Ծիսամատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ծիսամատյան, Ծիսակագրություն, եկեղեցում գործածվող՝ գործնական-արարողական կիրառություն ունեցող սրբազան մատյաններ։

Ծեսի և դրա հետ կապված Ծիսական ձևավորումը կապված է ընդհանրական եկեղեցու՝ որպես վարչարչական միավորի, կազմավորման հետ (I դ. վերջ)։

Ծիսամատյան (առհասարակ ծիսական գրակրականությունը), սկզբնավորվել է հին հրեական իրականությունում։ Իբրև այդպիսին հին կտակարանում առկա են ծեսի (գլխավորաբար զոհաբերման և օծման) մի շարք նկարագրություններ (Ղևտ. 9.3–22, Ա Թագ. 16.13, Գ Թագ. 18.31–39 ևն)։ Նոր կտակարանում (Մատթ. 3.11, Ղուկ. 3.21) ու Եպիփան Կիպրացու Ավետարանի մեկնության մեջ (Մատենադարան, ձեռ. դ 949, 4750) տրվում են Պատարագի և Մկրտության վաղագույն նկարագրություններ։ Հայ եկեղեցու արարողակարգում առկա են Ավետարանը և Ժամագիրք, Շարակնոց, Ճաշոց, Հայսմավուրք, Տոնացույց, Խորհրդատետր-Պատարագամատույց, Մաշտոց Ծորածոի ծիսամատյանները։ Առաջինները կիրառվում են գիշերային, առավոտյան, արևագալի, երեկոյան, խաղաղական և հանգստյան ժամացությունների ժամանակ, իսկ Մաշտոցը՝ անդաստանների գարնանացանն ու աշնանացանը, ջրօրհնեքը, պսակադրությունները, ննջեցյալների թաղումը, մանկանց մկրտությունը կատարելիս։ Հայ եկեղեցական մատենագրության մեջ ծեսի մասնակի նկարագրություններ տրվում են Ստեփանոս Սյունեցու, Խոսրով Անձևացու և Ներսես Լամբրոնացու՝ ժամակարգությանը և պատարագին նվիրված աշխատություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png