Նիկոլաևյան քաղաքային հիվանդանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաևյան քաղաքային հիվանդանոց
Տեսակտեսարժան վայր և շինությունների համալիր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրված է1890
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Նիկոլաևյան քաղաքային հիվանդանոց (ռուս.՝ Николаевская городская больница), հիվանդանոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաևյան հիվանդանոցի նախագիծը

Ռոստովի քաղաքային հիվանդանոցը, որը բացվել է 1856 թվականին, երկար տարիներ գործել է վարձակալած շենքում։ 1857 թվականին կազմված սեփական շենքի կառուցման նախագիծը չի իրականացվել քաղաքային միջոցների անբավարարության պատճառով[1]։ 1884 թվականին հիվանդանոցը տեղավորվել է Կարմիր խաչի հոսպիտալի բարաքներում, որոնք շտապ կառուցվել էին 1877 թվականին՝ ռուս-թուրքական պատերազմի պատճառով։ Բարաքները չէին հերիքում, այնտեղի հիգիենան անբավարար էր, և Քաղաքային դումայի որոշմամբ 1890 թվականի գարնանը սկսվեց հիվանդանոցների նոր հիմնական շենքերի կառուցումը։ Բացի այդ, նախատեսվում էր սեփական հիվանդանոցային եկեղեցու շինարարությունը։ Ընդհանուր նախահաշիվը կազմել էր զգալի գումար` գրեթե 400 հազար ռուբլի, հետևաբար, քաղաքի գանձարանից բացի, օգտագործվեցին նաև քաղաքացիների նվիրատվությունները։ «Վեդոմոստի Ռոստովսկոյ-նա-դոնու գորոդսկոյ ուպրավի» թերթը հաղորդում էր, որ «նվիրատվությունների հոսքը զգալիորեն առաջ է շինարարության տեխնիկական հնարավորություններից»[1]։

Հիվանդանոցի հանդիսավոր հիմնարկեքը տեղի է ունեցել 1890 թվականի ապրիլի 18-ին, և սկզբնապես այն անվանվեց Կարմիր խաչի հիվանդանոց։ Հետագայում այն ստացավ «Նիկոլաևյան» անվանումը` քաղաքացիների խնդրանքով ի հիշատակ Հնդկաստան, Չինաստան և Ճապոնիա (հենց այստեղ է տեղի ունեցել միջադեպը) ճամփորդության ընթացքում կատարված մահափորձի ժամանակ թագաժառանգ Նիկոլայ II-ի փրկության[2]։

Հիվանդանոցի նախագիծը, ներառյալ Կարմիր խաչի քարե եկեղեցին (Սուրբ Միքայել Հրեշտակապետ եկեղեցի), մշակել է ռոստովցի ճարտարապետ Նիկոլայ Սոկոլովը։ Նախագծով նախատեսվում էր կառուցել 13 շենք` մեկ երեքհարկանի (վարչական շենք), երկու երկհարկանի և տասը մեկհարկանի։ 20-րդ դարի սկզբին հիվանդանոցն արդեն ուներ հերձարան, ամբուլատորիա, լվացքատուն, հոգեկան հիվանդների կացարան և պաստերյան կայան[1]։

Հիվանդանոցի համայնապատկերը (կենտրոնում Կարմիր խաչի եկեղեցին է)
Կարմիր խաչի եկեղեցին (քանդված է)

Շինարարության ընթացքում նախագծային լուծումը փոխվել է, արդյունքում կառուցվել է ճարտարապետական համակառույցը կազմող տարբեր նշանակության մոտ 30 շենք։ Մասնաշենքերը միմյանցից բաժանվում էին այգիներով, իսկ ամբողջ հիվանդանոցը Բոլշայա Սադովայա փողոցից` երկուդեսյատինանոց այգիով։ Ռոստովի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, բժշկագիտության դոկտոր Նիկոլայ Պարիյսկու կազմած «Ռոստովի քաղաքային Նիկոլաևյան հիվանդանոցի 1900 թվականի հաշվետվությունում» ասվում է, որ Ռոստովի հիվանդանոցը Ռուսաստանի հարավում լավագույններից մեկն է[1]։

1915 թվականին հիվանդանոցի որոշ տարածքներում տեղավորվել է Վարշավայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որը տեղափոխվել էր Դոնի Ռոստով։ 1922 թվականի սեպտեմբերին Նիկոլաևյան հիվանդանոցը տեղափոխվել է Դոնի Ռոստովի նորաստեղծ թիվ 1 կենտրոնական հիվանդանոց, իսկ նրա բոլոր մասնաշենքերը զբաղեցրել է Վարշավայի համալսարանը, որը վերակազմավորվել է Ռոստովի բժշկական ինստիտուտի։

1960-ական թվականներին գլխավոր մասնաշենքը քանդվել է և նրա տեղում կառուցվել է Ռոստովի բժշկական ինստիտուտի նոր մասնաշենք։ Սկզբնական շինությունների զգալի մասը պահպանվել է Պուշկինի փողոցում և Նախիջևանի նրբանցքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Из истории Николаевской больницы
  2. Мещеряков А. Покушение на жизнь цесаревича Николая. // «Додзё». 2005. № 5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]