Նոտատպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոտատպագրություն, մելոտիպիա (< հուն. melo – մեղեդի և tipia – տպագրություն), նոտային (երաժշտական) տեքստերի պոլիգրաֆիական բազմացումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնավորվել է գրատպության գյուտից անմիջապես հետո՝ 15-րդ դարի կեսերին։ Նոտաներով առաջին տպագիր գրքերը եկեղեցական ծիսամատյաններ էին՝ ծիսական կրկներգերի նոտաներով, որոնց հնգագծերը տպագրվել, իսկ նշանները ձեռքով ավելացվել են։ Առաջին ձուլածո նոտային նշաններով տպագրությունն իրականացրել է իտալացի Օտտավիանո Պետրուչին (1480)։

Մետաղի վրա փորագրության տեխնիկայի զարգացմամբ զգալիորեն հեշտացել է նոտաների նշանների պատրաստումն ու բարդ նոտային տեքստերի տպագրությունը։ Իսկ 18-րդ դարի վերջին վիմագրության հայտնագործմամբ նոտագրության փորագիր տպաձևերը փոխարինվել են վիմագրական քարի կամ հարթ մետաղական մակերեսին բնագրի փոխանցման և տպածոյի պատրաստման տեխնիկայով։ 20-րդ դարի սկզբին նոտագրության տպաձևը պատրաստվել է լուսամեխանիկական եղանակով։

Ներկայում բնագիրը պատրաստում են համակարգչային հատուկ ծրագրերով ու նոտային գրանշաններով և տպագրում։

Հայ իրականության մեջ եկեղեցում ընթերցման տպագիր տեքստերում նախ ավելացրել են առոգանության նշաններ (ձայնը բարձրացնել-իջեցնելու համար), ապա՝ նաև բուն նոտաներ (խազեր՝ շարականներ և այլ հոգևոր երգեր երգելու համար)։ Հին հայկական ձայնանիշներով առաջին Շարակնոցը տպագրել է Ոսկան Երևանցին 1663 թվականին Ամստերդամում, ապա՝ Թովմաս Վանանդեցին՝ 1698 թվականին, 1699 թվականին՝ Աստվածատուր Դպիր Կոստանդնուպոլսեցին Կ. Պոլսում՝ «Ձայնքաղ Շարական», որը մինչև 1743 թվականը մի քանի անգամ վերահրատարակվել է։ Ներկայում Հայաստանում նոտատպագրության բնագրերի պատրաստումը կատարում է հիմնականում «Կոմիտաս» հրատարակչությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։