Նշենի նաիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նշենի նաիրյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Նշենի
Տեսակ Նշենի Նաիրյան
Լատիներեն անվանում
Amygdalus nairica
Fed. et Talcht.

Նշենի Նաիրյան (լատին․՝ Amygdalus nairica), վարդազգիներ ընտանիքին պատկանող 1 մ բարձրությամբ տերևաթափ փոքր փշոտ ծածկասերմ թուփ։ Ճյուղերը գրեթե սողացող են։ Ընձյուղները վառ ծիրանագույն են, տերևները՝ նեղ նշտարաձև մերկ, կիսակաշվեկերպ, կապտականաչավուն, 1,5-3 սմ երկարությամբ և 0,6-0,9 սմ լայնությամբ, սեպաձև հիմքով, ատամնասղոցաեզր։ Տերևակոթունը հասնում է մինչև 0,8 սմ երկարության, ծաղիկները միայնակ են, գրեթե նստադիր, բաց վարդագույն։ Պտուղները գրեթե գնդաձև են՝ թավշանման խավով ծածկված։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին՝ տերևները բացվելուց առաջ։ Պտուղները հասունանում են սեպտեմբերին։ Տաք և չոր երկրների բույս է[1]։

Տիպիկ հայկական բույս է, Հայաստանից դուրս վայրի վիճակում չի հանդիպում։ Հայաստանում դրա բուսուտները աննշան տարածություն են զբաղեցնում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում[1]։

Հանդիպում է Զանգեզուրի ստորին լեռնային գոտում, չոր, քարքարոտ, ժայռոտ լանջերում, ծովի մակերևույթից 900-1500 մ բարձրությունների վրա։ Ավելի հաճախ հանդիպում է Մեղրու շրջանում, հատկապես Մեղրիի և Վարդանաձորի շրջակայքում։ Գորիսի շրջանում աճում է ցածրադիր գոտու անբերրի լեռնալանջերում։ Բազմանում է սերմերով[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փռված ճյուղավորված 1-2 մ բարձրությամբ փշոտ ճյուղերով ոչ բարձր թուփ է։ 2-2,5 (3) մ երկարությամբ և 0,6-0,8 սմ լայնությամբ երկարավուն նշտարաձև տերևները թույլ հաստակաշի են, մերկ, ամբողջաեզր կամ աղեղնաձև սղոցաեզր։ Թավշային կորիզապտուղները ձվաձև-օվալ են, տափակած և կարճ սրածայրով[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է Զանգեզուրի (Որոտան գետի կիրճ) և Մեղրու (Արաքս գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում[2]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 600-1800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, քարաթափվածքների վրա, ժայռոտ տեղերում, ֆրիգանանման բուսականության մեջ, արիդ նոսրանտառում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-սեպտեմբերին[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հարավային Կովկասի էնդեմիկ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 416։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.