրում հայկական հարցը մանրադրամ դարձնելու թուրք-սիոնիստական հարաբերությունների շուկայում։ Եվ դա նրանց հաջողվեց հատկապես երիտթուրքերի հետ շփումների, Հայոց ցեղասպանության իրագործման նախօրյակին և ընթացքում։

Նորայր Սարուխանյանը 1991-1993 թվականներին աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի գիտական քարտուղար, իսկ դրանից հետո՝ Պատմության ինստիտուտում՝ որպես առաջատար գիտաշխատող։ 1997 թվականին պատմության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ լույս է տեսնում Նորայր Սարուխանյանի «Հայակակն հարցը մինչ խորհրդային Հայ հասարարական-քաղաքական մտքի և պատմագրության մեջ» աշխատությունը, որը հաջորդ տարում պաշտպանվում է որպես դոկտորական ատենախոսություն։ Նույն թվականին հրատարակվեց Նորայր Սարուխանյանի «Լեոն և հայկական հարցը» գրքույկը[4], 2008 թվականին լույս տեսավ «Ալեքսեյ Ջիվելեգովը որպես պատմաբան հայկական հարցը» մենագրությունը։

Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման և հայկական հարցի պատմությանը նվիրված ուսումնասիություններում Սարուխանյանն անդրադարձել է նշանավոր բոլոր հեղինակություններին՝ պատմաբաններ, գրողներ, Հասարակական-քաղաքական հայտնի դեմքեր, երևելի եկեղեցական գործիչներ, և վերլուծելով նրանց հայեցակետը։ ԽՍՀՄ -ի կազմալուծումից հետո, 1992 թվականի սկզբից հանրապետական ընդդիմադիր մամուլում Նորայր Սարուխանյանի տպագրած հրապարակախոսական հոդվածներից էին՝ «Հայաստանը «Թուրքական հրաշքի» ցոլքի տակ», «Ավետիք Իսահակյանը հրամայում է», «Խաչատուր Աբովյանի խանդավառ երգը և մշտամնավերքը», «Քաղաքական արկածախնդիրը ազգային գաղափարախոսի դերում»,«Ազգակործան աննախընթաց արտագաղթը», «Մտքի պատմաբանը և պայքարի պատմությունը», «Թուրքիայի կովկասյան հանձնարարականները երեկ և այսօր» և այլ հարապարակումներ։

2013 թվականին հրատարակվեց Ն․ Սարուխանյանի «Հայ պատմագիտությունը 19֊րդ դարում և 20֊րդ դարասկզբին» խորագրով մենագրությունը։ Գրքում լայնությամբ և խորությամբ երևում է, որ անկախ քաղաքական հայացքներից, իրենց ստեղծագործություններում ազգային շահին ծառայելուն էին հետամոտ հայ պատմագրության նոր ժամանակաշրջանի բոլոր հեղինակերը՝ Մ․ Էմինն ու Ղ․ Ալիշյանը, Ա․ Գարագաշյանն ու Ք․ Պատկանյան, Մ․ Օրմանյանն ու Լեոն, Ալ․ Երիցյանն ու Գր․ Խալաթյանցը, Ն․ Ադոնցը, Ալ․ Ջիվելեգովը։ Այս մասին գրքի հեղինակը հանգամանորեն պատմում է «Հայ նոր պատմագիտության երախտավորները» ակնարկաշարում։

Նորայր Սարուխանյանը վախճանվել է 2018 թվականի հունվարին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՆՈՐԱՅՐՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ.ԳԻՏՆԱԿԱՆՆ ԳԻՏՆԱԿԱՆՆՈՒՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԸ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԸ(չաշխատող հղում)
  2. http://lraber.asj-oa.am/220/1/24_Stepanyan_S._(226).pdf(չաշխատող հղում) http://lraber.asj-oa.am/220/1/24_Stepanyan_S._(226).pdf(չաշխատող հղում)
  3. Սարուխանյան, Նորայր Բագրատի (1971). Հովհաննիսյան, Աշոտ Գարեգինի (ed.). Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացման պրոբլեմը մինչհեղափոխական հայ պատմագրության մեջ = Проблема присоединения восточной Армении к России в дореволюционной армянской историографии. Պատմության ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.
  4. Սարուխանյան, Նորայր Բագրատի (1998). Լեոն և հայկական հարցը. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ. Երևան: Ոսկան Երևանցի.

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]